Ի՞նչու ապաշրջափակումը չի սկսվում
Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերով նախատեսվում էր տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում։ Եռակողմ առաջին հայտարարության ստորագրումից մեկ տարի անց փոխհամաձայնություն չկա։
Ինչո՞ւ մինչ այժմ հնարավոր չէ կոնկրետացնել, թե ինչ ժամկետներում և որ ճանապարհներն են ապաշրջափակվելու։ Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը հարցին խորհրդարանի այսօրվա նիստին պատասխանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
— Մի պահ մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք լուծմանը։ Ի՞նչ նկատի ունենք մենք, երբ ասում ենք լուծում։
Մեր ընկալումը հետևյալն է․ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով պետք է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջևանի հետ, Հայաստանը պետք է Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն ստանա Իրանի հետ և երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն՝ Ռուսաստանի հետ։ Ըստ էության, եթե Ադրբեջանը ստանում է Հայաստանի Հանրապետության տարածքով հաղորդակցություն Նախիջևանի հետ՝ հաղորդակցություն է ստանում նաև Թուրքիայի հետ։ Նկատի ունեմ՝ այստեղ բալանսի խախտում ամենևին չկա։
Ի՞նչն է պատճառը, որ այդ կետից, երբ մեզ թվում էր, որ մենք արդեն մոտ ենք լուծմանը, լուծում չստացվեց։
Պարզվեց, որ Ադրբեջանը՝ հաղորդակցության ուղիներ բացել ասելով, նկատի ունի, օրինակ, հաղորդակցությունը Գորիսի և Կապանի միջև՝ Ադրբեջանի տարածքով։
Այստեղ ի՞նչ է պրոբլեմը։ Պրոբլեմն այն է, որ մենք այդպիսի հաղորդակցություն ստանալու կարիք, ըստ էության, չունենք։ Դա մեզ համար ընդամենը տեխնիկական հարց է․ մենք հիմա նոր ճանապարհ ունենք՝ Երևան-Կապան, առաջիկա ամիսների ընթացքում, ինչքան էլ դա հիմա կարճաժամկետ բարդություններ կստեղծի, մենք կունենանք այլընտրանքային ճանապարհներ և՛ Ճակատենի համար, և՛ Որոտանի, և՛ Բարձրավանի, և՛ Շուռնուխի, և՛ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհ կունենանք․․․
Այսինքն՝ պատճառը, որ այս հարցը չի լուծվել, այն է, որ Ադրբեջանը՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստանալու համատեքստում[դիմաց], նկատի է ունենում Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն այնպիսի բանաձևերով, ինչպիսին Կապան-Գորիս գոյություն ունեցած հատվածն է։
Այս մեկնաբանությունը ուղղակի կապ չունի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տեքստի հետ։
Նախօրեին, սակայն, պաշտոնյաները, այդ թվում՝ Անվտանգության քարտուղարը, շեշտը դնում էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցի» վրա՝ միջանցքով պայմանավորելով նաև վերջին օրերի ռազմական բախումները։
ԱԽ քարտուղարը, մասնավորապես, հայտարարում էր․ «Վերջին շրջանում Ադրբեջանը, չստանալով իր ցանկությունը՝ միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը․․․ Երբ ՌԴ-ն հրապարակեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որեւէ գործողություն չի լինելու, դրան հետեւեցին սկզբից Գորիս-Կապան ճանապարհի հատվածների փակումը, մաքսակետեր տեղադրելը, հետո՝ սահմանային լարումները»։
2021-ի տարեսկզբին Իլհամ Ալիևը՝ խոսելով ապաշրջափակման մասին, պարբերաբար նշում էր, որ կարող են բացվել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին և Թուրքիային, իսկ Հայաստանը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին և Իրանին կապող ուղիները։ Երբ է օրակարգում հայտնվել Փաշինյանի նկարագրած այս հեռանկարը (Ադրբեջան-Նախիջևանի դիմաց Գորիս-Կապան)՝ չի նշվում։
