Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ՝ հատուկ չվերթով Բաքվից այսօր Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին, գրել է Պաշտպանության նախարարությունը:
ՊՆ-ն ավելի վաղ հաղորդել էր մեկ զոհի, 24 անհետ կորածի և 13 գերեվարված զինծառայողների մասին։
«Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ», – ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։
թարմացում – նոյեմբերի 18 – Երեկ Բաքվից Երևան տեղափոխված զինծառայողը 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանն էր։