ԼՀԿ-ն Ադրբեջանի հետ կվարվի ինչպես ՀԱՀ-ը՝ Իսրայելի հետ
«Լուսավոր Հայաստանը» խոստանում է լինել անխոցելի, ընտիր, քաղցր, շաքար և շարբաթ։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը «իրատես» է և գիտի, որ մեծամասնություն հավաքել չի կարող։ Լավագույն դեպքում նա կխանգարի Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալ և կզսպի Սամվել Կարապետյանի միանձնյա կառավարումը, վատագույն դեպքում՝ կծառայի որպես Փաշինյանին փոխզսպող և թիրախավորող ընդդիմություն։
«Խորհրդարանում մեր լինելը այն սերմն է, որ ապագայում արմատներ կգցի, կտարածվի և կծաղկի որպես իշխանափոխություն», — ասել է Մարուքյանը։
Նրան միացել է նաև Կարպիս Փաշոյանը՝ հրապարակախոս, փոդքասթեր, սփիչրայթեր, Արարատ Միրզոյանի նախկին խոսնակ, լևոնական, պատմաբան։ Քարոզարշավի ժամանակ զույգը շրջում է խորհրդանշական վայրերով և պաշտպանում մեր ինքնությունը։
Մարուքյանը տարված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանով, որի հետ երկու անգամ ինտերվյու է արել նաև Փաշոյանը։
Անցած տարի նա արքեպիսկոպոսին առաջադրել էր վարչապետի թեկնածու։ «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել», — պատասխանել էր սրբազանը, որը դատապարտված է տնային բանտարկության բռնի հեղաշրջման կոչեր անելու համար։ ԼՀԿ-ն մտադիր է նրան առաջադրել նաև նախագահի պաշտոնում։
.jpg)
Մարուքյանին և Փաշոյանին սովորաբար ուղեկցում է կաշվե բաճկոնով մի վահանակիր տղամարդ, որը պարզ սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ նրա վահանին պատկերված են Հայաստանի պետականության խոցված նշանները՝ այբուբեն, զինանշան, եկեղեցի։
Կուսակցության առաջին համարներն այս ընթացքում հասցրել են այցելել Մեծամորի ատոմակայան, քանի որ Փաշինյանն ուզում է այն փակել և փոխարինել արևմտյան կապսուլային էքսպերիմենտներով, Սահմանադրական դատարան, քանի որ Փաշինյանը նախատեսում է փոխել Սահմանադրությունը, Սարդարապատ, քանի որ Փաշինյանը չկարողացավ «մի նոր հերոսամարտ» կազմակերպել պատերազմում, Մարտի 1-ի հուշարձան, քանի որ Փաշինյանը դեռ շահարկում է 2008-ի թեման, Ակադեմիական քաղաք, քանի որ Փաշինյանը վտարում է երիտասարդությանը Երևանից, Բռնաճնշվածների հուշարձան, քանի որ Փաշինյանը հոգով ստալինիստ է, Հայ-թուրքական սահման, քանի որ Փաշինյանը գնում է նվաստացուցիչ զիջումների այնտեղ անցակետ բացելու համար, Կասկադ, քանի որ Փաշինյանը ջենտրիֆիկացիա է անում, և Վանաձոր, քանի որ Մարուքյանը ծնվել է այնտեղ։
Նրանք այցելել են նաև ԱԱԾ-ի շենքը՝ պահանջելով փակել պադվալները և ազատել քաղբանտարկյալներին։ Կուսակցությունը խոստացել է այնտեղից «դուրս շպրտել Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու նկարը»։
.jpg)
Մարուքյանը հոկտեմբերից պատրաստվել է ընտրություններին։ Կոնսուլտացիաներ անելով ընդդիմադիր տարբեր կուսակցությունների հետ՝ փորձել է համոզել մասնակցել մեկ ճակատով։ Չի ստացվել, քանի որ «բոլորը ասել են՝ չէ՛, չէ՛, մենք, մե՛նք պիտի լինենք»։ «Եթե մի բանը լինում է, լինում է Աստծո կամքով, իսկ եթե չի լինում՝ չի լինում Աստծո կամքով», — ասել է Մարուքյանը և Աստծո կամքով ընտրություններին առաջադրվել առանձին։
Եթե Սամվել Կարապետյանի կուսակցությունը չդառնա իշխանություն, ապա, Մարուքյանի խոսքով, կլինի վատ ընդդիմություն՝ նույնիսկ ավելի վատ, քան Քոչարյանի դաշինքը․
«Վերջին հինգ տարիներին [նրանք] եղել են [ընդդիմություն]։ Ի՞նչ են արել պառլամենտում: Իսկ Գագիկ Ծառուկյա՞նը։ Տեսել ենք իրեն որպես ընդդիմություն։ Այստեղ է, որ մենք ասում ենք քաղաքացիներին՝ այնպես արեք, որ իշխանափոխության պարագայում կապիտալիզացիա ունենաք, ընդդիմության պարագայում ունենաք հնարավորություն հաշվետու դարձնել որևէ իշխանության։ Պատկերացնենք Սամվել Կարապետյանը հաղթել է՝ չէիք ուզի՞, որ նրան հակակշռող ուժեր լինեն»։
Փաշոյանը և Մարուքյանը «դեմ են բացարձակ իշխանությանը այնպես, ինչպես Մարքսը դեմ էր կապիտալիզմին», այսինքն՝ չեն ցանկանում նպաստել մեկ կապիտալի շուրջ ձևավորված օլիգարխիկ համակարգին և պատրաստ են դառնալ ինստիտուցիոնալ զսպանակ։
Լուսավոր Հայաստանը որևէ քաղաքական ուժի հետ կամուրջները չի այրել, բացի իշխող ուժից։ «ՔՊ-ի հետ անգամ մատաղ ուտելու չեմ գնա», — ասել է կուսակցության ղեկավարը։
Էդմոն Մարուքյանը եղել է իրավաբան, իրավագետ և իրավապաշտպան։ 2012-ին ընտրվել է անկախ պատգամավոր Վանաձորից։ 2015-ին հիմնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2016-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Նույն թվականին դաշինք է կազմել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունների հետ՝ 2017-ին մտնելով ԱԺ որպես երրորդ ուժ։
Նիկոլ Փաշինյանը չէր կարող մտնել խորհրդարան, եթե «Ելք» դաշինքը չստեղծվեր՝ ասում է նա։ Եվ չէր կարող հեղափոխություն անել, եթե «Ելք» դաշինքը չանցներ խորհրդարան։
2018-ին Մարուքյանը, որպես կլասիկ քաղաքական գործիչ, դեմ է եղել փողոցային անհնազանդություններին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ողջունել է հեղափոխությունը և մտել խորհրդարան որպես լոյալ ընդդիմություն։
2020 թվականի պատերազմի արդյունքները համարելով կապիտուլյացիա՝ Մարուքյանը միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, և արտահերթ ընտրությունների հետևանքով լքել խորհրդարանը։ 2022-ին վերադարձել է Փաշինյանի թիմ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան և հեռացել այնտեղից 2024-ին։ Ըստ Փաշինյանի, Մարուքյանն ազատվել է պաշտոնից։ Ըստ Մարուքյանի՝ հրաժարական է ներկայացրել, քանի որ համաձայն չէր արտաքին կուրսի հետ։
.jpg)
2020-ին Մարուքյանը դժգոհ էր նոյեմբերի 9-ի համաձայնագրից։ Երբ էմոցիաները նահանջեցին, նա հասկացավ, որ դա վատ փաստաթուղթ չէ։ Փաշոյանը դա հասկացել էր միանգամից։
ԼՀԿ-ն այժմ դեմ է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրին՝ ներառյալ Թրամփի ճանապարհը, որը Նախիջևանը պիտի կապի Ադրբեջանին։ «Չկա Ղարաբաղ, չկա միջանցք»։ Խաղաղության պայմանագիրը «Լուսավոր Հայաստանը» չի ստորագրի, այլ կվերաբանակցի։ Քանի որ TRIPP-ը չեղարկելու հնարավորություն այլևս չկա (փաստաթուղթը ստորագրված է), Մարուքյանն ու Փաշոյանը կձգտեն այնպես անել, որ նույնպիսի արտոնություններ սահմանվեն նաև Հայաստանը Ռուսաստանին կապող երթուղու համար։
«Լուսավոր Հայաստանը» բոյկոտում է Փաշինյանի «խաղաղության օրակարգը», իսկ ընդդիմադիրներին, որոնք «բայցերով խաղաղություն են խոստանում», համարում է «ՔՊ-ի օրակարգին վենա մտնողներ»։
.jpg)
«Վերադարձի իրավունքը պետք է արձանագրել, պահել արտաքին քաղաքական օրակարգում, որից հետո նաև կարգավիճակի հարցը քննարկել, քանի որ արցախցիները բնիկ ժողովուրդ են, հետևաբար հատուկ կարգավիճակ ունեն այդ հողի նկատմամբ <․․․> Հողը հնարավոր է հետ բերել միայն պատերազմով։ Հայաստանը հիմա չի կարող մտնել պատերազմի մեջ <․․․> Հայաստանը պետք է հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ Միջազգային արդարադատության դատարան՝ նախադեպային գործի հիման վրա, որը հիմա քննվում է՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն ընդդեմ Իսրայելի։ [Այս գործը վերաբերում է] Պաղեստինի ժողովրդի էթնիկ զտմանը և ցեղասպանությանը Գազայում։ Մենք ցեղասպանության կոնվենցիայի անդամ ենք և այդ իրավունքն ունենք», — ասել է Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանը «միակ քաղաքական գործիչն է ընդդիմադիր դաշտում, որը ծանոթ է հայ-ադրբեջանական բանակցային փաստաթղթերին» նախորդ պաշտոնի բերումով։

Նախընտրական ծրագրի փոխարեն ԼՀԿ-ն մանիֆեստ է գրել՝ «ոչ թե կոմունիստական կուսակցության, այլ ազգային պետության մանիֆեստը»։
«Եթե մեկ նախադասությամբ փորձենք ձևակերպել մեր գաղափարախոսությունը, ապա պիտի հղում անենք անգլիացի նշանավոր փիլիսոփա Էդմոնդ Բյորկին՝ <...> hամերաշխություն ոչ միայն այսօր ապրող մարդկանց հետ, այլ նաև նրանց հետ, ովքեր մահացել են, և նրանց հետ, ովքեր դեռ չեն ծնվել», — ասել է ԼՀԿ երկրորդ համարը։
Ըստ Փաշոյանի, Փաշինյանը խաղարկում է 2021 թվականի սցենարը՝ «եռագլուխ հրեշ, հիդրա, նախկին թալանչիներ», բայց քանի որ ԼՀԿ ցուցակում խոցելի մարդիկ չկան, ՔՊ-ն չի կարող նրանց վարկաբեկել՝ հիշացնելով նախկին թալանը կամ օտարերկրյա քաղաքացիությունը։ «Ինձ շատ-շատ կարան ասեն ռուսի ագենտ», — նշել է նա։
Նման բան հասցրել է ասել, մասնավորապես, «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի խոսնակ Դանիել Իոաննիսյանը, որի անաչառությունը օրեր առաջ քննվում էր ԿԸՀ-ի կողմից։ Хроника Кавказа անունով մի սունկ կայք իբրև թե հետաքննություն էր արել և պարզել, որ որոշ թեկնածուներ աշխատում են որպես Ռուսաստանի համար հասարակական կարծիք ձևավորողներ: Իոաննիսյանը տարածել էր այդ հոդվածը՝ Մարուքյանի մեկնաբանությանն ի պատասխան հորդորելով դիմել «Ռուսաստանի Դաշնությանը վերադասության կամ դատական կարգով»։ ԼՀԿ-ն պահանջել էր զրկել նրան դիտորդի կարգավիճակից և պարտավորեցնել ջնջել արատավորող հրապարակումները։ ԿԸՀ-ն բավարարել էր միայն վերջին կետը։