Մոտ մեկուկես ամիս առաջ՝ Ուկրաինայում պատերազմի ամենաթեժ օրերին, ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիան հերթական «հատուկ օպերացիան» է սկսել Իրաքի հյուսիսում, որը հայտնի է նաև որպես Հարավային Քուրդիստան։ Պարբերաբար գնդակոծվում են նաև Սիրիայի հյուսիսարևելյան տարածքները։ Թուրքական բանակը գրոհում է թե՛ Քրդական բանվորական կուսակցության պարտիզանների դիրքերը և թե՛ բնակավայրերը, որտեղ, ըստ նրանց, կան պարտիզանական ուժեր։
Քրդական բանվորական կուսակցության անդամներին և համակիրներին թուրքական պետությունը վաղուց ահաբեկիչ է հռչակել․ երկարամյա պատերազմը, որ ծավալվում է Իրաքում և Սիրիայում, պաշտոնական Անկարան և նրան երկրորդող միջազգային մամուլը հաճախ ներկայացնում են որպես «հակաահաբեկչական» գործողություն։ Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները գրեթե չեն լուսաբանվում․ չկան ստույգ տեղեկություններ ո՛չ զոհերի, ո՛չ էլ ռազմական գործողությունների մասին։
Ստորև վերջին տարիներին Սիրիական Քուրդիստանում ապրող և աշխատող ֆրիլանս լրագրող «Լիզա Շիշկոյի» օրագրային գրառումներն են․ վերջինս վարում է «Woman, life, freedom» տելեգրամ-ալիքը և համանուն ինստագրամյան էջը, ռեպորտաժներ և հոդվածներ է գրում նաև Patreon-ում։
Ապրիլի 18
Թուրքիան հայտարարել է Հարավային Քուրդիստանում (Իրաք) Քրդական բանվորական կուսակցության (PKK) պարտիզանների դեմ նոր «ռազմական օպերացիայի» մեկնարկի մասին։
Պարտիզանական ուժերը հաղորդում են, որ Զապում և Սև լեռան (Çiyae Reş) վրա թուրքական դեսանտ է իջեցվել։ Թուրքական բանակի և քրդական պարտիզանների միջև դաժան մարտեր են ընթանում։
Մինչ այդ հյուսիսարևելյան Սիրիայում թուրքական պրոքսիների նոր դիրքերից վերսկսվել են Զիրգանի [Աբու Ռասիմ] և Թել Թեմիրի գնդակոծությունները։
<․․․>
1․ Արդյո՞ք Թուրքիան գրոհում է քուրդ պարտիզաններին հիմա, որովհետև ամբողջ աշխարհը տարված է մեկ այլ պատերազմով։
Ո՛չ, և մի՛ հավատացեք նրանց, ովքեր հակառակն են պնդում։ Թուրքիան կանոնավոր կերպով ռազմական օպերացիաներ է սկսում ընդդեմ «ահաբեկիչների», Էրդողանն էլ քարտեզի վրա ցույց է տալիս, թե որտեղից էր պատրաստվում հարձակումը Թուրքիայի վրա։
Հյուսիսարևելյան Սիրիայում թուրքական պրոքսիները և աշխարհի մեկ այլ հատվածում շատ սիրված Բայրաքթարները հարվածներ են հասցնում ամեն ամիս։ Գրոհներից զոհվում և վիրավորվում են թե՛ զինվորականները և թե՛ քաղաքացիականները։ Իրոք քաղաքացիականները։ Երեխաները, ծերերը, բոլոր նրանք, ովքեր դանդաղ են շարժվում М4 մայրուղով և այլն։ Թուրքական պրոքսիների հետ շփման գծին հարակից Այն Իսա քաղաքը երեկոներն ապրում է առանց լույսի։ Մարդիկ երեկոյան լույս չեն միացնում։ Երբե՛ք։ 2019 թվականի աշնանից լույս չես տեսնի։ Ինչո՞ւ։ Որովհետև լույսը միացնելուն պես տան վրա արկ է ընկնում
