Home / Բանակ / Ի ծնե առողջական խնդիրներով զորակոչված երիտասարդը վաղաժամ զորացրվել է

Ի ծնե առողջական խնդիրներով զորակոչված երիտասարդը վաղաժամ զորացրվել է

Առողջական խնդրով ՀՀ զինված ուժեր զորակոչված շարքային Ալբերտ Շառոյանի մասին ՀՔԱՎ գրասենյակը տեղեկացել էր ԶԼՄ հրապարակումներից: 2020 թ.-ի փետրվարին  զինծառայողի քույրը՝ Կիմա Շառոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել եղբոր առողջական խնդիրների մասին, մասնավորապես նշելով՝«Եղբայրս ի ծնե առողջական խնդիրներ է ունեցել՝ ձախ ոտքի դեֆորմացիա, հարթաթաթություն, ոտքերը իրարից 1սմ կարճ ու երկար են, բայց բժշկական հանձնաժողովը չի տեսել խնդիրը, ու զորակոչել են բանակ»:  Խնդրին անդրադարձել էր նաև Epress.am-ը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ հրապարակումներին հեգնախառն արձագանքել էր նաև ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում. «Համացանցում նյութ է պտտվում զինվորի ոտքերի երկարության հետ կապված։ Հարգելիներս, ես հասկանում եմ, որ մենք հաճախ էմոցիոնալ ենք մոտենում հարցերին, եթե մեր երեխան, ըստ մեզ, խնդիր ունի, ապա բոլորը սխալ են, բայց ՀՀ առողջապահության համապատասխան մասնագետների վրա կասկածել պետք չէ։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը տվյալ զինծառայողին ճանաչել է պիտանի՝ գործելով լրիվ օրենքի սահմաններում։ ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 -ի 404 Ն որոշման համաձայն՝ 43 գ հոդվածով նա պիտանի է ծառայության։ Հորդորում եմ զերծ մնալ չհիմնավորված տեղեկությունների տարածումից և չարատավորել ՀՀ ԶՈւ-երի համբավը։ Եվ չնայած ամեն դեպքում ցանկացած նման դեպքում մենք լրացուցիչ ուսումնասիրում ենք»։

Կիմա Շառոյանի խոսքերով՝ «զորակոչվելուց հետո գտնվել է բուժկետում, բացի ցավազրկողից` ոչինչ չեն արել, վիճակը շատ լուրջ է: Երդման արարողության օրը բոլոր զինվորները ոտքով են եկել, իսկ իրեն մեքենայով են բերել»։ Դեպքի վերաբերյալ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հետևյալ մեկնաբանությունն էր ներկայացրել. «Ընտանիքն ինչ ասես կարող է պնդել, բայց կա բժշկական հանձնաժողով, մասնագետներ առողջապահությունից։ Իսկ փաստաթղթերն այլ բան են ասում, ասում են, որ կարող է սահմանափակումներով ծառայել, այսինքն ոչ լիարժեք շարային ծառայության, բայց ենթակա է ծառայության: Երեկ տարվել է հոսպիտալ, կրկին անցել  համապաստախան զննություն և նորից հաստատվել է այն, ինչ ես արդեն ասել եմ՝ ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 ի 404 Ն որոշման համաձայն 43 հոդվածի գ կետով նա պիտանի է ծառայության»:

Արծրուն Հովհաննիսյանը լրատվական կայքերից մեկին էր փոխանցել նաև զինվորի ոտքերի լուսանկարները՝ նշելով՝ «Սրանք հենց երեկվա նկարներ են, իսկ քրոջ արածը` չգիտեմ, հավանաբար, ծառայության առաջին օրերի նկար է, քանի որ բոլորն էլ առաջին օրերին այդ վիճակում են հայտնվում: Ցանկացած մարդ  քաղաքացիական կյանքից որ անցնում է զինվորականի և մի քանի ժամ ոտքից չի հանում զինվորական կոշիկը, մանավանդ` շարային է անում, ապա ոտքերը այդպես ուռում են»:

ՀՔԱՎ գրասենյակն անմիջապես կապ էր հաստատել զինծառայողի քրոջ հետ և 2020 թ. ապրիլի 17-ին համապատասխան գրությամբ դիմել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Նախարարին ուղղված գրության մեջ գրասենյակը մանրամասնել էր զինծառայողի առողջական վիճակը, որով նա զորակոչվել էր ՀՀ զինված ուժեր՝ չմոռանալով անդրադառնալ նաև ՊՆ նախկին խոսնակի մեկնաբանություններին:

«Ակնհայտ է, որ եթե նույնիսկ զինծառայողը ճանաչվել է պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումներով, 2,5 ամիս շարունակ չի մասնակցել զինվորական որևէ միջոցառման ու գործողությունների, չի կարողացել արդյունավետորեն կատարել իր զինվորական պարտականությունները, ավելին՝ անընդհատ գտնվել է զինվորական հոսպիտալում և, ըստ քրոջ՝ որևէ բուժում կամ բժշկական միջոցառում չի իրականացվել, զինծառայողի վիճակը չի լավացել: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ դիմում եմ Ձեզ՝ զինծառայողի առողջական վիճակի համալիր հետազոտության՝ մասնավորապես՝ վերոնշյալ խնդրի առիթով արդյունավետ բուժում ապահովելու,  անհնարինության դեպքում՝ զինծառայությանը նրա պիտանիության օրինականությունը վերանայելու հարցով: Միաժամանակ, խնդրում եմ տրամադրել տեղեկություններ այն մասին, թե կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո ի՞նչ բժշկական միջոցառումներ կամ բուժում է իրականացվել: Եթե այդպիսիք իրականացվել են, ապա մասնավորապես՝ ի՞նչ և որքա՞ն ժամանակ», – եզրափակել էր գրությունը ՀՔԱՎ գրասենյակը։

Մայիսի 2-ին ՊՆ-ը խնդրի հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել, ըստ որոնց, Շառոյանը զորակոչվել էր համաձայն Կառավարության 2018 թ.-ի ապրիլի 12-ի թիվ 404_Ն որոշման 43 «գ» հոդվածի 1-ին սյունակի. «պիտանի է զինծառայությանը՝ սահմանափակումով» եզրակացությամբ: 2020 թ.-ի փետրվարի 13-ին «ձախ ստորին վերջույթի հիպոտրոֆիա, մնացորդային երևույթներ՝ տարած երկկողմանի ծուռթաթությունից հետո»  ախտորոշմամբ նա  հոսպիտալացվել էր զորամասի անոթային վիրաբուժության, 1 շաբաթ անց՝ վնասվածքաբանական բաժանմունք: Այստեղ բուժհետազոտությունների արդյունքում տրվել է այլ ախտորոշում՝ «Մնացորդային երևույթներ՝ տարած երկկողմանի ծուռթաթությունից հետո՝ քայլքի չափավոր խանգարումով: Կոնքի դևիացիա, ստորին վերջույթների տարբերությունը՝ 7 մմ,  ձախ ստորին վերջույթի հիպոտրոֆիա՝ ֆունկցիայի աննշան խանգարումով: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, միջողային աճառների պրոտրուզիաներ՝ մինչև 0,2 սմ չափի, լումբալգիա՝ ռեմիսիայի շրջանում»:

Այս ախտորոշմամբ էլ 2020 թ. ապրիլի 20-ին զինծառայողը ներկայացվել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) նիստին, որի եզրակացությամբ բուժման ժամկետը երկարացվել է ևս 10 օր՝ ոտնաթաթերի ՄՌՏ հետազոտության, ինչպես նաև համապատասխան մասնագետի խորհրդատվության ցուցումով: Ելնելով հանգամանքից, որ Շառոյանը եղել է կորոնավիրուսակրի հետ կոնտակտավոր, 2020 թ.-ի ապրիլի 22-ին նրան տեղափոխել էն «ԶԱՌ» ուսումնական կենտրոն և այդ պատճառով ԿՌԲՀ-ի նշանակած վերոնշյալ հետազոտությունները չեն իրականացվել:

Խոստանալով ՀՔԱՎ գրասենյակին տեղյակ պահել զինծառայողի հետագա բուժման ու հետազոտությունների ընթացքի մասին` ՊՆ-ից տեղեկացրել էին, որ սահմանափակ ռեժիմի ավարտին նա կրկին կհետազոտվի և կներկայացվի ԿՌԲՀ նիստին՝ փորձագիտական եզրակացության նպատակով:

3 ամիս է անցել, բայց ՊՆ-ն այդպես էլ  նոր տեղեկություններ չի տրամադրել ՀՔԱՎ գրասենյակին զինծառայողի հետագա ճակատագրի վերաբերյալ, այնինչ՝ 2020 թ.-ի օգոստոսի 12-ին Ալբերտ Շառոյանի հարազատները գրասենյակին տեղեկացրել են, որ նա վաղաժամ զորացրվել է և գտնվում է տանը։