Home / Առողջապահություն / Ինչ խնդիրներ են արձանագրվում զորակոչիկների բժշկական հետազոտութունների ժամանակ․ ՀՔԱՎ

Ինչ խնդիրներ են արձանագրվում զորակոչիկների բժշկական հետազոտութունների ժամանակ․ ՀՔԱՎ

2020-2021թթ․ հուլիսի 31-ի դրությամբ՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 294 զինվորական անձ, որից 98-ը՝ զորակոչիկ։ Նրանց մի մասը բողոքել է բուժհաստատություններից, որոնք բուժզննության ընթացքում թույլ են տալիս մի շարք խախտումներ․ չեն պահպանում համավարակի անվտանգության կանոնները, չեն տրամադրում առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, եզրակացություններում չեն արձանագրում բոլոր գանգատները, կայացնում են չհիմնավորված որոշումներ։ Եվ սա ամբողջական ցանկը չէ։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը։

Իրավապաշտպանների ուսումնասիրությունները, սակայն, այլ բան են ցույց տալիս։

Բուժհաստատությունները երկար տարիներ չեն արձանագրել զինակոչիկների բոլոր գանգատները առողջական վիճակի մասին, ինչի արդյունքում բանակ են զորակոչվել տարբեր առողջական խնդիրներ ունեցող անձինք։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) բացահայտ գործել է հօգուտ ՊՆ-ի՝ ուղղակի համալրելով բանակի թվաքանակը։

Այս պարագայում՝ բուժհաստատությունները պետք է իրականացնեին օրենքով սահմանված բուժզննում, արձանագրեին հայտնաբերած առողջական բոլոր խնդիրները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կատարեին անվճար բուժում։

ՀՔԱՎ ուսումնասիրությունների համաձայն՝ միայն  2020 թ․՝ մինչև պատերազմը, բանակում զինվորների մահացության դեպքերի 25 տոկոսը եղել է առողջական խնդիրների պատճառով։

տես նաև՝ 2019 թ. ձմեռային, 2020 թ. ամառային, 2020 թ. ձմեռային և 2021թ․ ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույց

Հաճախ զորակոչի ընթացքում ոչ պատշաճ բժշկական հետազոտություն իրականացնելու հետևանքով զորակոչիկը ճանաչվում է պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը այն պարագայում, երբ նրա առողջական վիճակի հիման վրա պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայությանը։

Ինչ վերաբերում է համավարակի պայմաններում զորակոչի կազմակերպմանը, ապա չնայած նրան, որ ՊՆ ներկայացուցիչները հայտարարում էին, թե զինկոմիսարիատներում կատարվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները, առողջական խնդիրներ ունեցող և կասկածելի ախտանշաններ ունեցող զորակոչիկները չեն զորակոչվելու, նաև կարանտինային փուլով են անցնելու՝ մինչ զինված ուժերի շարքերը համալրելը, այս դեպքում էլ իրավապաշտպանների ուսումնասիրություններն այլ պատկեր են ցույց տալիս։

Զորակոչի ընթացքում զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները ոչ միայն չեն պահպանել համավարակի կանխարգելման կանոնները, այլև զորակոչիկների զննությունն իրականացրել են այլ զորակոչիկների կամ այլ անձանց ներկայությամբ, ինչը ոչ միայն համավարակի կանոնների խախտում է, այլև առողջական վիճակի գաղտնիության իրավունքի։

այլ մանրամասներն՝ այստեղ