Home / Հայաստան / Նախիջևանը կորցնելու եզրին․ Երևանում էլի ակցիա է

Նախիջևանը կորցնելու եզրին․ Երևանում էլի ակցիա է

Նոյեմբերի 23-ին «Ազատագրական շարժում» նորաստեղծ նախաձեռնության անդամները շրջում էին երևանյան բուհերով և իրազեկում Հանրապետության հրապարակում հրավիրված իրենց երկրորդ հանրահավաքի մասին։

Երեկ շարժման անդամները առավոտից փակել էին Երևանի կենտրոնական փողոցներից մի քանիսը․ խցանումները կոչված էին իրազեկելու նախաձեռնության անդրանիկ ցույցի մասին, որի ընթացքում ներկայացվեցին նաև հիմնական պահանջները։

1CC0B20E-9468-4FCB-A851-481E18A6E755

Հանրահավաքները առանձնապես մարդաշատ չէին։ Մասնակիցների զգալի մասը լրագրողներին ծանոթ էին դեռ նախընտրական շրջանի՝ «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերից։

B6FD2A5D-0E9F-4730-9C29-FD4D616422E1

Կազմակերպիչների շարքում մամուլը առանձնացնում էր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին (2021 թվականի հունվարին լքել է խմբակցությունը, մինչև արտահերթ ընտրություններ՝ աշխատել որպես «անկախ պատգամավոր») և փաստաբանների պալատի արդեն նախկին նախագահ Արա Զոհրաբյանին, որը աչքի էր ընկել դեռ 16+ կուսակցությունների նախաձեռնած «Հայրենիքի փրկության շարժման» օրերին։

Կազմակերպիչներից էր նաև Նաիրի Հոխիկյանը․ վերջինս ներկայանում է որպես լրագրող կամ թուրքագետ։

73B493C1-F3B6-4D0A-8F4B-B06D207E0C66

Պահանջները երեքն են։ Առաջինը՝ կանխել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման «ծրագիրը», հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։ Երկրորդը՝  «թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն»։ Երրորդը՝ զինել առաջնագիծը և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

BD4CB190-8A22-4C2A-A350-E0A11E25EFC6

Արդեն պաշտոնապես հաստատված է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հանդիպմանը նախատեսվում է երկու փաստաթուղթ ստորագրել․ մեկը վերաբերելու է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որի անհրաժեշտությունը Ռուսաստանը շեշտում է ամեն էսկալացիայից հետո, մյուսը՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, որի շուրջ արդեն ամիսներ շարունակ եռակողմ բանակցություններ են ընթանում։ 

Այս հեռանկարը նորաստեղծ շարժումը «հակահայկական ծրագիր է» անվանում և մտադիր է պայքարել դրա «իրագործման» դեմ։ 

175ED894-F994-404B-99A3-FFB9C675B1A7

«Յուրաքանչյուր մշակույթի գործիչ, արվեստագետ կամ ցանկացած մասնագիտության տեր մարդ առաջին հերթին պետք է ունենա ազգային պատկանելիություն՝ մինչև իր մասնագիտական և նույնիսկ մինչև իր քաղաքացիական պատկանելիությունը։ Եթե չունի՝ չի կարող լինել մտավորական», – լրագրողների հարցերին երեկ պատասխանում էր շարժման մասնակից՝ հայ ժողովրդական երգերի մեկնաբան Արսեն Գրիգորյանը, որն ավելի հայտնի է որպես Մրո։

61BCBFF1-A68A-4FDE-866D-D393708406F6

Սպասվող փաստաթղթերի բովանդակությունը, ըստ Գրիգորյանի, պետք է նախօրոք հանրայնացվի, քանի որ մենք «ժողովրդավարական պետություն» ենք, «մեր երկիրը ոչ միայն հայաստանաբնակ, ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ ամբողջ աշխարհի հայության երկիրն է»։

3A87D2BE-C81B-4A86-BA53-63779993347D

Նրա հետ համակարծիք է նաև «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հեղինակ, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը։

22A88C23-C960-474E-80B4-22A1B9C20A28

Ճեպազրույցներից հետո սկսվեցին նաև ելույթները։ Բարձրախոսը Նաիրի Հոխիկյանի մոտ էր։

«Մենք պետք է միասնական մեկ բռունցք լինենք։ Եվ ուրեմն՝ մենք դեռ կանք», – հայտարարեց Հոխիկյանը՝ վանկարկելով՝ «Մենք դեռ կանք», «Մենք դեռ կանք» և ամփոփելով՝ «Մենք դեռ կանք ու կլինենք, ու կպայքարենք երկար-երկար»։