Փաշինյանը ելույթի երկրորդ մասում անդրադարձավ նաև սահմանների և սահմանազատման խնդրին․
— Քանի որ այս առիթով, կարծես, խոսակցություն չենք ունեցել․․․ Տեսեք՝ մենք շատ խոսում ենք սահմանների մասին։ Շատ խոսում ենք Կապան-Գորիս ճանապարհի այն հատվածի մասին, որը ես ասում եմ Էյվազլի-Չայզամի հատված։
Մենք պետք է արձանագրենք, որ, բնականաբար, ՀՀ կառավարությունը ուսումնասիրել է դե յուրե նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը սովետական Հայաստանի և սովետական Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու մասին։ Նման փաստաթղթեր կան, գոյություն ունեն և որևէ այդպիսի փաստաթղթով խնդրո առարկա հատվածը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գտնվում։ Որևէ՛։
Երբ մենք ասում ենք, ենթադրենք, որ երեկվա գործողությունների թատերաբեմը միանշանակ Հայաստանի Հանրապետության տարածք է, մեզ ասում են՝ «դա ոնց գիտեք»։ Մենք դա գիտենք նույն կերպ, ինչպես գիտենք, որ Էյվազլին և Չայզամին Հայաստանի Հանրապետության տարածք չեն։
Մեր մոտեցումները սրանով են հիմնավորվում։ Եվ ամենևին կապ չունի, թե Ադրբեջանը անկախություն ստանալիս իրեն հռչակե՞լ է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, թե՞ ոչ։ Որովհետև ՀՀ-ն անկախությունը հռչակել է ՀՀ սովետական սոցիալիստական հանրապետութան տարածքում, և այդպես է ճանաչվել միջազգային հանրության կողմից։
Հետևաբար, այն սահմանագիծը, որը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է դե յուրե նշանակություն, հիմա է՛լ ունի դե յուրե նշանակություն միջազգայնորեն։ Սա է մեր բանաձևը, մեր ընկալումը և մեր ռազմավարությունը։
Մենք հստակ արձանագրել ենք երեք տարբեր հարցեր, որ իրար հետ փոխկապակցված չեն։ Դրանք են՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում։
Դրանք տարբեր հարցեր են և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ համատեքստի առումով այդ հարցերը ունեն առնչություն։
Ինչո՞ւ դեմարկացիան չի ստացվում
Մայիսին և դրանից հետո Ռուսաստանը 3 անգամ, ներառյալ՝ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին վերաբերող առաջարկով․ երեք անգամն էլ Հայաստանը կողմ է արտահայտվել՝ խորհրդարանում, արդեն պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին պատասխանելով, ասել է Փաշինյանը։
Դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացը, Փաշինյանի կարծիքով, տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից կոնկրետ պատասխանի բացակայության պատճառով։
Փաշինյանը հիշեցրել է՝ դեռևս 2021-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը՝ սահմանազատում և սահմանագծում սկսելու վերաբերյալ:
«Նախընտրական շրջանում, դրանից առաջ և հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը: Եվ մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով: Եվ, ըստ էության, բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով առաջ շարժվելուն: Իմ տպավորությամբ, գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով», – նշել է վարչապետը։
Հայաստանի՝ նախկինում արած առաջարկությունները (զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու) ուժի մեջ են՝ ամփոփել է պաշտոնյան։
թարմացված․ – Մեկ այլ պատգամավորի՝ Վահագն Ալեքսանյանի հարցին պատասխանելով, Փաշինյանը հայտարել է՝ դեռ մայիսին է կառավարության նիստում հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, պատրաստ է ստորագրել․ «Բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց։ Դրանից հետո ևս 2 անգամ սկսելու առաջարկներ են եղել, և մենք համաձայնել ենք այդ գործընթացը սկսելուն»։