Home / Հայաստան / «Արտահոսքի» համար վարչապետի խոսնակը մեղադրում է Հ1-ին, Հ1-ը՝ խոսնակին

«Արտահոսքի» համար վարչապետի խոսնակը մեղադրում է Հ1-ին, Հ1-ը՝ խոսնակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստատեսային ուղերձի տեխնիկական փորձերի կադրերը հայտնվել են համացանցում։ Ինչպես է տեղի ունեցել եթերի համար չնախատեսված կադրերի արտահոսքը՝ հայտնի չէ։ Ուղերձի նկարահանման և բաց կապուղու ապահովման համար պատասխանատու էր Հանրային հեռուստաընկերությունը, որին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեղադրել է «ոչ պրոֆեսիոնալիզմի» և «խիստ թափթփված» աշխատելաոճի մեջ։ Գևորգյանի հայտարարությանը Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես դեռ չի արձագանքել, սակայն արձագանքել է Հանրայինի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը, ով պատասխանատու է եղել վարչապետի ուղերձի ընթացքում ուղիղ եթերի անխափան աշխատանքի համար։ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել պարզաբանումներով և տեղի ունեցածի մեջ, ըստ էության, մեղադրել հենց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին։

Տեխնիկական փորձերի կադրերի արտահոսքից ժամեր անց՝ ապրիլի 18-ի գիշերը,  Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Կառավարության հորդորով վարչապետի տեսաուղերձի համար Հանրայինը ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են «Արմենիա ԹիՎի», «Շանթ»,  «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները:

«Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել», – իր հայտարարությունում նշել էր Հանրային հեռուստաընկերությունը։

Հանրայինի պարզաբանմանն ի պատասխան հայտարարությամբ էր հանդես եկել նաև վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Գևորրգյանը նշել էր՝ վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ [Հանրային] հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից:

Պրոֆեսիոնալ մոտեցումը, ըստ Գեորգյանի, ենթադրում էր, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ առաջ։

«Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։ Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ», – նշել էր Գևորգյանը։

Վարչապետի խոսնակի պնդմամբ՝ փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը «ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը»։

«Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ», – հայտարարել էր Մանե Գորգյանը և նշել, որ Վարչապետի աշխատակազմը տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4221670674524669&id=100000453356168

Գևորգյանի հանտարարությունից ժամեր անց պարզաբանումներով էր հանդես եկել Հ1-ի ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը։ Հակոբյանը վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն է եղել։ Թեև Հանրայինը Մանե Գևորգյանի հայտարարությանը դեռ չի արձագանքել, Հակոբյանը «հարկ էր համարել պարզաբանել», քանի որ «անմիջականորեն շփվել, տվել, լսել և կատարել բոլոր հրահանգները»։

«Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները», – նշել էր Հակոբյանը՝ վարչապետի՝ եթերի համար չնախատեսված կադրերի «հանրայնացման» մեջ փաստացի մեղադրելով հե՛նց վարչապետի խոսնակին։

https://www.facebook.com/vardan.hakobyan.73/posts/3749973868408779

 

Նշենք, որ արտահոսքը որևէ սենսացիոն կամ սկանդալային բովանդակություն չուներ։ Զուտ տեխնիկական (նախապատրաստական) կադրեր էին։