Մոսկվայի և Անկարայի պատվիրակությունները քննարկել են Սիրիայի հյուսիսում թուրքական «ռազմական օպերացիայի նախապատրաստումը»․ ռուսական կողմը հավանություն չի տվել այդ քայլին, ինչի պատճառով մարտերի «նախապատրաստությունը» Թուրքիան ստիպված է եղել ընդհատել։ Այս մասին գրել է թուրքական Hürriyet օրեթերթը։
Խոսքը Ռաքքա քաղաքի հյուսիսային ծայրամասի՝ Այն Իսա շրջանում ծրագրված օպերացիայի մասին է: Ըստ նույն աղբյուրի՝ Ռուսաստանը թույլ չի տվել այնտեղ ռազմական գործողություններ անցկացնել և նոր համալրում է ուղարկել տարածաշրջան։
Այն Իսա շրջանում անցնում է M4 մայրուղին, որը միացնում է Հասաքա, Ռաքքա, Դեյր Զոր և Հալեպ քաղաքները:
Hürriyet-ի փոխանցմամբ՝ թուրքական օդուժն արդեն հարվածներ է հասցրել Թել Ռիֆաթի և Մանբիջի ուղղությամբ, որտեղ, ըստ Անկարայի, գտնվում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) օբյեկտները:
Տես նաև՝ Քուրդիստանի «անհետաքրքիր» պատերազմը․ օրագիր
Ռուսաստանի արտգործնախարարն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ստամբուլ․ Լավրով-Չավուշօղլու հանդիպման օրակարգում ռուսական և ուկրաինական հացահատիկը միջազգային շուկաներ հասցնելու համար միջանցքի ձևավորոման և Սև ծովով բեռնատար նավերի անվտանգ երթևեկության հարցն էր։
Այցի ընթացքում Ռուսաստանի արտոգրածնախարարին ռազմական պատվիրակություն է ուղեկցում, հանդիպում է նախատեսված նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության, զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Սիրիայում տիրող իրավիճակի համատեքստում «Աքարը հիշեցրել է, որ պետք է հավատարիմ լինել Սիրիայի հյուսիսարևելյան հատվածի (Իդլիբի նահանգի) վերաբերյալ 2019-ին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը» և շեշտել, թե՝ «տարածաշրջանում ահաբեկչական ներկայությունն անընդունելի է»։
Հիշեցնենք՝ Ապրիլի 18-ին, Ուկրաինայում պատերազմի ամենաթեժ օրերին, ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիան հերթական «հատուկ օպերացիան» է սկսել Իրաքի հյուսիսում, որը հայտնի է որպես Հարավային Քուրդիստան։ Արդեն հունիսի 1-ին Էրդողանը հայտարարեց, որ ռազմական «օպերացիա» է նախապատրաստում նաև Սիրիայի հյուսիսում․ պարբերաբար ռմբակոծվում էին Մանբիջն և Թել Ռիֆաթը։
Թուրքական բանակը գրոհում է թե՛ Քրդական բանվորական կուսակցության պարտիզանների դիրքերը և թե՛ բնակավայրերը, որտեղ, ըստ նրանց, կան պարտիզանական ուժեր։
Քրդական բանվորական կուսակցության անդամներին և համակիրներին թուրքական պետությունը վաղուց ահաբեկիչ է հռչակել․ երկարամյա պատերազմը, որ ծավալվում է Իրաքում և Սիրիայում, պաշտոնական Անկարան և նրան երկրորդող միջազգային մամուլը հաճախ ներկայացնում են որպես «հակաահաբեկչական» գործողություն։ Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները գրեթե չեն լուսաբանվում․ չկան ստույգ տեղեկություններ ո՛չ զոհերի, ո՛չ էլ ռազմական գործողությունների մասին։