Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր արձանագրվել են ինչպես պայմանագրային, այնպես էլ շարքային զինծառայողների շրջանում․ դեպքերի քանակը, սակայն, հրապարակման ենթակա չէ, ասում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Սահակ Օհանյանը։
Նրա փոխանցմամբ, այսօր առավոտյան 11-ի դրությամբ 6 զինծառայող արդեն ավարտել է բուժումը և կրկնակի թեստավորումից հետո՝ վերադարձել զինվորական ծառայության։ Քանի՞սն են շարունակում բուժվել՝ հայտնի չէ։ «Գտնում եմ, որ նպատակահարմար չէ բարձրաձայնել», – ասում է գնդապետը, բայց հավաստիացնում, որ վարակվածների թիվը «չնչին է՝ համեմատած Հայաստանում ընդհանուր թվաքանակի հետ»։
Մեկուսացված կամ ինքնամեկուսացված զինծառայողների թիվը ևս չի նշվում՝ «որոշակի գաղտնիությունից» ելնելով։ Չի նշվում նաև մինչ այժմ արված թեստերի ընդհանուր քանակը։
Հարակից հարցերին պատասխանելով՝ Օհանյանը, ճիշտ է, ասում է, որ ամերիկյան լաբորատորիաներում թեստավորվել է 600 զինծառայող, իսկ հայ-ռուսական շարժական լաբորատորիայում (գործարկվել է ապրիլի 9-ից)՝ 165։ Ասում է՝ «ունենք և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ։ Բացասականները շատ ավելի շատ են»։ Այլ լաբորատորիաներում արված թեստերի քանակը չի նշվում։
Օհանյանի խոսքերով՝ վարակված զինծառայողների և նրանց կոնտակտավորների առողջական վիճակը այժմ գնահատվում է բավարար․ ծանր դեպքեր չկան, թոքաբորբ ոչ ոք չունի։
«Զորանոցային ռեժիմի կարիք այս պահին չկա»
Փետրվարի 25-ից Զինված ուժերի զորամասերում արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, արձակումներն ու արձակուրդները։ Սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների ելումուտը, սակայն, սահմանափակումների չի ենթարկվել։ Գնդապետ Օհանյանի կարծիքով՝ որովհետև զորանոցային ռեժիմ հայտարարելու «կարիք ներկա պահին չկա»։ Զինված ուժերի ռազմաբժշկական կազմը, ըստ նրա, ի զորու է և իրականացնում է անհրաժեշտ ծավալի աշխատանքները, խիստ սահմանափակումների անհրաժեշտություն դեռևս չի առաջացել։
Առանձին զորամաս(եր)ում, այնուամենայնիվ, զորանոցային ռեժիմ սահմանվել է։
Զինված ուժերում վարակի առաջին օջախը հայտնաբերվել էր մարտի 25-ին․ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում 3 պայմանագրային զինծառայողների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Կոնտակտավորները մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել էին։ Մարտի 29-ին հայտարարվել էր, որ վարակվածների թիվը հասել է 5-ի, մարտի 30-ին՝ 6-ի։ Հետագայում հաստատված դեպքերի և դրանց քանակի մասին հրապարակային հայտարարություններ այլևս չեն արվել։
Գնդապետ Օհանյանը նշեց, որ վարակակիրներն ու կոնտակտավորները այն ժամանակ մեկուսացվել էին, մնացած կազմը՝ անցել զորանոցային ռեժիմի։ Այժմ մեկուսացվածներ այնտեղ չկան․ զինծառայողները, որոնց մոտ հայտնաբերվել էր վարակը, արդեն դուրս են գրվել և անցել ծառայության, մնացած կազմն ամբողջությամբ թեստավորվել է, պատասխանները բացասական են եղել, զորամասն վերադարձել է բնականոն գործունեության։
«Զորակոչը ընթանալու է ըստ ժամկետների»
Ինչ վերաբերում է ամառային զորակոչին (հայտարարվել է մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը), Սահակ Օհանյանը նշեց, որ այն հետաձգելու մտադրություն դեռևս չկա․ «Զորակոչը ընթանալու է ըստ նշված ժամկետների, անհրաժեշտության դեպքում օրենքներով սահմանված կարգով կարող է երկարաձգվել։ Դեռ վաղ է դրա մասին խոսել»։
Զինվորական կոմիսարիատները, նրա կարծիքով, պատրաստ են զորակոչին․ «Բոլոր զինվորական կոմիսարիատներին հատկացված է անհատական պաշտպանիչ միջոցներ։ Մինչ զորակոչը բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ։ Յուրաքանչյուր օրվա ավարտից հետո այդ ախտահանման աշխատանքները կրկնվելու են»։
«Արցախի ՊԲ-ի հետ համագործակցում ենք կանխարգելման դեմ պայքարում»
Ղարաբաղում ապրիլի 14-ին նախատեսված ընտրություններին և զինծառայողների մասնակցության հետևանքով հավանական համաճարակաբանական վտնագներին հայաստանյան պաշտոնայն անդրադառնալ չցանկացավ․ «Գտնում եմ, որ ընտրությունների հարցին պատասխանը պետք է ես չտամ։ Դա իմ գործառույթային ոլորտը չէ»։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ վիրուսի «կանխարգելման դեմ պայքարում» Հայաստանի Զինված ուժերը համագործակցում են Ղարաբաղի Պաշտպանության բանակի հետ․ «Զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը հանդիսանում է ղեկավար օղակ [Ղարաբաղի] Պաշտպանության բանակի բուժծառայության համար, և բոլոր այն ուղեցույցները և հրամանները, որոնք արձակվում են ԶՈՒ-ի համար, գործում են նաև Պաշտպանության բանակի հատվածում»։
Ըստ նրա, Պաշտպանության բանակում իրավիճակն այժմ «վերահսկելի է, հանգիստ է, այնտեղ մենք խնդիր չունենք»։ Ղարաբաղում ծառայող զինվորականների շրջանում վարակի դեպքեր չկան։