2․ Արյդո՞ք Թուրքիան հարձակվում է, որովհետև Ռուսաստանը մի քիչ ուրիշ բանով է զբաղված։
Ոչ, որովհետև Ռուսաստանը սիրիական քրդերի դաշնակիցը չէ։ Ռուսաստանը նրանց Թուրքիայից որևէ կերպ չի պաշտպանում, ինչպես և չեն պաշտպանում ԱՄՆ-ը։ Կարծում եմ, քրդերին պահում են Աստված կամ պարտիզանները, որոնք Հյուսիսային Քուրդիստանում տանջում են թուրքական բանակին։
3․ Ինչպե՞ս է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունն (PDK) օգնում Թուրքիային։
PDK-ն ղեկավարվում է Բարզանի կլանի կողմից։ Բարզանիի կլանը, չեք հավատա, քրդեր են, բայց այստեղ – աշխարհի չափ հին է – ընտանիքի շահերն ազգայինից վեր են։
PDK-ի ուժերը օգնում են Թուրքիային հետախուզման, PKK-ին աջակցող քուրդ եղբայրներին և քույրերին բռնելու գործում։ Կոպեկներով թուրք բիզնեսմեններին են ծախում Քուրդիստանի անտառներն ու պաշարները։ Բարզանի ընտանիքը շատ լավ է ապրում, ոչնչում իրեն չի սահմանափակում։ Նեչիրվան Բարզանին էլ անընդհատ Թուրքիա է գնում-գալիս՝ ձյաձյաներին հաշվետվություն տալու։
Посмотреть эту публикацию в Instagram
Ապրիլի 20
Վերջին մի քանի օրերին PKK-ի դեմ Թուրքիայի ռազմական օպերացիայի մասին ինձ ավելի շատ մարդ է գրել, քան պատերազմի, «ահաբեկչության» և օկուպացիայի այս բոլոր տարիների ընթացքում։ Հիմնականում գրում են ռուսալեզու ինտերնետի մարդիկ, անկեղծ անհանգստանում են։
Ես, իհարկե, ուրախ եմ, բայց ոչ ամբողջ հոգով։ Ու՞ր էիք այս 8 տարիների ընթացքում։ Կատակ եմ անում։
Անգամ այս 6-7 տարիներին, ինչ ես ապրում եմ Քուրդիստաններում՝ պարբերաբար նստած ռմբակոծությունների տակ, նման աժիոտաժի ռուսալեզու համացանցում դեռևս չեմ հանդիպել։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Հույս ունեմ՝ ոչ Ուկրաինայից ուշադրությունը շեղելու ցանկությամբ։ <․․․>
Հին տեքստ (2021-ի հուլիսի 14)՝ թեմայի մեջ․
Կյանքը պատրիզանների հետ
Պարտիզանական ճամբարներ կան գրեթե ամբողջ Թուրքիայում և Իրաքի հյուսիսում։ Բնականաբար, տուրիստական արշավներ այնտեղ չեն լինում։
Առաջին անգամ պարտիզանների հետ ծանոթացել եմ Քանդիլում՝ հսկայական լեռնազանգված Իրաքի հյուսիսում։ Համարում են, որ այստեղ է գտնվում է PKK-ի սիրտը։ PKK-ի սիրտ տանող ճանապարհը հեշտ չէ․ ոլորաններ, փլուզումներ և, իհարկե, պարտիզանական «անցակետեր», այդ թվում նաև գաղտնի։ Գնում ես, բայց սարերից, քարանձավներից քեզ են նայում պարտիզանները։ Դու նրան չես տեսնում, բայց ինքը կա և մենակ չէ՝ մի ամբողջ բանակ։
