Home / Հայաստան / Լաչինն ու Աղավնոն կանցնեն Ադրբեջանին․ բնակիչներին մեկուսկես տարի է մնացել

Լաչինն ու Աղավնոն կանցնեն Ադրբեջանին․ բնակիչներին մեկուսկես տարի է մնացել

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ 3 տարվա ընթացքում, կողմերի համաձայնությամբ, Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղի պետք է կառուցվի։

Այսօրվա ասուլիսին Փաշինյանը հաստատել է՝ երթուղու փոփոխության պարագայում այն տարածքները (Լաչին, Աղավնո և այլն), որոնք նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս էին գտնվում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Ադրբեջանը արագացված տեմպերով շարունակում է Լաչինը շրջանցող 32 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը. ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութ է տարածվում, որտեղ արդեն ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։ Հայկական կողմը շինաշխատանքներ դեռ չի սկսել։

Հայաստանն Արցախին կապող ու Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է մտնում Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

«Այդտեղ մեր հիմնական աշխատանքային քննարկումները մեր ռուսաստանցի գործընկերների հետ են։ Եռակողմ հայտարարության հիման վրա այդ միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների լիարժեք վերահսկողության ներքո», – հունիսի 27-ի ասուլիսին ասել է Փաշինյանը։

Ըստ հայտարարության՝ այս հարցը, կողմերի համաձայնությամբ, պետք է երեք տարվա ընթացքում լուծվի․ դեռևս մեկ տարի մի քանի ամիս ժամանակ կա։

«Հայաստանի տարածքում ևս ճանապարհաշինական աշխատանքներ պետք է իրականացվեն․․․ Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներ ենք սկսել», – նշել է պաշտոնյան։

Ադրբեջանը ակնարկում է, որ ճանապարհային նոր միջանցքում նաև ադրբեջանական անցակետեր պետք է տեղադրվեն։ Փաշինյանը հակադարձում է՝ եռակողմ հայտարարության համաձայն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո պետք է լինի․ «Եվ մենք Ռուսաստանում բարձրագույն մակարդակով հավաստիացումներ ենք ստացել, որ այդպես էլ կլինի»։

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ ԼՂԻՄ նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Բերձորի (Լաչինի), Աղավնոյի և Սուսի բնակիչները վերաբնակեցվելու են այլ տեղեր

«Բերձորի՝ Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։

Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում․․․ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն։

Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ», – հավելել է Փաշինյանը՝ շեշտելով՝ Արցախի իշխանությունների հետ քննարկումներիում Սուս գյուղի անուն չի շոշափվել, հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, ընդհանուր սկզբունքը հետևյալն է՝ պետք է նայել, տվյալ տարածքը ԼՂԻՄ վարչական շրջաններից ներս է գտնվում, թե դուրս։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից արդեն մեկ տարի ութ ամիս է անցել։ Հայկական կողմը դեռևս չի սկսել ճանապարհի իր հատվածի շինարարությունը։ Լաչինի, Աղավնոյի բնակիչներն առ այսօր չէին տեղեկացվել, որ հայտարարությամբ սահմանված ժամկետների լրանալուց հետո պետք է լքեն իրենց տները․․․