Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի շրջան՝ ազդարարելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող երկաթուղու առաջին՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկը։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Ալիևը կնոջ և դստեր հետ մասնակցել է երկաթուղու շինարարարության մեկնարկին նվիրված արարողությանը։
Իր ելույթում նա ընդգծել է, որ կառուցվող երկաթուղին՝ Ադրբեջանի «ռազմավարական, տնտեսական և քաղաքական նպատակներ» ծառայելուց բացի «ծառայելու է նաև տարածաշրջանի մյուս պետություններին»։
«Միաժամանակ կարող է բացվել երկաթուղային ճանապարհը Ռուսաստանից դեպի Հայաստան։ Այդ ճանապարհը կարող է անցնել բացառապես Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կհաստատվի Ռուսաստանի և Իրանի միջև, երկաթուղային կապ կլինի նաև Հայաստանի և Իրանի միջև։ Միմյանց կկապվեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղիները», – հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նախօրեին այցելել է նաև Ջաբրայիլի, Զանգելանի և Լաչինի շրջաններ, Լաչինի Գյուլաբիրդ գյուղում մասնակցել է 8 մեգավատանոց հիդրոէլեկտրակայանի բացմանը, ձկներ բաց թողել Բասիտչայ (Բասութագետ, Ցավ գետ)։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հորադիզից մինչև Հայաստանին սահմանակից Զանգելան երկաթուղին ավարտին հասցնելու համար առավելագույնը երկու տարի կպահանջվի։
Հունվարի 11-ին էլ՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, կրկին ընդգծել էր՝ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով, կապ կստանա Նախիջևանի հետ։