Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, թե երեկվա սահմանային բախումների արդյունքում հայկական կողմն ունեցել է 6-8 զոհ և «բազմաթիվ վիրավորներ»։ Այս մասին նա հայտարարել է տեղական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ և ընդգծել, որ Բաքուն հետևում է Հայաստանի բանակաշինության փորձերին՝ կրկին սպառնալով, որ իրենց անվտանգությանը նվազագույն սպառնալիք նկատելու պարագայում Ադրբեջանն այն «կոչնչացնի՝ որտեղ էլ այն լինի»։
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի ՊՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունն ու վերահաստատել, որ հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։
Հիշեցնենք՝ երեկ կեսօրից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները հաղորդել են պետսահմանի Գեղարքունիք-Քելբաջար հատվածում տեղի ունեցո փոխհրաձգությունների մասին և միմյանց մեղադրել «սադրանք իրականացնելու մեջ»։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ զոհի մասին, Հայաստանի ՊՆ-ն՝ երեք զոհի և երկու վիրավորի։
Ալիևը պնդել է, որ Բաքուն շարունակելու է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ղարաբաղյան հարցով զբաղղվելու փորձերը, քանի որ Ադրբեջանը «լուծել է այդ հարցն իրենց փոխարեն»։ Ադրբեջանի նախագահի կարծիքով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները չեն կարող համաձայնության գալ
«Այդ երկրների փոխհարաբերությունները վերջին ժամանակներում առանձնակիորեն լարվել են, և նրանց կարծիքները չեն համընկնում անցյալ հակամարտության և ընթացիկ իրավիճակի մասով», – ասել է նա։
Բացի այդ, պաշտոնյան սպառնացել է, որ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ կարո է չճանաչել Հայաստանինը՝ պնդելով, որ Երևանն ու Զանգեզուրը (Սյունիք) 20-րդ դարի սկզբներին «փոխանցվել են Հայաստանին»։
Ալիևի խոսքով՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պարագայում այն պետք է ներառի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին կետ։ Պաշտոնյան նաև ասել է, որ անկախ համաձայնագրի ստորագրումից՝ Ադրբեջանը շարունակելու է ավելացնել իր բանակի հզորությունը։
«Մենք պետք է իմանանք, որ Հայաստանի համար խաղաղության ցանկացած համաձայնագիր կարող է ուղղակի թղթի կտոր լինել», – ասել է Ադրբեջանի նախագահը։
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ պնդելով, որ վերջիններս ընդհանուր առմամբ կարողանում են կատարել իրենց պարտականությունները, բայց կան որոշակի վերապահումներ՝ մասնավորապես Ղարաբաղ կատարված «անօրինական այցերի» մասով։
Միևնույն ժամանակ՝ Ալիևը հավաստիացրել է, որ Բաքուն հստակ գիտի՝ ովքեր ու ինչ մեքենաներ են մուտք գործում Ստեփանակերտ և դրա հարակից տարածքներ։
«Լաչինի միջանցքը մեր հսկողության տակ է գտնվում, մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա», – ասել է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքում այս պահին 27 000 մարդ է ապրում։
Ալիևը խոսել է նաև 3+3 (3+2) հարթակի առաջիկա հանդիպման, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ համոզմունք հայտնելով, որ գալիք հանդիպման ընթացքում տեղի կունենա առարկայական քննարկում նախևառաջ տարածաշրջանի հաղորդակցությունների բացման մասով։
Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հարթակի երկրորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։
«[Զանգեզուրի] միջանցքով կանցնի թե երկաթուղային, թե ավտոմոբիլային ճանապարհ։ Մենք պլանավորում ենք նաև ապագայում էլեկտրամատակարարման գծեր տեղադրել այդտեղից Նախիջևան, քանի որ մենք էլեկտրաէներգիայի արտահանման մեծ պոտենցիալ ունենք», – ասել է Ալիևը և հայտարարել նաև Ջաբրայիլում արևային էլեկտրակայանի ստեղծման պլանների մասին։