Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին երկաթգծի մասով հաջողվել է համաձայնության հասնել․ սահմանային ու մաքսային հսկողությունը կիրականացվի փոխադարձության սկզբունքով։ Ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, սակայն, փոխհամաձայնություն չկա՝ Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո նշել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Ալիևը Լաչինի միջանցքը համեմատում էր Զանգեզուրի միջանցքի հետ, Փաշինյանը սա անընդունելի էր որակում
Եռակողմ բանակցություններից առաջ Միշելը առանձին հանդիպումներ է ունեցել նախ Ադրբեջանի նախագահի, ապա՝ նաև Հայաստանի վարչապետի հետ։
Բրյուսելում Ալիևը հանդիպել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, ում հետ համատեղ ասուլիսի ընթացքում «Զանգեզուրի միջանցքը» համեմատել էր «Լաչինի միջանցքի» հետ և հայտարարել՝ Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր, հետևաբար՝ դրանք չպետք է լինեն նաև Զանգեզուրի միջանցքում․ եթե Հայաստանը պնդի մաքսակետերի տեղադրումը, նույնը կանի նաև Ադրբեջանը։
(Դեռ եռակողմ բանակցությունները չսկսած) Փաշինյանը հակադարձել էր՝ Ադրբեջանի նախագահի տարած զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար և աղերս չունեն մինչ օրս եղած քննարկումների հետ։
Եկաթուղի․ սահմանային ու մաքսային հսկողությունը՝ փոխադարձության սկզբունքով
Արդեն ուշ գիշերը՝ ամփոփելով ավելի քան 4 ժամ տևած հանդիպման արդյունքները, Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․
«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։
Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո»։
Ի՞նչ է իրենից ենթադրում փոխադարձության սկզբունքը՝ վարչապետը չի մանրամասնել, բայց և շեշտել է՝ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։
Ավելի վաղ Փաշինյանն ակնարկել էր, թե Ադրբեջանը խուսափում է Հայաստանին դեպի Ռուսաստան և Իրան ճանապարհ տալուց․ ըստ նրա, «Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստանալու» դիմաց Բաքուն Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է առաջարկում՝ «այնպիսի բանաձևերով, ինչպիսին Կապան-Գորիս գոյություն ունեցած հատվածն է»։
Հարցին անդրադարձել է նաև Շառլ Միշելը։
Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ եկաթուղիների մասով համաձայնություն կա սահմանային ու մաքսային հսկողությունը փոխադարձության սկզբունքով իրականացնելու շուրջ, հաջոդ հարցը վերաբերում է ավտոմոբիլային մայրուղիներին և դրանց ենթակառուցվածքներին․
«Նրանք՝ Փաշինյանն ու Ալիևը հստակեցրել են այն թեմաները, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Ավելի վաղ՝ Շառլ Միշելի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն միաժամանակ։
Փաշինյանն ու Ալիևը՝ դեմ առ դեմ
Բրյուսելի եռակողմ հանդիպման մի մասը անցել է երկկողմ ձևաչափով․ բանակցությունների ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավարը որոշ ժամանակով դուրս է եկել սենյակից՝ դեմ առ դեմ թողնելով Փաշինյանին և Ալիևին։
«Հայտարարությունները, որոնք արվում են մամուլի համար, անշուշտ կարևոր են։ Բայց շատ կարևոր է նաև խոսել ուղիղ: Ես համոզված եմ, որ նման անձնական հանդիպումները հսկայական բան են ավելացնում։ Համոզված եմ, որ Սոչիի հանդիպումը, այս հանդիպումը առիթ կլինեն, որպեսզի մոտ ապագայում այլ ուղիղ շփումներ լինեն երկու առաջնորդների միջև», – ասել է Շառլ Միշելը:
Միշելը ընդգծել է, որ ուղիղ խոսակցության խողովակներ արդեն իսկ կան․ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև իր միջնորդությամբ չմիջնորդավորված կապ է հաստատվել։
Եվրոպացի պաշտոնյան Երևանին և Բաքվին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել և բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ։
«Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է», – ասված է հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն խորհրդատվական խումբ կտրամադրի՝ տեխնիկական աջակցություն երկու երկրներին:
Մարդասիրական հարցերի, այդ թվում՝ գերիների ազատ արձակման մասով որևէ համաձայնության մասին չի հաղորդվել։