Home / Բանակ / Առողջական խնդիրներով երիտասարդին զորակոչել են բանակ

Առողջական խնդիրներով երիտասարդին զորակոչել են բանակ

Հունվարի 24֊ին զորակոչված Ալբերտ Շարոյան ունեցել է առողջական մի շարք խնդիրներ՝ ոտքերի երկարության և հաստության միջև տարբերություններ, հարթաթաթություն, սակայն զինվորական կոմիսարիատը համարել է, որ նա պիտանի է ծառայության։ Առողջական խնդիրները զորակոչվելուց հետո սրվել են։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Կիմա Շարոյանը, ով Ալբերտ Շարոյանի քույրն է, իր էջում տարածել էր հետևյալ գրառումը․ «Խնդրում եմ տարածեք, որ տեսնեն բոլորը, թե ինչպիսի առողջական խնդիրներ ունեցող տղաներին այսօր էլ կարող են զորակոչել ծառայության։ Եղբայրս է, ծառայության է անցել ԼՂՀ-ում։ Ի ծնե ունեցել է ոտքի խնդիր, սակայն հետազոտությունների ընթացքում «հայտարարել» են, որ պիտանի է ծառայության։

Այս վիճակով պիտանի՞ է ծառայության, թողնում եմ ձեր դատին։ Մինչև օրս ոչ մի անգամ ի վիճակի չի եղել կատարել ֆիզիկական վարժություններ։ Ոչ ոք չի փորձում օր առաջ լուծում տալ այս հարցին, փոխարենը ուղարկում են բուժկետ, որտեղ էլ շարունակ ցավազրկողներ են ներարկել, որը որևէ օգուտ չի կարող տալ»։

Սադիկյանը տեղեկացրեց, որ Ալբերտի քույրը արդեն դիմել է պաշտպանության նախարարին և վարչապետին, սպասում է պատասխանի։

«Միայն հիվանդության առկայությունը դեռ հիմք չէ ոչ պիտանի ճանաչելու կամ տարկետում տալու։ Էնտեղ բացի հիվանդության առկայությունը անհրաժեշտ է նաև տվյալ հիվանդության ֆունկցիայի աստիճան որոշել։ Հավանաբար որոշել են, որ այս տեսակի ֆունկցիայի խանգարումը թույլ է տալիս որոշակի սահմանափակումներով ծառայել», ֊ նշում է Սադիկյանը։