ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) խորը մտահոգություն են հայտնում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Համանախագահները հայտարարություն են տարածել` կողմերին կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը՝ նշում են միջնորդները:
Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում (սեպտեմբերի 25-ին) և Փարիզում (նոյեմբերի 11-ին) համանախագահների հովանու ներքո կայացած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը, որը նպատակ ունի նպաստել տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը: