Հայ-ադրբեջանական նոր՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի, անհրաժեշտ կլինի շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դոլար․ 200 միլիոնը՝ Հայաստանից, 1 միլիարդը՝ Ադրբեջանից։ Ադրբեջանը թվեր չի նշում և կենտրոնանում է հիմնականում ժամկետների վրա։
Հայկական հատված
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շուրջ 45 կիլոմետրանոց հատվածը անցնում է Հայաստանի տարածքով։
Խոսքը Մեղրու երկաթգծի մասին է․ սովետական ենթակառուցվածներն այստեղ ամբողջությամբ ապամոնտաժվել են, նախկին երկաթգիծը վերածվել է ավտոմոբիլային ճանապարհի, նորը կառուցումը, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, շուրջ 200 միլիոն դոլար կարժենա։
Շինարարությունը, ըստ նրա, կտևի մոտ 3 տարի։ Աշխատանքները դեռևս չեն սկսվել։
Ադրբեջանական հատված
Նույն երկաթուղու՝ Ադրբեջանի տարածքով անցնող մոտ 100 կմ-անոց հատվածը Հորադիզից ձգվում է մինչև Հայաստանի սահման։
Շինարարությունն այստեղ կավարտվի մինչև 2023 թվականի տարեվերջ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հույս հայտնելով, որ նույն ժամկետների մեջ կտեղավորվի նաև Հայաստանը։
Երկաթգծի մոտ հարյուր կիլոմետրանոց հատվածի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել էին դեռևս 2021-ի փետրվարին։ «Ադրբեջանական երկաթգիծ» ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովը ավելի վաղ հավաստիացրել էր, որ շինարարությունը կավարտվի 2023թ. առաջին եռամսյակում։
Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը․ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունների ընթացքում, և հաստատվել է Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի նախագահի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։ Մեղրու տարածքով անցնող երկաթգիծը Ադրբեջանը կկապի Նախիջևանի էքսկլավի, իսկ Նախիջևանի միջով՝ նաև Թուրքիայի հետ։ Հայաստանը (Ադրբեջանի տարածքով) երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի և Իրանի հետ։ Հայաստանի կառավարությունից ընդգծում են՝ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո: