ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։
«Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկու երկրների տարածքային ամբողջականության ընդունմանը զուգահեռ։ Ադրբեջանը նաև կողմ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսելուն», – ասել է Ասադովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կողմնակիցն է․ «Դրանից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ տարածաշրջանի այլ երկրներ ևս»։ Դա, ըստ Ասադովի, տնտեսական հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանա ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ամբողջ ԱՊՀ համար։
Ադրբեջանը ելնում է այն հանգամանքից, որ Հայաստանի հետ հակամարտությունն անցյալում է մնացել։ Բաքուն կողմ է միջազգային նորմերի շրջանակներում հնարավորինս արագ սահմանազատման և սահմանագծման։ «Ադրբեջանը երբեք ուրիշի տարածքների հանդեպ հավակնություններ չի ունեցել, բայցև սեփական հողից մի թիզ անգամ ոչ-ոքի չի տա»։