Պարտիզանների մոտ հայտնվելը գրեթե անհնար է։ Ինչպես ամեն տեղ՝ կապեր են պետք։ Կուսակցության շատ քիչ անդամներ են նախապատրաստություն անցել Քանդիլում։ Շատ պատվաբեր է համարվում, եթե քեզ հաջողվել է գոնե աչքի պոչով տեսնել Քանդիլը։
«Տեսնել Քանդիլը և նոր մեռնել»․ մտածեցի ես, երբ ռադիոյով կրկին հաղորդում էին թուրքական ԶՈՒ-երի ավիահարձակման մասին։
Պարտիզանների հետ հետաքրքիր էր առաջին մի քանի ժամը, իսկ հետո՝ արդեն ոչ այնքան։ Շախմատ, ճաշ, ռմբակոծություններ․ սրանք են այն երեք կետերը, որոնց վրա հենվում է պարտիզանական ժամանցը։
Զուգարան ես ուզում, բայց չի կարելի․ վերևում թուրքական դրոններն են, թաքստոցից դուրս եկար՝ համարի ոչ մի կարիք քո կյանքում էլ չկա։
Զուգարանը Վասնեցովի գլուխգործոցն է՝ մառախուղով պատված անտառ, գետակ․․․ Զգացողությունը, որ քոթոթներն ու նրանց հոգատար մայրը մոտակայքում են, չի լքում։ Ուստի կարիքը հոգալուց առանձնապես չես հապաղում․․․
— Բա ի՞նչ էիր մտածում, մեր ջոկատի պարտիզանուհիներից մեկին արջը տարավ, – ասում է երիտասարդ պարտիզանուհի Բերիտանը։
— Հա, քարանձավում էր նրան պահում, – երկրորդում է մյուսը։
— Կոլումբիայում պարտիզանները ամենից հաճախ օձի խայթոցից են զոհվում, – ասում եմ, – իսկ ձեզ մո՞տ։
Պարտիզան Զինարը ունքերը կիտում և վստահ պատասխանում է․ «Իսկ մեզ մոտ՝ թուրքական ֆաշիզմից»։
Посмотреть эту публикацию в Instagram
Ապրիլի 30
Գիտեք, շատ պետություններում ոնց որ նույն ուղեգրքերը լինեն։
Վերցնենք, օրինակ, Թուրքիան։ Ասենք՝ ինչի՞ է որոշել հիմա ռազմական օպերացիա իրականացնել Իրաքում։ «Որ ապահովի իր սահմանների անվտանգությունը»։
Մոտավորապես նույն պատճառաբանությամբ Թուրքիան 2015 թվականին սպառնում էր գրոհել սիրիական Ջարաբլուս քաղաքը, եթե այն գրավեն Սիրիայում ձևավորված Ժողովրդական Ինքնապաշտպանության Ստորաբաժանումները (YPG)։
Ժողովրդական Ինքնապաշտպանության Ստորաբաժանումներն իրենց հերթին որոշեցին․ «Օյ, սիքտիր արա։ Քաքը որ չես քչփորում՝ հոտ չի գալիս։ Սեփական պրոբլեմներն էլ քիչ չեն։ Եկեք չնեռվայնացնենք Թուրքիային»։ Իսկ հետո՝ 2016 թվականին, Թուրքիան այնուամենայնիվ գրավեց Ջարաբլուսը։ Ոչ բոլորն են հիշում, բայց Աֆրինն առաջին քաղաքը չէր, որը Սիրիայում գրավվեց Թուրքիայի կողմից։
Սիրիայի՝ կալաշներով զինված քրդերը թուրքական բանակին (ՆԱՏՕ-ում հզորությամբ երկրորդ բանակը) չէին կպնում։ Ավելին՝ երբ Իսլամական պետությունը (ԻԼԻՊ, ISIS) Իրաքում և Սիրիայում գրոհում էր քրդական քաղաքները, քրդերն ու հատկապես Քրդական բանվորական կուսակցության` PKK-ի անդամները Թուրքիայից ոտքով էին գալիս՝ ԻԼԻՊ-ի դեմ կռվելու։ ԻԼԻՊ-ի դեմ, ոչ թե թուրքական բանակի։ Ընդ որում՝ այլ պետությունների տարածքում։
Իսկ ինչո՞ւ էր 2019 թվականի նոյեմբերին Թուրքիան ստորագրում «համագործակցության մասին», այսինքն՝ Լիբիա ռազմական ներխուժման մասին պայմանագիրը։ Թուրքիան Լիբիայի հետ սահմաններ չունի։
Ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի մասնակցությունը հարցեր առհասարակ չի հարուցում։ Չնայած պիտի որ հարուցեր։ Երկու ժողովուրդ չեն կարողանում պայմանավորվել, այդ ժողովուրդներից մեկը, այդպես է ստացվել, խոսում է մի լեզվով, որը մոտ է թուրքերենին, այսինքն՝ ադրբեջաներենով։ Արդյո՞ք սա պատճառ է, որ Թուրքիան խառնվի։ Պարզվում է՝ այո։ Չնայած, թվում էր, հայերի Ցեղասպանությունից հետո ավելի լավ կլիներ հանգիստ նստեին տեղները և չերևային, երևալուց էլ՝ ներողություն խնդրեին։
Բայց ամեն բան այդքան պարզ չէ։ Մշակույթի կայսերական բաղադրիչը մեծ դեր է խաղում։ Գիտե՞ք արդյոք երկրներ, որոնք իրենց ճղում են՝ այլ պետությունների տարածքներում «յուրայիններին» պաշտպանելու համար։ Թուրքիան նման երկրներից մեկն է։ Ճիշտ է՝ ոչ միշտ․ Թուրքիան Բուլղարիան չի օկուպացրել, երբ բուլղարական կառավարությունը բռնի ձուլում էր թուրքերին։ Գուցե դե՛ռ չի օկուպացրել։
Բայց Թուրքիան խնամքով պաշտպանում է «յուրայիններին» Սիրիայի և Իրաքի սահմանին։ Քրդերը իրենց «յուրային» չեն համարում։ Ինքներդ եք հասկանում՝ նրանք Թուրքիա պետության հետ երկար պատմություն ունեն, թուրք հյուրերը շատ երկար են լռվել Քուրդիստանում։ Ավելին՝ սկսել են զանգվածաբար կոտորել քրդերին։ Եվ դա «ահաբեկչական» բանվորական կուսակցության հայտնվելուց շատ ավելի շուտ է եղել։ 1938-1939 թվականներին, երբ Թուրքիան Դերսիմում մոտ հարյուր հազար քրդերի կոտորեց, «ահաբեկիչներ» չկային։
Բայց Թուրիքայում «ահաբեկիչների» էին գտնում պատմության ողջ ընթացքում։ Հայերը, ասորիները, լազերը և շատ ուրիշները լցնում էին թուրքական բանտերը, որոնցում խոշտանգումները կարծես կրկնօրինակում էին նման այլ պետությունների բանտերի խոշտանգումները։
Վաղը մայիսի 1-ն է։ Ստամբուլի Տաքսիմ հրապարակը 10 կմ շառավիղով փակ է։ Շուրջբոլորը մենթեր են․․․ Ի դեպ, Տաքսիմի հրապարակը չի փակվել մի քանի տարի միայն՝ անցյալ դարից ի վեր, այն պահից, երբ 1977 թվականի մայիսի 1-ին ոստիկանները այս հրապարակում 42 մարդու սպանեցին։ <․․․ >
Մայիսի 5
Հարավային Քուրդիստանի (Իրաքի հյուսիս) լեռներում թուրքական բանակի հետ իսկական խփոցի է։
Միևնույն ժամանակ Իրաքի բանակը Շենգալում (Սինջար) սեղմում է եզդիներին։ Եթե հիշում եք, եզդիներն այն համայնքն են, որ ԻԼԻՊ-ից ավելի է տուժել, քան նույնիսկ տարածաշրջանի քրիստոնեական համայնքները։
