Նիկոլ Փաշինյան․ — Ամենակարևոր, բայց նաև որոշակի դժվարություններ ունեցող հարցն այն է, որ մենք կարողանանք հանրության հետ խոսելիս ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի բոլոր շերտերը։ Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի թեմայի վրա, ի սկզբանե արձանագրելով, որ այդ թեման գուցե չկարողանամ մինչև վերջ բացել ու բացահայտել․․․
Տեսեք՝ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ, ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից, չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Երբեք չի վիճարկվել։
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ու ոչ մի անգամ բանակացային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում։ Էն փաստի բերումով – և բանակցություններում դա արձանագրված է – որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ։ Նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։
Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակցության մասին՝ ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական։ Եվ ես նախկինում գոյություն ունեցած բանակցային բովանդակության վերաբերյալ իմ վերապահումներն անելիս՝ ասել եմ հետևյալը․ ենթադրենք այդ հանրավքեն, ենթադրենք հայկական մեկնաբանությամբ պետք է տեղի ունենար։ Իսկ հայկական մեկնաբանությամբ տեղի չէր ունենալու երբե՛ք։ Բայց ենթադրենք, թե հայկական մեկնաբանությամբ տեղի ունենար։ Իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պիտի մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները։ Ենթադրե՛նք՝ ԼՂ ադրբեջանցիները մասնակցեին այն չափով, ինչ չափով որ մեկնաբանում էր հայկական կողմը, երբ որ ինքնորոշման իրավունքը, ենթադրե՛նք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում։ Հարց՝ իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքտում, իրենց հերթին, կարո՞ղ էին բարձրացնել իրե՛նց ինքնորոշման իրավունքը։ Եվ այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային։
Ես հիմա ազատ մեկնաբանություն չեմ անում, ես խոսում եմ բանակցային եղած բովանդակության նրբությունների մասին, որը հրապարակային մինչև օրս ոչ մի անգամ չեն քննարկվել։ Եվ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության ինչպիսի՞ պատկեր պետք է արձանագրվեր։
Այսօր հնչում են մտքեր, արվում են հայտարարություններ, որոնք իրականում 2018 թվականին առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն։ Կամ էլ այդ բանակցային բովանդակությունից մի նախադասություն է վերցված և այդ նախադասությունը դարձնում ենք դրոշակ։ Բայց այդ փաթեթը մի նախադասությունից չէ, նույնիսկ մեկ փաստաթղթից չէ ձևավորված։
Ու երբ որ ես ասում եմ, որ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, ես հենց այս համատեքստը նկատի ունեմ, որը մեկ շերտանի չի․․․
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք, երբեք չի դիտարկվել այդ բանակցային բովանդակությունում որպես զուտ հայկական միավորում, այն ընկավել է, դիտարկվել է և արձանագրվել է որպես հայկական և ադրբեջանական միավորում՝ առնվազն բնակչության մասով։
Եվ երբ որ դիտարկում ենք հարցը, պետք է դիտարկենք այն այս տեսակետից։ Լավ, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչություն․․․ Այն որտե՞ղ պետք է բնակվեր։ Ինձնից առաջ բանակցողները թող ասեն՝ որտե՞ղ պետք է բնակվեր։ Իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, ես կարող եմ դա ապացուցել անհրաժեշտության դեպքում, ոչ թե մեկնաբանել․․․
Իսկ եթե դուք հարցնեք՝ այդ ինչ աղետ է տեղի ունեցել 2016-ին բանակցությունների մեջ։ Ես կպատասխանեմ հետևյալնը․
2016 թվականին համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011 թվականից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ։
Սա՝ առաջինը։ Բայց աղետը սա չէ։
Այդ փաթեթներում նշվել է, և սա, ի միջի այլոց, մեր կողմից, հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում է, գովազդվում է, որ ասվում է այդ փաթեթում, որ Լեռնային Ղարաբաղը ունի օրենսդիր մարմին, դատական իշխանություն և այլն․․․
Բայց ոչ մեկ չի ասում, որ Լեռնային Ղարաբաղի այդ ժամանակավոր իրավիճակն ու կարգավիճակն, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդ։
