Շենքի սեփականատերը, որտեղ բնակվում են 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով մայրաքաղաք տեղափոխված նախկին քաշաթաղցիները, սպառնում է ոստիկանության միջոցով դուրս հանել նրանց:
80-ից ավել մարդ՝ 18 ընտանիք, Ղարաբաղից տարհանվել էին Գորիս, հետո Երևան։ Պետության կողմից տրամադրված հանրակացարանում անտանելի պայմաններ էին։ Ընտանիքները Նորք Մարաշում կիսաքանդ մի շենք էին գտել և բնակեցրել։ Այնտեղ են ապրում ավելի քան 2 տարի․ սեփական միջոցներով վերանորոգել ու ջուր են քաշել։
Սեփականատերը, ով շենքը գնել է 2 ամիս առաջ՝ տեղյակ լինելով, որ այնտեղ ընտանիքներ են ապրում, այժմ պահանջում է, որ բոլորն անհապաղ դուրս գան շենքից։ Սպառնում է ոստիկանությամբ, 2 օր առաջ անջատել է էլեկտրականությունը։
Սոցապ նախարարությունը առաջարկել է ընտանիքներին, հատուկ ծրագրի շրջանակներում, 10 միլիոն դրամի սահմաններում վաճառքի ենթակա տներ գտնել։
Հունիսի 3-ին տրամադրել է նրանց առանց ստորագրության ու կնիքի հավաստագրեր, որոնց միջոցով քաշաթաղցիները պետք է կարողանան բանկերում հիպոթեքային վարկ ձևակերպել (որը վճարելու է պետությունը)։ Մարդիկ գտել են տները, գրավ դրել ավտոմեքենաները, դուրս եկել աշխատանքից։ Հետո պարզվել է, որ ոչ մի բանկում հնարավոր չի տրված հավաստագրով որևէ գործարք ձևակերպել։
Զանգում են նախարարություն՝ պարզելու, ինչու հավաստագրերը չեն ընդունվում։ Նախարարության աշխատակիցները ցրում են գործը մեկը մյուսի վրա կամ պարզապես չեն պատասխանում զանգերին։ Ընտանիքների միակ պահանջն է, որ մնան այդ շենքում այնքան, մինչև իրենց տրված հավաստագրերով հնարավոր լինի բանկում գործարք կատարել։