Ապրիլի 23-ի առավոտյան 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1523 դեպք, որոնցից 659-ը՝ արդեն ապաքինված, 24-ը՝ մահվան ելքով։ Անցած մեկ օրվա մեջ հաստատավել է 50 նոր դեպք, բուժվել է 26 քաղաքացի։ Այժմ ակտիվ բուժման մեջ է 840 հոգի։
«Այս պահին ունենք 10 ծայրահեղ ծանր, մոտ 230 թոքաբորբով հիվանդ, արհեստական օդափոխությամբ 5 հոգի, որոնցից մեկը 27 տարեկան է, սակայն ունի ծանր բնածին հիվանդություն։ Բժիշկներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու համար։ Հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել», – կառավարության այսօրվա նիստին ասել է Առողջապագության նախարար Արսեն Թորոսյանը։
Աճի տեմպն, ըստ նախարարի, մնում է մոտավորապես նույնը․ «Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունը այնպիսին չէ, որ խոսենք, օրինակ, այլ տարբերակի անցնելու մասին, երբ թեթև դեպքերը տանը կմնան։ Այսինքն՝ դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը՝ հյուրանոցային պայմաններում պահելու համար, սակայն թուլանալու կամ զգոնությունը կորցնելու առիթներ չունենք»։
Ինչ վերաբերում է աշխարհում տիրող իրավիճակին, Թորոսյանը նշեց, որ «անորոշություններն էլի մնում են շատ»․
«Սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում, և, կարծես, երկիրը աստիճանաբար վերադառնում է իր բնականոն հունին։ Սակայն խոսվում է երկրորդ ալիքի մասին, թուլացումներից զգուշանալու մասին։ Անորոշություններն էլի մնում են շատ։ Այսինքն՝ ինչպիսի գործողություններ պետք է անեն երկրները․․․Հաճախ օրական հիմքով որոշումներ են կայացնում՝ ինչպես շարժվել առաջ»,- հավելեց առողջապահության նախարարը։
Նշենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ արվել է 15 860 թեստ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում օրական 1000-1500 թեստ է անվում՝ նախկին 100-300-ի փոխարեն։ Թեստավորման թվերի կտրուկ աճը պայմանավորված է վարակի օջախների տարածմամբ․ առողջապահության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից։
Վերջին օրերին հաստատված նոր դեպքերի, մահվան ելքով դեպքերի և բուժվածների վիճակագրությունը՝ ստորև․