Եվ ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում այ էս իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ։
Այստեղ ի՞նչ պրոբլեմ կա։ Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն է եղել՝ ամեն ինչ անել, որ հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տիրությունում։ 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում է ՄԱԿ-ի ԱԽ։ Եվ եթե դուք ուշադրություն դարձրած լինեք 2017 թվականին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին Հ1-ով, նա այնտեղ ասում է՝ ԼՂ կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը։ Ինքը հե՛նց սա նկատի ունի։
Երբ հասավ ՄԱԿ-ի ԱԽ, կանխատեսելի է արդյո՞ք, թե ինչ որոշում է կայացնելու ՄԱԿ-ի ԱԽ-ն։ Ի՞նչ հարց էր այստեղ լուծվելու։ Մի հարց՝ մինչև վերջնական կարգավիճակի լինելը, Ղարաբաղը ի վերջո ո՞ր երկրի մաս է կազմում։
Երբ որ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է, լուծումը դառնում է շատ կանխատեսելի մի։ Ինչո՞ւ։ Որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ հենց այդ նույն մարմինը, որը, ինչպես գիտենք, միջազգային իրավակարգի բարձրագույն մարմինն է, ընդունել է բանաձև․․․ 1993 թվականին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի անկախությունը ճանաչել է միջազգային հանրությունը և Հայաստանն ու Ադրբեջանը դարձել են ՄԱԿ-ի անդամ․․․ 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձև, որտեղ ասվել է հետևյալը․ ա) Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան է։ Ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։
Այ այս աղետն է տեղի ունեցել 2016 թվականին բանակցային գործընթացում։ Սա՛ է պատճառը, որ 2018-ի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ․․․ Ի՞նչով է սա կարևոր։ Կարևոր է նրանով, որ եթե ԼՂ այդ կարգավիճակը արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի՛ սահմանադրության համաձայն։
Հարց․ — Երկու հարց տամ Ձեր ասածի վերաբերյալ։ Նախ՝ 93 թվականի ՄԱԿ-ի ընդունած որոշմանն անդրադառնալով։ Բայց Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի էլ եղել․․․ Այսինքն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն ճանաչում էր Ադրբեջանի սահմանները Լեռնային Ղարաբաղը ներառյա՞լ։
Փաշինյան․ – Այո՛․․․ Այդ փաստաթղթերը հրապարակված են, հասկանո՞ւմ եք։ Եվ դուք, և այս պահին մեզ հետևող հեռուստադիտողները կարող են մտնել ինտերնետ, գտնել այդ տեքստերը․․․
Հենց սրա համար եմ ես ասում, որ մենք մի խնդիր ունենք, և ես ուզում եմ հաղթահարել այդ խնդիրը, և ես պիտի՛ հաղթահարեմ այդ խնդիրը․ ես չեմ ուզում, որ հիմա՝ էկրանների առաջ խոսեմ մի բան, բանակցային սեղանների շուրջ այլ բան, հետո գամ պատմեմ ժողովրդին ուրիշ բան․․․
Մեր մեծագույն պրոբլեմն է, որ, այո, երկար ժամանակ մենք մեր դիրքորոշումները հայտարարել ենք, դարձրել ենք պրոպագանդայի առարկա։ Ինչ որ ես ասում եմ՝ գաղտնիք չէ։ ՄԱԿ-ի ԱԽ բանաձև․․․ 1993 թվականի․․․ Ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Դիվանագիտական ամենամեծ հաջողույթուններից մեկը համարվում էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ձևավորվեց և ՄԱԿ-ի ԱԽ-ն, մնացած միջազգային կառուցները ըստ էության մեկուսացվեցին հարցից․․․ Մեկ էլ 2016 թվականին հարցը կտրտվում է, բաժանվում է մասերի և վերադարձվում ՄԱԿ-ի ԱԽ տիրույթ․․․
2018-ին գործընթացն այս փուլում էր։ Այն փուլում, որի մասին 2017-ին Սերժ Սարգսյանը ասաց՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար․․․
Հարց․ — Երբ դուք ստանձնեցիք 2018 թվականին իշխանությունը, ձեր առջև դրվե՞ց այդ փաստաթուղթը, որ հարցը գնում է ՄԱԿ-ի ԱԽ․․․
Փաշինյան․ — Ոչ թե ես եկա ու դրվեց, այլ այդ փաստաթղթերը արդեն սեղանին էին<․․․>
Ցանկացած պատերազմ կարելի է կանխել։ Բայց գին ունի դա։ Այս պատմության մեջ ինձ ուղղված շատ մեղադրանքներ կան։ Ես ուզում եմ ասել, որը կարող է լինել ինձ ուղղված ամենալեգիտիմ մեղադրանքը։
Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր․ սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք։ Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնե՛լու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։
Եթե որևէ մեկը ինձ ասի՝ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք էր ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի՝ դա կլինի լեգիտիմ մեղադրանք․․․