Կառավարության որոշմամբ 35 հազար դրամով կավելանա ասպիրանտուրայում սովորող ուսանողների կրթաթոշակի չափը։ Մասնավորապես, հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար այն կդառնա 65, բնագիտական և այլ մասնագիտությունների համար՝ 60, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար՝ 55, ինչպես նաև դոկտորանտների համար՝ 65 հազար դրամ։ Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի մեկից։
Կառավարությունն այսօր հաստատեց նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը: Հիշեցնենք, որ ըստ այդ որոշման 90 և ավել ՄՈԳ (միջին որակավորման գնահատական) ունեցող ուսանողների ուսման վարձերը ամբողջությամբ կամ 75 տոկոսով կվճարվեն կառավարության կողմից, իսկ 80 և ավել ՄՈԳ ունեցողներին՝ կտրամադրվեն անտոկոս ուսանողական վարկեր։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով։
Նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ վարկերի համար ծնողների կողմից երաշխավորություններ պետք չեն, և գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար և մերժվի: