Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հատվածների շինարարության համար, ըստ էկոնոմիկայի նախարարի, անհրաժեշտ է ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար, լրագորղնեևի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Երասխի հատվածը, ըստ Քերոբյանի, շատ գումար չի պահանջի․ «մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է»:
«Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավական ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է, և ճանապարհը դարձել է ավտոմոբիլային։ Այստեղ կարող է նոր ճանապարհի անհրաժեշտություն լինի: Կարծում եմ, որ կարող է մինչև 200 մլն դոլարի սահմաններում լինի ներդրումը»,- նշել է պաշտոնյան։
Իսկ Հայաստանի սահմանից մինչև Հորադիզ երկաթգծի վերագործարկման համար, ըստ նախարարի, կպահանջվի ավելի խոշոր՝ 1 միլիարդ դոլարից ավել ներդրում։ Երկաթգիծն այնտեղ ևս ապամոնտաժված է։
Ժամանակացույցն ու կառուցվելիք գծի կոնկրետ հատվածները դեռ հստակեցված չեն։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին հայտարարել է, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը․ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով:
Բրյուսելում Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում «Զանգեզուրի միջանցքը» համեմատել էր «Լաչինի միջանցքի» հետ և հայտարարել՝ Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր, հետևաբար՝ դրանք չպետք է լինեն նաև Զանգեզուրի միջանցքում։ (Դեռ եռակողմ բանակցությունները չսկսած) Փաշինյանը հակադարձել էր՝ Ադրբեջանի նախագահի տարած զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար և աղերս չունեն մինչ օրս եղած քննարկումների հետ։ Հանդիպումից հետո, սակայն, Եվրախորհդրաի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ երկաթուղու մասով պայմանավորվածության հասնել հաջողվել է, իսկ ավտոմոբիլային հաղորդակցության մասով՝ ոչ։