Առավոտյան գործադուլի դուրս եկած երևանյան վարորդների մի մասը վերադարձել է աշխատանքի։
Քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ, ասում էին Ջրվեժի ավտոպարկի բակում հավաքված վարորդները։ Նրանց մի մասը համարում է, որ խնդիրը լուծվելու է, մյուս մասը պնդում, որ հարցը քննարկվում է քաղաքապետարանում, որոշները վստահ են, որ գործադուլը դեռ կշարունակվի։
«Մեր վարչության պետի ասածին մենք հավատում ենք», – ավտոպարկի շենքում ընթացող «բանակցություններից» հետո նշում է վարորդներից մեկը։
Քաղաքային իշխանությունները, ըստ նրա, իրենցից երկու օր ժամանակ են խնդրել․ «Ասել է՝ երկու օրվա մեջ, տղերք ջան, եթե չանեմ, էլի կկանգնեք»։
Վարորդները ավտոպարկի բակում էին սպասում։ Ով էր բանակցում նրանց անունից՝ չէր նշվում։ Տեսախցիկի առջև խոսելուց աշխատողները հիմնականում խուսափում էին՝ սահմանափակվելով միայն պահանջների կրկնությամբ։
Պահանջները մի քանիսն էին՝ աշխատավարձի բարձրացում, ապահովագրություն (մեքենաների համար՝ Կասկո, վարորդների համար՝ բժշկական փաթեթ), արժանապատիվ պայմաններ, վառելիքի հարց և այլն։
Բոլոր գործադուլ անողները քաղաքապետարանի ենթակայությամբ են աշխատում՝ Epress.am-ի լրագրողին հավաստիացնում էին ներկաներից մի քանիսը։ Որոշները խոսքի մեջ նշում էին, թե քաղաքապետարանից փող չեն ստանում։
«Նոր ավտոբուսները պետք ա 260 հազար ստանան, իսկ մենք դեռ պլանով են աշխատում», – ասում է տարեց ցուցարարներից մեկը։ «Մարդիկ գնում են, էտ թազեն են նստում, իսկ մենք մնում ենք առանց ուղևորի։ Բայց մեր վրա պլան ա դրած», – նշում է մյուսը։
Զրուցակիցները հրաժարվում էին ներկայանալ։
Կասկո, ընդմիջում, պլան, գազ
Քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, թե հանրային տրանսպորտի վարորդները ներկայումս շուրջ 260 000 դրամ (առանց հարկերի) աշխատավարձ են ստանում՝ 15 օրվա աշխատանքի համար։ Ըստ իշխանությունների՝ որոշ վարորդներ այժմ պահանջում են վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ ստանում էին նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ։
Մեր զրուցակիցները սա հերքում էին․ խնդիրը, ըստ նրանց, «պլանով» աշխատելու մեջ չէ, նման պահանջ իրենք չունեն։ Ֆիքսված աշխատավարձին կողմ են, բայց աշխատում են 15-18 ժամ՝ 10 րոպե ընդմիջումով, որի ընթացքում չեն հասցնում անգամ ճաշել։ Պահանջում են վերանայել և՛ պայմանները, և՛ աշխատավարձը։
Լրագրողների հարցերին պատասխանող վարորդներից մյուսը առաջարկում է «այդ 260 հազար դրամը դոգմա չսարքել» և ուշադրություն դարձնել «Կասկոյի» բացակայությանը։
«260 հազարը քիչ ա։ Մենակ էտ 260-ը չի։ Պտի խիղճդ հանգիստ լինի, մեքենան պտի Կասկո արած լինի, պադբրիսդ 1 միլիոն 200 հազար ա, վարորդին որտեղի՞ց 1 միլիոն 200 հազար, ֆառը՝ 800 հազար․․․ Պտի Կասկո անի, որ կարանամ խիղճս հանգիստ աշխատեմ», – ասում է բակում սպասող տղամարդը։
Նախկինում էլ, ըստ նրա, ապահովագրություն («Կասկո») չի եղել. այն ժամանակ չէին բողոքում, որովհետև կարողանում էին տակից դուրս գալ։
«Նախկինում մենք մեր հասույթը մուծել ենք, մի փոքր գումար ենք աշխատել, կարացել ենք․ եթե ես, ասենք, ավարիա եմ տվել, պադբրիս եմ ջարդել, խոսքի էտ պադբրիսը 100 հազար ա եղել, իմ աշխատավարձից քիչ-քիչ պահել են, ես չեմ նեղվել, որովհետև փող եմ ունեցել․ մի օր 5 հազար, մի օր 10 հազար։ Ես կարացել եմ տակից դուրս գալ»։
Ֆիքսված աշխատավարձը՝ 260 հազար, մեկ ամսվա հաշվարկով օրական մոտ 8 հազար 600 դրամ է կազմում (ամեն աշխատանքային օրվա համար՝ մոտ 16 հազար 200)․ քանի որ «չկա էտ օրականը», վարորդը դա «աղքատավարձ» է համարում։
Ավելի ուշ նա ուշադրություն է հրավիրում ծախսերի տարբերությանը․ «Հիմա ավտոբուսը 120 հազար դոլարանոց ավտոբուս ա՝ թանկարժեք, որի ամեն դետալը թանկ ա։ Էտ մեքենան պիտի «Կասկո» արվի, որ ես խիղճս հանգիստ աշխատեմ։ Նստում եմ ռուլին, անկախ ինձանից ոտքս դողում ա։ Աշխատավարձը մի կողմ, թող սկզբում «Կասկոյի» ու իմ բժշկական հարցերը լուծեն, մնացածը ընթացքում կարվի», – ամփոփում է նա։
Լրագրողի հարցին՝ իրենց տնօրե՞նն ասել է, որ դուրս չգան վարելու, ներկաներից մեկը (որը մեկ վարորդ էր ներկայանում, մեկ ավտոլվացող) պատասխանում է՝ «Տենց բան չեն ասել», մյուսը՝ «Ասել են համբերեք մինչ որոշվի։ Մենք չենք խառնվում»։
Ի վերջո ի՞նչ է որոշվել՝ գործադուլավորները հստակ չէին նշում։ Ասում էին՝ հաղթել ենք։ Մյուսները առաջարկում էին հարցնել քաղաքապետարանից։ Մեր զրուցակիցներից մեկը հավաստիացնում էր՝ վաղն էլ է լինելու գործադուլ․ «Էսի ռեկլամն ա, վաղը՝ կինոն»։
Թարմացում. — Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: