Կառավարությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերի ուսանողներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ, 90 և ավել ՄՈԳ (միջին որակավորման գնահատական) ունեցող ուսանողների ուսման վարձերը ամբողջությամբ կամ 75 տոկոսով կվճարվեն կառավարության կողմից, իսկ 80 և ավել ՄՈԳ ունեցողներին՝ կտրամադրվեն անտոկոս ուսանողական վարկեր։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով։
«1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։
90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։
Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն, կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը», – ֆեյսբուքի իր էջում հայտնել էր վարչապետը։
Վարչապետը նշել էր նաև, որ կպարզեցվի ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը․ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն, այդ թվում՝ պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։
Ինչ վերաբերում է 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողներին, ապա նրանք հնարավորություն կունենան օգտվել 4 տոկոս տոկոսադրույքով վարկերից (մնացած 5 տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը)։
Նշենք, որ վարկի մայր գումարն ուսանողները սպասարկում են (փակում են) բուհն ավարտելուց հետո։