Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի էսկալացիան, որը նոյեմբերի 16-ին վերածվել էր ռազմական բախման, հարաբերականորեն մարել է․ ռուսական կողմի միջնորդությամբ նախօրեին՝ ժամը 18։30-ի սահմաններում, կրակը դադարեցվել է։ Ըստ պաշտոնական Երևանի՝ 24 հայ զինծառայողի ճակատագիրը դեռևս հայտնի չէ, նրանց հետ կապը կորել է։ Կա հաստատված 1 զոհ, Հայաստանի ԶՈՒ 13 զինծառայողներ գերեվարվել է։ Ադրբեջանը հաղորդել է 7 զոհված և վիրավորված 10 զինվծառայողների մասին։ Էսկալացիայի պատճառները Հայաստանի ավնտագության խորհրդի նախագահը մեկնաբանել էր այսպես․ «Վերջին շրջանում Ադրբեջանը, չստանալով իր ցանկությունը՝ միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը․․․»:
Ըստ Հայաստանի ԱԳՆ խոսնակի՝ Հայաստանը հիմա էլ «անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ»: Վահան Հունանյանը հիշեցրել է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի երեկվա հեռախոսազրույցի մասին․ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»։ Խոսնակը հավելել է նաև, որ Հայաստանի ԱԳՆ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի զինված հարձակման մասին տեղեկացրել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին երեկ և այսօր անդրադարձել են նաև պաշտոնական Թեհրանը, Անկարան, Վաշինգտոնը, Փարիզը․․․ Արտահայտվել է նաև Եվրախորհրդարանը։
Իրան
Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր ռազմական գործողությունների փաստով՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ կոչ անելով երկու երկրներին ցուցաբերել զսպվածություն և զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց ու էլ ավելի լարելուց:
Խաթիբզադեն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունն ու կոչ արել կողմերին խնդիրները լուծել երկխոսության ու խաղաղ միջոցներով: Խաթիբզադեն ներկայիս լարվածությունը վտանգավոր է համարել տարածաշրջանում խաղաղության ու առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համատեքստում: Նա հաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ է օգնել կողմերին լուծելու վեճերը ու տարածաշրջանում հաստատելու կայունություն ու անվտանգություն:
Փաշինյանի հետ խոսելուց առաջ Պուտինը խոսել է Ռաիսիի հետ
Նախօրեին՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից և ռուսական միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցնելուց առաջ, Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին», – ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի մասին հաղորդել է նաև պաշտոնական Թեհրանը։
Ըստ ռելիզի, Իրանի նախագահը խրախուսել է Ռուսաստանի նախաձեռնողականությունը՝ ուղղված կովկասյան շրջանում կայունությանն ու խաղաղությանը:
«Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերը ընդգծել են, որ աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է»:
Արտահայտելով իր մտահոգությունը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Պուտինը, ըստ Թեհրանի, նշել է, որ «տարածաշրջանում համագործակցության և վստահության մակարդակը բարձրացնելու համար մենք պատրաստվում ենք գործածել «3+3» խորհրդատվական մեխանիզմը, և հույս ունենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դրան կաջակցի։
Նոյեմբերի 15-ին Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։ «Անկեղծ և ընկերական» հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են բարեկամական հարաբերությունների անսահման հեռանկարները, և, ըստ Թեհրանի, «համաձայնել աշխատել երկարաժամկետ ճանապարհային քարտեզի վրա՝ երկկողմ կապի ընդլայնման համար»։
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարարությունը դեռ լուռ է։
Երեկ Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Բաքվի հաղորդմամբ՝ Հուլուս Աքարը տեղեկացրել է, որ «Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է»։
թարմացում – 21։00 Թուրքիայի արտգործնախարարը Անկարայում տեղի ունեցած ասուլիսին կրկին բարձրաձանել է «եղբայրական երկրին անվերապահ աջակցության մասին»՝ Հայաստանի գործողությունները որակելով որպես «ահաբեկչական»:
ԱՄՆ
Միացյալ Նահանգների պետքարտուղարը նոյեմբերի 16-ին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիայից խուսափելու համար։
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից», – ասված է Էնթոնի Բլինքենի հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում երկու կողմերին ուղիղ և կառուցողականորեն ներգրավվել մնացյալ բոլոր խնդիրների լուծման գործում՝ ներառյալ սահմանների դեմարկացիան», – ասել է Բլինքենը։
Բլինքենը՝ վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, շեշտել է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացյալ հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»։
Ֆրանսիա
Անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ՝ նոյեմբերի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Կոչ ենք անում պահպանել 2020թ․ նոյեմբերին Մոսկվայում ստորագրված զինադադարի պայմանները։ Խորապես մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մի քանի հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացման և ծանր սպառազինության ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից», – նշված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում։
Եվրոպական միություն
Կոչ ենք անում կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ սահմանազատման հարցում՝ հայտարարել է Եվրոպական միութան արտաքին քաղաքականության ծառայությունը։
«Եվրամիությունն ընդգծում է իր հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու հարցում՝ լարվածության հաղթահարման համար։ Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հետ քաշել ռազմական ուժերը և կատարել իրենց ստանձնած պարտականությունները», – ասված է հաղորագրության մեջ։
«Ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը ու տեղեկությունները՝ ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ», – այսօր ավելի վաղ հայտարարել է Եվրախորհրդարանում Հրվ․ Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցողների համատեղ հայտարարության մեջ։
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախօրեին զանգել և բանակցություններ էր վարել նախ Իլհամ Ալիևին, ապա՝ նաև Նիկոլ Փաշինյանին։
Մտահոգություն է հայտնել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Պեյչինովիչ Բուրիչը․ «Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և կոչ ենք անում երկու կողմերին էլ պահպանել այն։ Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման»։
Այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ ՌԴ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որի ընթացքում քննարկվել է սրումը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։ Կողմերը անհանգստություն են հայտնել բախումների կապակցությամբ և ընդգծվել է Երևանի և Բաքվի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը։