Home / Հայաստան / Իսպանիայում աճող ծայրահեղ աջերը 11 տեղ ունեն Կատալոնիայի խորհրդարանում

Իսպանիայում աճող ծայրահեղ աջերը 11 տեղ ունեն Կատալոնիայի խորհրդարանում

Կատալոնիայում երեկ տեղի ունեցած մարզային ընտրություններում չնչին տարբերությամբ (ձայների շուրջ 23%-ը) հաղթել է Իսպանիայի հետ միության կողմնակից «Սոցիալիստական կուսակցությունը»՝ իր ինքնորոշման համար պայքարող մարզի խորհրդարանում ստանալով 33 տեղ։

«Կատալոնիայի հանրապետական ձախեր» անջատողական կուսակցությունը, սակայն, ավելացրել է իր ձայների քանակը նախորդ ընտրությունների համեմատ։ Նրանք ևս 33 տեղ կստանան, թեև ստացել են ձայների մի փոքր ավելի քիչ մասը՝ շուրջ 21%-ը։ Անջատողական դիրքորոշում ունեցող մեկ այլ՝ «Ժողովրդական միության թեկնածու» արմատական ձախ կուսակցությունը ստացել է ձայների 6․7%-ը և 9 տեղ խորհրդարանում։

Կատալանական խորհրդարան առաջին անգամ 11 տեղով մտել է ծայրահեղ աջ «Վոքսը», որն Իսպանիայում գնալով ավելի է մեծացնում իր ազդեցությունը։ Իսկ նախկինում Իսպանիան առաջնորդած քրիստոնեա-դեմոկրատական «Ժողովրդական կուսակցությունը» կստանա 3 տեղ։

Ընտրությունները նշանակվել էին այն բանից հետո, երբ մարզի արդեն նախկին նախագահ Կիմ Տոռան հեռացվել էր պաշտոնից իսպանական դատարանի որոշմամբ։ Այս որոշումը կայացվել էր, քանի որ Տոռան հրաժարվել էր հանել կատալանական անկախության խորհրդանիշները պետական կառույցներից։

Իսպանիայի ներկայիս ղեկավարությունը կատալանական խորհրդարանում ներկայացնող սոցիալիստները դեմ են Կատալոնիայի անկախությունը, սակայն, իրենց պնդմամբ, կողմ են երկխոսությանը Մադրիդի և Բարսելոնայի միջև։

Կատալոնիայի անկախության շարժումն ունի բավականին երկար պատմություն։1930-ականերից սկսած անկախության մի քանի ոչ այդքան հաջող փորձեր են եղել։ Սակայն 1939-ին իշխանության եկավ հայտնի բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն, ով, ի թիվս այլ ռեպրեսիաների, արգելեց ոչ միայն Կատալոնիայի անկախությունը, այլև ինքնավարությունը։ Բազմաթիվ այլախոհներ, անջատողականներ մահապատժի ենթարկվեցին, ոմանք՝ առանց դատական ընթացակարգի; Երկրում արգելվեց նաև կատալաներենի կիրառումը։ Ֆրանկոյի մահից հետո(1975) նրա բռնապետությունն ընկավ։ Կատալոնիային կրկին ինքնավարություն տրվեց 1979 թվականին։

2017 թվականին Կատալոնիայում անկախության հանրաքվե տեղի ունեցավ, չնայած սահմանադրական դատարանի վճռին, որ այն անօրինական է։ Հանրաքվեից հետո Կատալոնիան հռչակեց իր անկախությունը, սակայն Իսպանիայի ղեկավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, բիրտ ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ և ձերբակալեց անջատողական առաջնորդների մեծ մասին, որոնց նկատմամբ դատական գործեր բացվեցին։ Իսկ այդ ժամանակվա Կատալոնիայի անջատողական նախագահ, անկախության շարժման առաջնորդ Կառլես Պուչդեմոնը փախավ Բելգիա։ Վերջինիս կուսակցությունը, որ ժամանակին 14 000 անդամ ուներ և անկախության շարժումը ղեկավարող ուժն էր համարվում, այժմ ունի միայն 5000 անդամ։ Այն խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ ձայները չի հավաքել։