Հայաստանի Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ են կալանավորվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Հաղորդագրության համաձայն, N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն այս տարվա հուլիսին նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնության են եկել հափշտակել զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության 6 չօգտագործված վրանները։
Այդ նպատակով՝ սպաներն այդ վրանները հաշվառել են 44-օրյա պատերազմի արդյունքում անվերադարձ կորսված՝ արհեստականորեն դրանց ավելցուկ առաջացնելով, և հափշտակել ընդհանուր 6 726 000 դրամ արժողությամբ վրանները։
Այնուհետև, ըստ կոմիտեի, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն որոշել են հափշտակված վրանները վաճառել Պաշտպանության նախարարությանը և Ա.Կ.-ն համաձայնություն է ձեռք բերել իր եղբայր Է․Կ․-ի, վերջինիս ընկեր Կ․Ռ․-ի, ինչպես նաև ԶՈՒ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ի հետ։
Այս տարվա օգոստոսի 10-ին Կ.Ռ.-ն և Ա.Կ.-ն այցելել են ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են ԶՈՒ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Ա.Թ.-ին, ով, թեև տեղյակ էր, որ վրանները ՊՆ-ից գողացված են, նախաձեռնել է դրանց ձեռքբերման գործընթաց, իսկ օգոստոսի 20-ին Կ.Ռ.-ի և պաշտպանության նախարարության միջև կնքվել է վրանների գնման վերաբերյալ պայմանագիր և կատարվել է վճարում։
Հիշյալ արարքները կատարելու կասկածանքով Ա.Կ.-ն, Ա.Թ.-ն և դեպքի հետ առնչություն ունեցող Է.Կ.-ն և Կ.Ռ.-ն ձերբակալվել են։ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ), Ա.Կ.-ին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով իրացնելը), Տ.Պ.-ին՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Է.Կ.-ին՝ Քրեական օրենսգրքի 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Ռ.-ին՝ Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ա.Կ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։