Սոչիում ընթանում է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Մինչև փակ բանակցությունների մեկնարկը՝ երեք երկների ղեկավարները փոխանակվեցին ներածական խոսքերով՝ տեսախցիկների առաջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմերին շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու, «հայտնի փաստաթղթի ընդունումից մեկ տարի անց՝ կատարված աշխատանքի արդյունքներն ամփոփելու նպատակով» Սոչի ժամանելու համար։
«Այս ընթացաքում իսկապես քիչ բան չարվեց», – ասաց Պուտինը՝ ընդգծելոբ՝ ցավոք, դեռ ոչ բոլոր հարցերն են լուծված։
«Գիտեմ նաև սահմանային միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում և վիրավորվում։ Սրանք հարցեր են, որոնք մեր կողմից հատուկ ուշադրություն են պահանջում։
Փաստացիորեն, հենց դրա համար ենք մենք հավաքվել, այդ թվում՝ այսօր, որպեսզի ապագայում խուսափենք նմանատիպ միջադեպերից։
Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում, ամեն դեպքում, քիչ բան չի արվել։ Նախևառաջ՝ լայնամասշտաբ մարտական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքն շատ լավ է։
Այս ընթացքում, մեր օժանդակությամբ, մեծ աշխատանք է տարվել փախստականների վերադարձի հետ կապված․ 53 000 հոգի արդեն մշտական բնակության վայր է վերադարձել։
Լավ մոնիտորինգային խումբ է ստեղծված, մեր կոնտինգետն է աշխատում, որքան ես հասկանում եմ՝ երկու կողմի գնահատականներով, աշխատում է ըստ արժանվույն, մարդկանց կյանքի համար անվտանգ պայմաններ է ապահովում։ Գործում է նաև կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը։
Բայց ամենակարևորն այն է, որ պայմաններ են ստեղծվում հետագա նորմալ, խաղաղ կյանքի համար»։
Երեք երկրների փոխվարչապետերի կատարած աշխատանքի համատեքստում Պուտինը ընդգծեց՝ առաջիկա ժամանակներում հնարավոր կլինի «ոչ միայն հաստատել ճանապարհների ապաշրջափակման հարցերով համապատասխան խմբի աշխատանքը, այլև ընդունել բոլորի համար անհրաժեշտ որոշումներ»։
«Ինձ թվում է՝ հենց սրանում է կայանում մեր բոլոր ջանքերի նպատակը, այն է՝ տարածաշրջանի վերածննդի համար պայմաններ ստեղծելը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց անվտանգ զգալ, զբաղվել տնտեսվարությամբ, զարացնել տնտեսությունը»։
Վլադիմիր Պուտինը նաև հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս կողմերը կսկսեն աշխատանքները սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ․ «Պարզ է, որ բարդ հարց է։ Այն մեզ բաժին է հասել դեռ Խորհրդային Միությունից, հստակ սահման այնտեղ չի եղել։ Բայց այդ ամենի մասին խոսելու հնարավորություն կա։ Համաձայն եմ երկու գործընկերներիս հետ էլ, որ որքան շատ են շփումները, այդ թվում՝ ուղիղ, այդքան լավ է․․․»։
Ռուսաստանը, Պուտինի խոսքով, ողջունում է նաև Փաշինյանի և Ալիևի՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք հանդիպումը․ «Մենք միայն ողջունում ենք մեր գործընկերների ներգրավումն այս երկխոսության մեջ։ Կարևորը, որ այն օգտակար լինի»։
Խոսեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․
— Ադրբեջանում մենք շատ ենք գնահատում ձեր անձնական ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում և, իհարկե, ակտիվ մասնակցությունը անցյալ տարվա հայտարարության տեքստի համաձայնեցման գործում։ Ինչպես դուք նշեցիք, մենք այս ձևաչափով հանդիպել ենք տարեսկզբին և հանդիպում ենք հիմա՝ արդեն տարվա վերջին․ կարելի է որոշակի հանրագումարի բերել:
Իհարկե, ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է․ լուրջ միջադեպներ չեն եղել, չեն եղել կանխամտածված սադրանքներ, հանդիպող եզակի դեպքերը ոչ համակարգային բնույթ են ունեցել։
Ուստի՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբին՝ լավ ծառայության համար։ Նրանք անվտանգություն են ապահովում տարածաշրջանում, որը երկար տարիների ընթացքում գտնվել է սառեցված հակամարտության, իսկ նախորդ տարի՝ լայնամասշտաբ պատերազմի վիճակում։
Ադրբեջանն այս տարվա ընթացքում առավելագույն կառուցողականություն է ցուցաբերել պատերազմի հետևանքների վերացման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։
Կարծում եմ՝ [կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն] ամենակարևոր հարցերից մեկն է, այն հարցերից, որ դեռևս լուծված չեն։ Որովհետև որ անցած տարվա նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները իրագործված են։ Կարծում եմ, որ այսօր, մենք ձեզ հետ արդեն նախապես այդ մասին խոսել ենք, այս հարցը կքննարկվի։
