Home / Բանակ / Զորակոչը կիրականացվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը, զորացրումը՝ մինչև օգոստոսի 11-ը

Զորակոչը կիրականացվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը, զորացրումը՝ մինչև օգոստոսի 11-ը

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։ Այս մասին գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Զորակոչի ենթական են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

Փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը նախատեսված է ավարտել`հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հունիսի 25-ը, բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։

Մինչև 2020 թվականի հուլիսի 14-ը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը պետք է տրամադրվի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը։

Զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։

Զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով։ Կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ։

Նշենք, որ ըստ նախատեսվածի՝ ամառային զորակոչը պետք է իրականացվեր մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Ինչո՞վ է պայմանավորված երկարաձգումը՝ չի նշվում։ Չի նշվում նաև զինված ուժերում կորոնավիրուսի հաստատաված դեպքերի և մեկուսացված զինծառայողների քանակաը։ Ավելի վաղ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայտնել էր, որ զինուժի համավարակային վիճակագրությունը հրապակման ենթակա չէ՝ «որոշակի գաղտնիությունից ելնելով»։