Պարզ է, իհարկե, որ Սինջարում սովորական եզդիներ չեն ապրում, որ առանց PKK-ի պարտիզանների նրանք չէին դիմակայի ԻԼԻՊ-ին, ինչպես առանց PKK-ի պարտիզանների չէին դիմակայի ԻԼԻՊ-ին նաև Ռոջավայում։
Մի խոսքով, քրդական հեղափոխության վրա հարձակվում են բոլոր կողմերից։ Իրավիճակը, անկեղծ ասած, ծանր է։
Երեկ ընկերներիս էին այցելել՝ քրդական մի ընտանիք։ «Կուլիչե» էին սարքել՝ թխվածք, որ պատրաստում են Իդ-ալ-Ֆիտրու (Ուրազա Բայրամ) տոներին, և հրավիրել ինձ։ Հարցնում եմ՝ ի՞նչ եք մտածում այս հարձակումների մասին։ Ասում են․ «Իսկ ի՞նչ մտածել։ Մտածելու ժամանակ չկա, երեխեքին կերակրել է պետք։ Շուտով ամառ է, Թուրքիան ջուրը կփակի։ Սահմանները փակ են։ Էմբարգոն գնալով խստանում է։ Ամեն ինչ թանկանում է։ Ժամանակ չկա»։
Հետաքրքիր է, իհարկե։ Եթե նույնիսկ անել հեղափոխություն՝ ոչ սոված փորին։
Посмотреть эту публикацию в Instagram
Հունիսի 2
Ինչպես գիտեք, Էրդողանը «հատուկ օպերացիա» է հայտարարել նաև հյուսիսարևելյան Սիրիայում՝ տարածքներում, որոնք Ռուսաստանի պատասխանատվության տակ են գտնվում՝ Մանբիջ և Թել Ռիֆաթ։ Արտասահմանյան և ռուսալեզու լուրերը գրում են, որ Մանբիջը երեկվանից բոլոր կողմերից ռմբակոծվում է, կոալիցիաներ են ձևավորվում սիրիական ռեժիմի հետ։
Մի խոսքով։ Ես Մանբիջում եմ, ամեն ինչ առաջվա պես է։ Ինստագրամում լուսանկարներ եմ հրապարակում Մանբիջի հին ամրոցից։ Գնդակոծություններն ու ԱԹՍ-ների հարվածները մեզ մոտ այստեղ ոնց որ թե միշտ են լինում, դեռ առանձնակի փոփոխություններ չկան <…>
Հունիսի 5
Քրդական բանվորական կուսակցության հրամանատարությունը կատեգորիկ է․ նոր Աֆրին, Սերեկանիե կամ Թել Աբյադ չի լինելո՛ւ։ Ասել է թե Թուրքիայի կողմից տարածքների նախկին օկուպացիաներից հետևություններ են արվել, այժմ քրդերը թուրքերին անգամ մի թիզ հող չեն տա։
Բայց Ռոջավայի ռազմական ստորաբաժանումները արդեն որերորդ անգամ սարերում թուրքական բանակին հաղթող Քրդական բանվորական կուսակցությունը չեն։ Ինքներդ դատեք․ Թուրքիան ամեն տարի օպերացիաներ է անում Հարավային Քուրդիստանի լեռներում՝ փորձելով վտարել այնտեղից PKK-ի պարտիզաններին, բայց ֆիասկո է ապրում։ Ընդ որում Թուրքիան և՛ անցյալ տարի, և՛ այս տարի, և՛ 4 տարի առաջ, երբ Քանդիլում ռմբակոծում էին PKK-ի Գլխավոր շտաբը, շատ հիմնովին էր պատրաստվում Հարավային Քուրդիստանի լեռներից դուրս շպրտել PKK-ի պարտիզաններին։
2018 թվականին Ռոջավայում թուրքերը Աֆրինը գրավել են 58 օրում՝ բնակչության զգալի դիմադրության պայմաններում։ Աֆրինից հետո՝ Սերեկանիեի օկուպացիայի ժամանակ, չնայած որ սխալների ուղղում էր արվել – սկսել էին ստորգետնյա թունելներ կառուցել – ռազմիկների և խաղաղ բնակչության մարտական ոգին արդեն ընկած էր։ Աֆրինի գրավումը բարոյապես ոչնչացրել էր մարդկանց։ Ինքան էլ այնտեղ թունելներ սարքեին, մարտերի արդեն 10-րդ օրը Սերեկանիեում երկու-երեք հարյուր զինվորական էր մնացել։ Մարդիկ ուղղակի փախնում էին Սերեկանիեից՝ թողնելով ամեն ինչ։ Թունելներից օգտվում էին միայն հիվանդանոցի տակ՝ վիրավորներին տեղափոխելուց։
«Պինդ կացե՛ք։ Մի՛ լքեք ձեր հողերը», – ասում են PKK-ի հրամանատարները։ Ես համաձայն եմ նրանց հետ, իհարկե։ Բայց իմ մյուս Ես-ը, որը 4 տարի է անցկացրել Ռոջավայում և հասկանում է բոլոր կողմերից սեղմված այս անապատի իրականությունը, հասկանում է նաև, որ PKK-ի հրամանատարներին հեշտ է ասել։
Ես չէի ասի, որ բնակչությունը տրամադրված է արմատապես և մինչև վերջ երեխաների հետ նստել խրճիթներում, որոնք ցնցվում են ռմբակոծություններից։
Վերջերս Սերեկանիեից փախստականների մի ճամբարում էի․ այնտեղի մարդկանց մեծ մասը ծնունդով Քոբանիից են։ Այսինքն, սկզբում մարդիկ Սերեկանիե են փախել Քոբանիի պատերազմից, հետո ստիպված են եղել փախչել նաև Սերեկանիեից։
Այնտեղի երեխաները երբևիցե չեն ապրել մի տեղում, որտեղ պատերը բետոնից են, այլ ոչ թե պլաստիկից։ Նրանք ծնվել և մեծանում են տարբեր վրաններում։
Այս մարդկանց մարտական ոգին, եթե անկեղծ, մի եսիմ ինչ չի։ Ինչի՞ համար պայքարել։ Նրանք ո՛չ բիզնես ունեն, ո՛չ գույք։ Եվ չեն ունենա, անգամ եթե ՆԱՏՕ-ում հզորությամբ երկրորդ բանակի դեմ պատերազմը հաղթեն։ Երկու տարվա ընթացքում Ռոջավայում բնակարանների վարձակալության գներն աճել են մոտ 5 անգամ։ Էմբարգոն և սիրիական ռեժիմի դեմ պատժամիջոցները սպանել են տնտեսությունը, իսկ քրդերն ու նրանց Ինքնավար վարչակազմը Սիրիայի մասն են։
Իմ ենթադրությամբ, եթե կա տեղ, որտեղ մարդիկ մինչև վերջ են կանգնելու, դա Քոբանին է։ Այնտեղ, նախ, հրաշալի թունելներ են, ոչ թե խոնավ ու նեղ դամբարաններ, ինչպես Սերեկանիեում։
Քոբանիի թունելներում կա անհրաժեշտ ամեն ինչ, դրանցով հեշտությամբ մեքենա կարող է անցնել։ Հարձակման դեպքում և ադեկվատ հրամանատարություն ունենալու պարագայում քաղաքն ուղղակի կանցնի հողի տակ․ թող թեկուզ հարյուրավոր Բայրաքթարներ թռչեն։ Երկրորդը՝ Քոբանին ամբողջությամբ ավերվել էր ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի ժամանակ՝ վերածվելով անկոտրում կամքի և հաղթանակի սիմվոլի։ Պատերազմից հետո այն ամբողջությամբ վերակառուցվել է։ Քոբանին իրոք ապրելու համար շատ լավ քաղաք է դարձել, այնտեղ հսկայական միջոցներ են ներդրվել, մարդկանց հաճելի է այնտեղ ապրել, նրանք գիտեն ինչի համար պայքարել։
Посмотреть эту публикацию в Instagram