Ինչպես նաև կքննարկվի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որոշման խնդիրը․ մենք շատ բարձր ենք գնահատում այդ հարցում ռուսական կողմի աջակցությունը՝ այդ թվում խորհրդատվական։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դելիմիտացված չէ։ Այդ իսկ պատճառով մենք բազմիցս հայտարարել ենք հրապարակայնորեն, որ պատրաստ ենք սկսել դելիմիտացիայի անհետաձգելի գործընթացը։ Ասեմ ավելին՝ մենք նաև հրապարակայնորեն հայկական կողմին առաջարկել ենք սկսել խաղաղության պայմանագրի վրա աշխատանքները, որպեսզի վերջ դրվի հակամարտությանը, որպեսզի փոխադարձաբար ճանաչենք միմյան տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը, և ապրենք որպես հարևաններ, սովորենք վերստին ապրել որպես հարևաններ։
Վերջում ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը․
— Նախևառաջ՝ մինչև մեր այսօրվա օրակարգին անցելու, թույլ տվեք իմ և հայ ժողովրդի անունից ցավակցել ձեզ Կուզբասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Բազմաթիվ մարդիկ են զոհվել, և ես ուզում եմ իմ կարեկցանքը հայտնել զոհված հանքափորների հարազատներին։
Ձեր անձնական դերակատարությունն ու Ռուսաստանի Դաշնության դերակատարությունն անցյալ տարվա պատերազմի դադարեցման մեջ ակնհայտ է։ Նոյեմբերի 9-ից հետո արդեն ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում․․․ Ակնհայտ է, որ հենց ռուսաստանցի խաղաղապահներն են, Ռուսաստանի Դաշնությունն է առանցքային դեր խաղում Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ։
Բայց ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք։ Անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո մի քանի տասնայկ մարդ է զոհվել երկու կողմերից։ Միջադեպեր են լինում նաև Լեռնային Ղարաբաղում, այս տարվա մայիսի 12-ից սկսած մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Եվ մեր գնահատականն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք։ Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դելիմիտացված և դեմարկացված չէ, բայց պետական սահման գոյություն ունի – և դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է։
Ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ բոլոր դրույթները, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, կատարծված են։ Դուք գիտեք, և մենք բազմիցս քննարկել ենք դա և դեմ առ դեմ, և հեռախոսով, որ գոյություն ունի նաև պատանդների, պահվող այլ անձանց և ռազմագերիների խնդիրը։ Եվ դա շատ կարևոր հումանիտար հարց է։
Ուզում եմ նշել, որ այսօր մենք հավաքվել ենք ոչ թե որպեսզի ձևակերպենք խնդիրները, այլ՝ քննարկենք առկա խնդիրների լուծումները։
Ես ևս բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը։ Բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն հետաքրքրված ենք այս հարցերի լուծմամբ։
Ադրբեջանի նախագահի հետ ձեր երկկողմ հանդիպման ընթացքում դուք հիշատակեցիք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդիրը։ Ադրբեջանի նախագահը այստեղ նույնպես հիշատակեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին։ Իհարկե, մենք նույնպես հետաքրքրված ենք դրանով և կարծում ենք, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Բայց ես կարծում եմ, որ շատ հարցեր հարկավոր է և կարելի է քննարկել և լուծել եռակողմ ձևաչափով և երկկողմ ձևաչափով։ Արդեն ուրվագծվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև ուղիղ կապի հնարավորությունը, կարծում եմ՝ դա նույնպես կարևոր է ընդգծել․․․
Այսօրվա հանդրիպման գլխավոր իմաստը առկա խնդիրների մասին բարձրաձայնելը չէ, այլ այն, որ մենք այսօր կարողացել են հանգել տարածաշրջանում, Հարավային Կովկասում կայունությանն ուղղված կոնկրետ, որքանով դա հնարավոր է՝ կոնկրետ լուծումների, որովհետև դա մեր պատասխանատվությունն է՝ խաղաղությունը, կայունությունը և մարդկանց անվտանգությունը։
Ռուսաստանի նախագահը եռակողմ բանակցություններից առաջ այսօր զրուցել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, ով ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբում ներկայացնում է Ռուսաստանի դաշնությունը։ Օվերչուկը ավելի վաղ Բաքու և Հայաստան էր եկել։ Պուտինն այսօր նաև հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի և Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարի հետ, որին և ենթարկվում է սահմանապահ ծառայությունը։
Կրեմլը հաղորդել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այսօր նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։
Նշենք, որ այսօր նախատեսված էին նաև Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումներ։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն արդեն հանդիպել են՝ եռակողմ բանակցություններից առաջ։