Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծիքով՝ արտակարգ դրության սահմանափակումները պետք է շարունակվեն նաև ապրիլի 14-ից հետո։ Նախարարը նշել է՝ կանխարգելիչ միջոցառումների շարունակականությունը ապահովելու համար նախարարությունը առաջարկելու է երկարացնել մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետները։
Պարետատան մամուլի ծառայությունից փոխամցմամբ, դեռևս պարզ չէ՝ կերկարաձգվեն արդյո՞ք արտակարգ դրությունն ու տեղաշարժի սահմանափակումները, թե՞ ոչ։ Քննարկումները դեռևս շարունակվում են, վերջնական որոշում չի ընդունվել։
Թեև վերջին օրերին հաստատված դեպքերի թվի նկատելի անկում է գրանցվում, առողջապահության նախարը նշում է՝ համարել, որ տարածումը կանգնում է, հնարավոր չէ։
Վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից․
«Մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում։ Ինչո՞ւ։
Որովհետև առաջ եթե, օրինակ, մենք ունենում էինք 50 դեպք, բայց մի աղբյուրից, օրինակ` մի մեծ արտադրամասից, հիմա մենք ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից կամ 20 աղբյուրներից:
Հետևաբար վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, և միևնույնն է անել նույն գործողությունները, ոնց որ արել ենք մինչև հիմա` թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել», – Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց նախարարը։
Նրա խոսքերով, այս գործողությունները պետք է շարունակվեն«այնքան, քանի դեռ ուժ ունենք»․
«Երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այն ժամանակ որոշ գործողություն արանքից կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացումն արդեն էլ չենք անի, որովհետև անիմաստ կլինի, տարածումը շատ-շատ մեծ կլինի:
Եվ այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումների հանելը, խստացնելը, փոխելը և ոչ թե պարզապես թվերի, ասել` դե քանի որ արդեն դանդաղ է աճում, վերջ, ուրեմն ամեն ինչ անցյալում է, և կարող ենք ոչ մի բան չանել, ու դրա մասին է խոսում շատ այլ երկրների փորձը»:
Այսօրվանից օրական շուրջ 1000 թեստ կարվի՝ նախկին 100-300-ի փոխարեն։ Առողջապահության նախարարի խոսքերով, նախկին դեպքերից բացի՝ կթեստավորվեն նաև թոքաբորբով հիվանդները, սուր շնչառական ախտանիշներով բուժաշխատողները, հաստատված վարակով մորից ծնվածները, ջերմություն, գրիպի նշաններով հղիները։ Կոնտակտավորների մեկուսացումները դեռևս կշարունակվեն։
Հիշեցնենք, ապրիլի 10-ի առավոտյան 11։00 դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 937 դեպք։ Վերջին մեկ օրում դեպքերի թիվն աճել է 16-ով։ Փաստացի բուժվում է 775 մարդ։ Առողջացածների թիվը մեկ օրում ավելացնել է 11-ով՝ հասնեկով 149-ի։ Գրանցվել է 12 մահվան դեպք, որոնցից 2-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։
8-ը պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր։
Ընդհանուր առմամբ արվել է ավելի քան 6000 թեստ, որոնցից 5144-ը՝ բացասական արդյունքով։