Արագածոտնի մարզի Բյուրականի բնակիչները դեմ են համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանին և ցանկանում են տեսնել մեկին, ով ծանոթ է իրենց և իրենց խնդիրներին։
Նոյեմբերի 2-ին լրացավ համայնքապետ Զարզանդ Բաբայանի պաշտոնավարման ժամկետը, և ժ/պ նշանակվեց Ռադիկ Գևորգյանը։ Նրան, սակայն, թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։
Ոստիկաններրի նկատառմանն այն մասին, որ դեկտեմբերի 5-ին նոր ընտրություններ են սպասվում, տեղի բնակիչները պատասխանեցին՝ սովորաբար ում պաշտոնավար են նշանակում, նա էլ հետագայում մնում է պաշտոնին։
Ինչ վերաբերում է արդեն նախկին համայնքապետ Զարզանդ Բաբայանին, նա հավաքվածներին ասաց, որ 2 անգամ ընտրվել է և արդեն չի ուզում ղեկավարել։
ԶԼՄ-ները հավաքվածների խոսքերն են մեջբերում առ այն, որ նախկինում գյուղը ո՛չ ճանապարհ, ո՛չ լուսավորություն և ո՛չ էլ ջուր ուներ, այս բոլոր խնդիրներն, ըստ նրանց, հենց նախկին ղեկավարն էև լուծել, քանի որ իրենց գյուղի բնակիչ է և ծանոթ է խնդիրներին։
Իսկ Ռադիկ Գևորգյանը որպես վարչապետի ընկեր էր ներկայացել, ասում են բողոքողները․ «Ինքը Բյուրականում ներկայացել է որպես վարչապետի ընկեր: Ասել է՝ ես վարչապետի ընկերն եմ, եկել եմ ձեր համայնքի ժամանակավոր պաշտոնակատար: Մենք դեմ ենք իրեն, ուզում ենք, որ մեր համայնքի ղեկավարը լինի մեր համայնքի բնակիչ, ծանոթ լինի մեր խնդիրներին»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի ընթացքում մի պահ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև, երբ վերջիններս փորձեցին մուտք գործել համայնքապետարանի շենք: