«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները մայիսի 20-ի երեկոյան արտահերթ նիստ էին նախաձեռնել, որի ընթացքում պետք է քննարկվեր հայ-ադրբեջանական սահամանին ստեղծված իրավիճակը և սահմանների դեմարկացիային վերաբերող փաստաթուղթը, որը հատկավածաբար արտահոսել էր նախօրեին և որի բովանդակությանը կառավարության հինգշաբթի օրվա նիստին անդարդարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը։
Արտահերթ նիստին ավելի քան կես ժամանոց ելույթով հանդես եկավ վարչապետի ժ/պ-ն․ խոսվեց բանակցությունների, բանակցվող փաստաթղթի, սահմանային միջադեպերի, լարվածության, դեմարկացիայի, դելիմիտացիայի, շրջափակման, ապաշրջափակման, Ղարաբաղի խնդրի, ընդդիմության, ԱԳՆ-ի անտեղյակության, ․․․ մասին։
Փաշինյանի ելույթի հատվածական սղագրությունը՝ ստորև․
Միջազգային «կոնսենսուս»
— Բոլորս գիտենք, ինչ է տեղի ունեցել մայիսի 12֊ին։
— Իմ գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը ռազմական բախում հրահրելն էր Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում (մոտավորապես 26 կմ) և շղթայական ռեակցիայով այդ գործողությունները Հայաստանի տարածքի «խորք» տեղափոխելը․․․
— Իրադրությունը գնահատելով՝ մենք որոշել ենք գնալ այն հսկողությունից բաց չթողնելու և դիվանագիտական եղանակներով հարցը կարգավորելու ճանապարհով։
— ․․․Միջազգային հանրության շրջանում, ըստ էության, կա կոնսենսուս, որով արձանագրվում է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների ապօրինությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքը լքելու նրանց անհրաժեշտությունը։ ․․․Այդ կոնսենսուսի մի հատվածը արտահայտված է հրապարակայնորեն, մի հատվածը՝ արձանագրված աշխատանքային մակարդակում։
— Րոպեներ Եվրախորհրդարանը ընդունեց մեր ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձև և վերջին պահին բանաձևում լրացում կատարվեց՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության։
Սահմանները ճշգրտված չեն
— Ադրբեջանի զինված ուժերը, այո, պետք է լքեն Հայաստանի տարածքը՝ առանց նախապայմանների։
— Բայց մենք չունենք դելիմիտացված և դեմարկացված սահման Ադրբեջանի հետ․․․
Այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց․ լավ, այս իրադրությունը լուծեցինք։ Եթե հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու․․․
— Ձևակերպվել է առաջարկ՝ ձևավորել եռակողմ հանձնաժողով, որ կզբաղվի այս հարցերով։
— Ես կոռեկտ չեմ համարել, որ կառավարությունը դեռ քննարկումների փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթը հրապարակի, բայց քանի որ այն հրապարակված է ընդդիմության կողմից, ասեմ՝
այո, դա այն միակ և եզակի փաստաթուղթն է, որը օրուկես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։
Ո՞րն է ամենակարևոր դրույթը։
Կողմերը պայմանավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհով։
— Արդյո՞ք սա ինչ-որ նոր գաղափար է։ Ո՛չ․․․
— Ես այս մասին հայտարարել եմ այս ամբիոնից, հայտարարել եմ նաև ԱԽ մայիսի 17-ի նիստում, երբ ասել եմ, որ Ադրբեջանն ուզում է, որ սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեր դիրքորոշումն այն էր, որ դա պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով։
— Հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ-երը կլքեն մեր երկրի տարածքը և կհայտնվեն մեր սահմաններից անդին՝ մայիսի 10-ի ստատուս-քվոյի համաձայն, կամ մենք փաստաթղթի մեջ կարձանագրենք այդպիսի դրույթ, որ ինչ-որ մի ժամկետում՝ 3-4 օրում, զորքերի հետքաշման գործընթացը տեղի է ունենում։
— Սա է ամբողջ պատմությունը։
Չկա ու չի կարող լինեն ոչ մի գաղտնի հավելված․․․ Այսինքն՝ էս մեկը, իբր, հրապարակային էր, մի հատ էլ կողքից գաղտնի կա՞․․․
— Սա աշխատանքային փաստաթուղթ է։
— Ասում են՝ «ժողովրդի մեջքի հետևում էտ ինչ փաստաթուղթ եք պատրաստվում ստորագրել»․․․ Դա նույնն ա, ինչ ասեն՝ ժողովրդի հետևում Ռուսաստանի նախագահի հետ այդ ինչ հեռախոսազրույց եք ունենում․․․
ԱԳՆ-ն «անտեղյա՞կ» է
— [Ասում են՝] արտգործնախարարությունը տեղյակ չէ․․․ Այս փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով։ Ես ո՞նց եմ ստանում, կարա մեկը բացատրի։ Դա տրվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, դեսպանատունը ուղարկում է նախարարություն, նախարարն էլ ուղարկում է ինձ։
— Հիմա այնպիսի ժամանակներ են, որ մարդիկ․․․ եսիմ, Միշիկը անունը լսելիս՝ ոտքերը թուլանում են․․․ Ասում են՝ մենք չենք, մենք չենք․․․
Ընդդիմությունը պատերազմ է ուզում
— Ընդդիմությունը ամեն ինչ անում է, որ զորքերը դուրս չգան։
— Այդ մարդիկ Ադրբեջանի քարոզչական պայքարի գործակալներ են։
— Նրանք մի շաբաթ է՝ ամեն օր սպասում են, որ այդ պատերազմը կայանա։ Եվ չեն կարողանում տանել այն, որ իրավիճակն ինչ-որ ձևով, թեկուզ դժվարությամբ, կառավարվում է։
— Մի ժամանակ մեզ մեղադրում էին, որ պատերազմը չենք կանխել։ Հիմա մեղադրում են, որ պատերազմը թույլ չենք տվել․․․
Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին
— Դելիմիտացիան հետևյալն է․ կողմերը համաձայնում են, թե սահմանի նշումը ինչ քարտեզների հիման վրա պետք է անեն և այդ համաձայնությունը տեղափոխում են, գծում են քարտեզի վրա։ Դեմարկացիան էլ՝ երբ այդ քարտեզով գնում են, GPS-ով տեսնում են՝ էս կոորդինատը այն է, որ քարտեզի վրա գրված է, թե չէ։
— Դա մի օրվա, երկու օրվա խնդիր չի։ Մեր տարածաշրջանի երկրները, թեև 30 տարի առաջ սկսել են այդ գործընթացը, նրանցից ոչ մեկը ավարտին չի հասցրել այդ գործընթացը։
Սովետական Հայաստանի տարածքներից ավելի քան 70 քառակուսի կիլոմետր այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ ․․․Եվ այո՝ մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։
— Դեռ 90-ականներից կան Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքեր, որոնք գտնվում են Հայաստանի՝ սովետական Հայաստանի տարածքում։ Այսինքն՝ հակառակ իրավիճակն էլ ունենք։
— Մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք՝ ինչ ենք անում։
—Կան ամենատարբեր տարբերակներ։ Օրինակ, եղած իրավիճակն արձանագրում ենք որպես պետական սահման: Չգիտեմ:
— Հիշո՞ւմ եք՝ մի անգամ հարց հնչեց հարցուպատասխանի ժամանակ, ասվեց, որ
կա անկլավների հարցը և այլն։ Ասացի՝ իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք էլ ունենք Արծվաշենի հարց:
Դեմարկացիան և Ղարաբաղի հարցը
— Ի վերջո՝ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա ի՞նչ է նաև նշանակում։ Նշանակում է՝ փակել այդ թեման, փոխադարձաբար գալ համաձայնության, թե որտեղ է անցնում պետական սահմանը, որը անձեռնմխելի է։
— Այս համատեքստում հարց է հնչում՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը փակվում է։
— Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել․ 1991 թվականի դեկտեմբերին Ալմաթայում ընդունվեց հռչակագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ, այդ հռչակագիրը բոլոր երկրները ստորագրեցին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Եթե այս առումով խնդիր կա, այն ստեղծվել է 1991-ի դեկտեմբերին։
— Եթե այստեղ խնդիր կա, այն ստեղծվել է 2010 թվականին՝ այս դահլիճում, երբ ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ արձանագրվել է, որ Շուռնուխից այն կողմ, որ Սև լճից այն կողմ՝ Ադրբեջանի Հանրապետությունն է։
— Հիմա այս աղմուկը ինչի՞ մասին է։ Մեկը կարա՞ ինձ բացատրի։
Հանձնաժողովն ինչպե՞ս է ստեղծվելու
— Եվս մեկ «դավադրություն» բացահայտել. դեռևս 2020 թվականի նոյեմբերին Հայաստանում ստեղծվել է սահմանազատման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որի մասին Արտաքին գործերի նախարարությունը կրկին «գաղափար չունի», որովհետև հանձնաժողովը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալը․․․
Պայմանագրի վավերացման մասին
— [Փաստաթղթի] վավերացման անհրաժեշտություն ընդհանրապես չկա․․․ Կարելի է խոսել արդյունքների վավերացման մասին:
— Սա սովորական աշխատանքային գործընթաց է․․․
— Մարդիկ, ովքեր տողերը սևով փակել են․․․ հիմա բացված են այդ տողերը։ Հանրությունն այդ մարդկանցից թող պատասխան պահանջի, մեկը թող ասի՝ դրանում հակապետական դավադրությունը որտե՞ղ է:
Փաստաթուղթը դեռ աշխատանքային սեղանին չհասած, պետք է դրվեր ինտերնետո՞ւմ
— Այս ամենի մասին ԱԽ քարտուղարը հարցազրույց, պարզաբանում է տվել 2 օր առաջ: Ինչո՞ւ չի ասել՝ ժողովուրդ ջան, այս փաստաթուղթն ենք քննարկում։ Որովհետև դա անլուրջ է:
— Անլուրջ է, որ աշխատանքային փաստաթղթերը մեր աշխատանքային սեղանին դեռ չհասած, արդեն դնենք ինտերնետում։
— Այդ փաստաթուղթը կարող է և չստորագրվի, այդ փաստաթղթի վերաբերյալ մենք, հնարավոր է, առաջարկներ ունենանք, հետո հաջորդ պահին ասենք՝ այս մեկ բառը դուրս եկավ: Հասկանո՞ւմ եք՝ ինչի՞ մասին է խոսքը:
— Եթե այդպես էր, 30 տարի ինչ բանակցում էին Ղարաբաղի մասին՝ թող ինտերնետում դներ Միշիկը, ասեր՝ «Հայրիկը որոշել է 7 շրջաններն առանց նախապայմանի վերադարձնել»:
Վարդենիսից տեսանյութի մասին․ «տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ»
— Վարդենիսում տեղի ունեցածի տեսանյութի մասին․․․
— Ի՞նչ էր տեղի ունեցել։ Այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել․․․
—Չգիտեմ՝ լավ եմ անում, որ սա ասում եմ, թե վատ, ըստ ամենայնի, բանը սրան չպետք է հասնի, բայց պետք է ասել․․․
— Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ՝ մեր և ադրբեջանցի զինվորների միջև:
— Ասում են՝ ՊՆ-ն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց․․․
— 2 ժամանոց միջադեպի տեսանյութից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին, այդ գործակալներն էլ տարածում են:
— Իրավիճակը շատ լարված է, եկեք չթերագնահատենք։ Այսօր, այո, Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերն արձանագրել են, որ դա թյուրըմբռնման արդյունք է, եկել, քննարկել են, որ իրար վրա չի եղել կրակոցը, այլ միջադեպ է տեղի ունեցել:
Ինքներս մեզ շրջափակելու մասին
— Մենք պետք է գնանք երկխոսության, կոմունիկացիաների բացման։
— Անկեղծ ասած, ես այդ հարցն էլ լավ չեմ հասկանում՝ մենք ուզո՞ւմ ենք երկաթուղային հաղորդակցություն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ։ Ուզում ենք։
— Մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, բայց ուզում ենք՝ Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞։ Ինչպե՞ս ենք սա պատկերացնում։
— Կարող են իրանք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց սա նշանակում է, որ մենք ինքներս մեր շրջափակման քաղաքականությունը ուզում ենք շարունակենք․․․
Առաջնագծի հետ կապված
— ․․․Մի քանի հարյուր կիլոմետր առաջնագիծ է ձևավորվել։
— Եթե ամբողջ Հայաստանը բոլոր գործերը թողներ, բացարձակապես ոչ մի բանով չզբաղվեր և այն պայմաններում, երբ հնարավոր էր փորձել ֆորտիֆիկացիա անել այդ նոր բնագծերում, առանց մեկ օր դադար ունենալու, չէր կարող համատարած պարիսպ կառուցել այս ժամանակաշրջանում։
— ․․․Ես հիմա չեմ ուզում ասել, ախր մանրամասներ կան, որ ընդհանրապես ասելու էլ չեն։