Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից «միջանցք» արտահայտություն չենք լսել։ Այստեղ է Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունը․ անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում են՝ եթե միջանցք չտաք, մենք պատերազմով միջանցքը կստանանք։
Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին։
Հարցը վերաբերում էր նրան, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված «անարգել երթևեկությունը» կիրառելով՝ պնդում է, թե սա հենց «սուվերեն միջանցք է նշանակում»։ Վարչապետին հարց էր ուղղվել՝ «արդյոք հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհ տրամադրել Ադրբեջանին»։
«Ավելի տրամաբանական չի՞, որ եթե դա նշանակեր «սուվերեն միջանցք»՝ գրված կլիներ «սուվերեն միջանցք»։ Մանավանդ, որ էդ նույն փաստաթղթի մեջ «միջանցք» բառն օգտագործված է «Լաչինի միջանցք» ձևակերպումով <․․․>։
Հունվարի 11-ի հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որը, Ադրբեջանի մասնակցությամբ, արձանագրել է, որ ճանապարհները վերագործարկվելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության հիման վրա։
Հաջորդ խնդիրը երթուղիների խնդիրն է, որը նույնպես իր մեջ բավական նրբություններ է պարունակում։ Եվ եթե դա սուվերենության շրջանակներում է տեղի ունենում և Հայաստանն ասում է՝ պատրաստ եմ ապահովել Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ճանապարհ, կներեք, բայց Հայաստա՛նն է որոշում՝ ինքը ինչ ճանապարհով է ապահովում էդ հաղորդագցությունը։ Հակառակ դեպքում՝ ի՞նչ սուվերենություն», – նշել է Փաշինյանը։
Ադրբեջանը, ըստ նրա, պետք է երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհ ստանա․ «Տվյալ դեպքում Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է խոսքը, մեծ միջազգային ճանապարհի մասին է խոսքը»։
«Հույս ունեմ՝ ճիշտ կհասկացվեմ։ Կարծում եմ, որ էդտե՛ղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի։ Ինչո՞ւ Հայաստանը պետք է հրաժարվի ճանապարհ տալուց։ Աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար՝ որ ճանապարհները անցնեն իրենց տարածքով, որ երկաթուղիները, գազամուղերը անցնեն իրենց տարածքով, նավթամուղերը անցնեն իրենց տարածքով․․․
Մենք ավելին ենք ասում․ մենք շահագրգռված ենք, որ Թուրքիայի երկաթուղին բացվի և խոսքը լինի ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, նկատի ունեմ՝ Նախիջևան-Մեղրի, հետո՝ Հորադիզ երկաթուղու մասին։ Մենք ուզում ենք, որ Կարս-Գյումրի երկաթուղին բացվի և ավելի մեծ կոնտեքստ ստանա, որից Հայաստանը նույնպես կօգտվի։ Ոչ միայն գնա դեպի Ռուսաստան, գնա նաև դեպի Եվրոպա․ երկաթուղային կապ ստանա Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ»։
Ադրբեջանն, ըստ կառավարության ղեկավարի, հասկանում է, թե դա ինչ է նշանակում, դրա համար էլ անընդհատ փորձ է անում՝ «այդ թվում Հայաստանի ներսում նյարդային մթնոլորթ ստեղծել, որպեսզի ստացվի, որ Հայաստանն ինքն իր ապաշրջափակմանը դեմ է»։
«Այսօր Ադրբեջանը հստակ օգտագործում է Հայաստանում որոշ ուժերի՝ չգիտեմ որտեղից հրահրվող տրամադրությունը, որ պիտի ճանապարհ չտաք։
30 տարի Հայաստանի՝ միջազգային բոլոր ատյաններում Ադրբեջանի նկատմամբ մեղադրանքը եղել է այն, որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում են շրջափակման քաղաքականություն։ Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ ստեղծվի իրավիճակ, որ Թուրքիան և Ադրբեջանն ասեն․ մենք շրջափակումը հանում ենք, կոմունիկացիան տալիս ենք․․․ հիմա Հայաստանն ասում է՝ չէ, ես ոչ մի դեպքում ճանապարհ չեմ տա։ Դա աբսուրդ է ուղղակի։
Բայց, մյուս կողմից, Ադրբեջանը զարգացնում է միջանցքային տրամաբանությունը։ Չկա միջանցքային տարամաբանություն։ Ուղղայի գոյություն չունի։
Ես ուզում եմ՝ ժողովուրդը հասկանա։ Այսօր ասում են՝ միջանցք են տալիս, Սյունիք են տալիս․․․ Եթե Հայաստանում տենց տվող կառավարություն լիներ, էտ կրակոցները չէին լինի։ Ի՞նչ իմաստ կունենային էդ կրակոցները։ Էտ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ՝ բոլոր կողմերից, չէր լինի, եթե մենք տենց հեշտ տվող լինեինք կամ ընդհանրապես տվող լինեինք, չէր լինի դա»։