Home / Համայնքներ / Երևանաբնակ նախկին լաչինցիներին այլևս չեն սպառնում

Երևանաբնակ նախկին լաչինցիներին այլևս չեն սպառնում

Քաշաթաղցիները, ովքեր 2020թ․-ին պատերազմի պատճառով տարհանվել էին Երևան ու բնակեցրել Նորք Մարաշում գտնվող կիսաքանդ շենքերից մեկը, այժմ կկարողանան Սոցապ նախարարության տրված հավաստագրերով (10 միլիոն դրամ) տներ գնել։

«Սերտիֆիկատներն արդեն գործում են։ Մերոնցից մի քանի հոգի գնացել են բանկ, փորձել են։ Որոշակի խնդիրներ կան վարկերի հետ, բայց շենքի սեփականատերը խոստացավ օգնել էդ հարցում», – Epress.am-ին հայտնեց շենքի բնակիչներից մեկը։

Սեփականատերը 15 օր ժամանակ է տվել բնակիչներին՝ այնտեղից դուրս գալու համար։

Հիշեցնենք, մոտ մեկ շաբաթ առաջ սեփականատերը սպառնում էր ոստիկանությամբ դուրս հանել բերձորցիներին շենքից, նախարարության տրված հավաստագրերը չէին գործում, մարդիկ ահազանգում էին, որ կարող են հայտնվել փողոցում։

 

80-ից ավել մարդ՝ 18 ընտանիք, պատերազմի ժամանակ Ղարաբաղից տարհանվել էին Գորիս, ավելի ուշ՝ Երևան։ Պետության կողմից տրամադրված հանրակացարանում անտանելի պայմաններ էին, ընտանիքները Նորք Մարաշում կիսաքանդ մի շենք էին գտել և բնակեցրել։ Այնտեղ են ապրում ավելի քան 2 տարի․ սեփական միջոցներով վերանորոգել ու ջուր են քաշել։

Սեփականատերը, ով շենքը գնել է ընդամենը 2 ամիս առաջ՝ տեղյակ լինելով, որ այնտեղ ընտանիքներ են ապրում, պահանջում էր, որ մարդիկ անհապաղ դուրս գան տարածքից՝ ապառնում էր ոստիկանությամբ, անջատել էր էլեկտրականությունը։ Սոցապ նախարարությունը առաջարկել էր ընտանիքներին, հատուկ ծրագրի շրջանակներում, 10 միլիոն դրամի սահմաններում տներ գտնել․ սերտիֆիկատներ էին տրվել, որոնք, սակայն, բանկերը չէին ընդունում․․․