Մնացած քաղաքների մասին ես իրոք դեռ ոչինչ ասել չեմ կարող։ Դերիկում բնակչությունը շատ հայրենասեր է թվում, մոտակայքում Սեմալկա սահմանային անցակետն է, որը Ռոջավան կապում է Հարավային Քուրդիստանին (Իրաք)։ Այս քաղաքի համար, այսինքն, կարող են դիվանագիտորեն միջնորդել։
Մանբիջը Ռուսաստանի պատասխանատվության ներքո է։ Այնտեղ, քրդերից բացի, բնակչության մեծ տոկոս են կազմում արաբներն ու թուրքմենները։ Կան նաև այլ ժողովուրդներ, բայց ոչ այդքան շատ։ Թել Թեմիրն ու Այն Իսսան պրոբլեմատիկ գոտիներ են, որտեղով, հույս ունեմ, հակագրոհ կիրականացվի, եթե Թուրքիան հարձակվի Մանբիջի վրա․․․
Ընդհանուր առմամբ, առանց հակագրոհի, ընդ որում՝ Քուրդիստանի ամբողջ տարածքով, այդ թվում նաև հյուսիսում, որը Թուրքիայի հսկողության ներքո է գտնվում, որևէ դրական ելքի հույս ունենալ չարժի<․․․>
Հուլիսի 7
Կան պատերազմի որոշ հետևանքներ, որոնք ակնհայտ են միայն տեղացիների համար և գրեթե երբեք հասկանալի չեն արկածախնդիր օտարերկրացիներին, դիտորդներին, վերլուծաբաններին և ուրիշ կարևոր և շատ պետքական մարդկանց։
«Պատերազմից առաջ կինս Կամիշլոյում կարող էր ինքնուրույն գնացք նստել և գնալ Դեյր-էլ-Զոր։ Հիմա նման բան երևակայլն անգամ հեշտ չէ», – պատմում է Մուհամեդը, որը ծնունդով Կամիշլոյից է, – «Եղբայրս, որը երկաթգծում մեքենավար էր աշխատում, նույնիսկ տվել է Ռաքայից Հալեպ ճանապարհին «ղեկը պահեմ»»։
Պատերազմի ժամանակ Խոմս քաղաքի մոտ պայթեցրել էին երկաթգիծը, այդ ժամանակցանից գնացքներ չեն գնում։ Քաղաքից քաղաք հնարավոր է հասնել միայն խախուտ մարշրուտկայով։ Երկաթգիծը վերականգնում են, բայց շատ դանդաղ․ հյուսիսարևելյան Սիրիայում մոտ ապագայում գնացք սպասել, իհարկե, չարժի։
Կամիշլոյից Հասաքա քաղաքին մոտենալիս կարելի է երկաթգծի մի հատված տեսնել․ այնտեղ հովիվներ են նստած, մոտակայքում ոչխարներ են արածում։
Ճանապարհի այս հատվածում ձմեռները գարշահոտ է տարածվում՝ աղտոտված Ջաղջաղ գետն է։ Ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է գետից։ Ամառները այն լրիվ չորանում է, ինչը ուրախացնում է գարշահոտությունից տանջվող բնակիչներին։
«Երբ ես փոքր էի, հաճախ լողում էի այս գետում։ Շատ խորն էր, ջուրն էլ՝ մաքո՜ւր-մաքուր», – հիշում է Մուհամեդը։ Գետն անհետացել է գնացքների հետ միասին․ Թուրքիան սկսեց փակել Եփրատի ջրերը, որոնք հոսում էին Սիրիա։
Ի դեպ, Թուրքիայի մասին։ Քարտեզում Կամիշլոյից Հալեպ տանող երկաթգիծն է, որն անցնում է Թուրքիայի հետ սահմանի երկայնքով։ Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադն այն վաճառել է Թուրքիային։
update — տես նաև՝ Թուրքիան ու Ռուսաստանը ճշտվում են իրենց պատերազմների շուրջ (հունիսի 8)