71ED02EC-89B8-4EDE-854C-4FA6BF59E4CF

Հոխիկյան․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական որևէ տեսակի սահմանների ճանաչում եղել է 1918 թվականին, երբ առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը»։

33FE5708-3406-40DD-B5AF-16DBDE24CF7A

Թուրքագետը եզրակացրեց՝ «միակ օրինական միջպետական փաստաթղթով» Հայաստանի տարածքի մեջ են մտնում «Արցախը, Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը՝ ձեր իմացած Զանգիլանը, նաև՝ Նախիջևանը, Շահումյանի շրջանը»։

09E999D9-73DE-4EEF-86BE-C86C369A3013

Ըստ նրա՝ եթե Հայաստանը դելիմիտացնի իր սահմանները, այն կճանաչի, որ Արցախը և «մեր հայրենիքի բազմաթիվ այլ տարածքներ, այդ թվում՝ Նախիջևանը, Կովսականը, Քարվաճառը, Քաշաթաղը» Ադրբեջանի կազմում են լինելու։

«Համաձա՞յն եք արդյոք դրան», – հարցրեց Հոխիկյանը։ «Ոչ», – վանկարկեցին հավաքվածները։

— Համաձա՞յն եք թշնամուն տալ Քարվաճառը։
— Ոչ։
— Համաձա՞յն եք թշնամուն տալ Արցախը։
— Ոչ։
— Եվ ուրեմն՝ ազատագրական շարժումով մենք տեր ենք կանգնելու մեր երկրի ամեն մի սանտիմետրին։

DC11C4D9-DF01-4AD4-A4D0-62FE38043506

Հոխիկյանը բարձրախոսը փոխանցեց Վազգեն Պետրոսյանին։ Քաղաքագետ Պետրոսյանը, ըստ նրա, պետք է «ավելի մանրամասն ներկայացներ սահմանագծման, սահմանազատման հարցերը»։

2CDD1079-0B78-413E-8828-A8F548A4B00E

«Այսօր տարբեր-տարբեր ձևերով փորձում են մեր հայ ժողովրդի զգոնության զանգի բլթակը կտրել, որպեսզի որևիցե մի անգամ էլ չկարողանա հայ ժողովրդի արդար զանգը զրնգա», – սկսեց Պետրոսյանը։

323E5DB4-32AB-4E20-A4AB-4162DCE372D7

Քաղաքագետը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ որևէ սահմանազատում չի եղել, և եթե մենք այսօր գնանք «այդ սահմանազատման և սահմանանշման, նշանակում է՝ մեկընդմիշտ մոռանում ենք Արցախը, Նախիջևանը․․․»։

F5A98BB6-C824-4D54-A266-21F8D76C9F80

«Ամենակարևոր հարցը․ եթե մենք ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան հնարավորություն կունենա պարտադրելու նաև Հայաստանին, որ ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իսկ դա նշանակում է միջազգայնորեն հրաժարվել հայոց ցեղասպանությունից», – ամփոփեց Պետրոսյանը։

Աշխարհը, ըստ նրա, պետք է իմանա, որ «մեզ չի հետաքրքրում, թե իրենք ինչ են մտածում մեզ համար»։

56F8F263-65E0-4C8A-8B42-D0D57FAB877D

Ելույթ ունեցավ նաև փաստաբան Արա Զոհրաբյանը։

A8C5291E-761F-42E2-A6CD-B8E5DD8F20F2

Զոհրաբյանը հայտարարեց՝ նույնիսկ կենդանիները, երբ որ անտառում հրդեհ է լինում, մի գերանի վրա «միմյանց հակասող գազաններով» փրկվում են։

«Ցավոք, մենք դեռ չենք հասել այն վիճակին, որ ինքնապահպանման բնազդը մեզ գոնե հուշի, որ մենք պետք է արթնանանք», – եզրակացրեց Փաստաբանների պալատի նախկին նախագահը։

803E10BB-6AB5-45C6-9328-3CE528E12EB5

Արդեն նոյեմբերի 23-ին «Ազատագրական շարժումը»՝ ի դեմ Արա Զոհրաբյանի, ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին, որ գա իրենց հարցերին պատասխանելու։ Վերջնագրից քիչ անց սկսվեց Հայաստանի վարչապետի նախօրոք հայտարարված մամուլի ասուլիսը։

BC63AA0E-333D-4D26-988F-041F234B8A4A

Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի
«Ազատագրական շարժման» նոյեմբերի 22-ի հանրահավաքներից