2018 թ. հուլիսից ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած Ա․ Վ․-ը Կազմակերպության աջակցության արդյունքում այս տարվա ամառային զորակոչին զինծառայությանը ժամանակավոր ոչ պիտանի է ճանաչվել և 3 տարով տարկետում ստացել:
2018թ․-ի ամառային զորակոչի ժամանակ նա ԿԲՀ 12.07.2018 թ. որոշմամբ զինծառայությանը պիտանի էր ճանաչվել, այն դեպքում, երբ 2018-ին փորձաքննության ընթացքում հնարավոր չի եղել իրականացնել ֆիստուլոգրաֆիա, և այլ բժշկական հաստատությունում հետազոտությունը կազմակերպելու փոխարեն՝ ախտորոշել են «Հարականջային բնական խուղակներ ռեմիսիայի շրջանում» և զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչել ՀՀ Կառավարության 404-Ն որոշման 70գ կետով։ Թե ինչ հիմքով են ախտորոշումը փոխել, եթե անհրաժեշտ հետազոտությունը չի արվել, չի նշվել։
Նշենք, որ Ա․ Վ․-ի բնածին առողջական խնդիրներն ախտորոշվել են դեռևս 2017թ․-ից․ «Երկկողմանի ականջների խեցիների թարախակալված խրոնիկ խուղակներ» ախտորոշմամբ նա 6 ամսով տարկետում է ստացել։
Կազմակերպության՝ ՀՀ ՊՆ հասցեագրված 2018 թ. հուլիսի 24-ին գրությանն ի պատասխան՝ ՊՆ-ից վերահաստատել են, որ Ա. Վ.-ի վիճակը համապատասխանում է ՀՀ Կառավարության 404-Ն որոշման 70գ կետին, եւ զորակոչիկը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սաահմանափակումով:
Այնուամենայնիվ զորակոչիկը համաձայն չի եղել 2018 թ. կայացված որոշմանը և չի մեկնել զինծառայության։ Նրա նկատմամբ զինծառայությունից խուսափելու հիմքով քրեական գործ է հարուցվել։
Հատկանշական է, որ Ա․ Վ․-ին զինծառայությանը պիտանի ճանաչելու համար հիմք եղած ՀՀ Կառավարության 404-Ն որոշման 70գ կետը Ա․ Վ․-ի ունեցած առողջական խնդիրներից էապես տարբերվող խնդիրների է վերաբերում՝ «Կտրիչների միջև մինչև 9մմ կամ ծամիչների միջև մինչև 2մմ ճեղքով կծվածքի անոմալիներ՝ 50 % և ավելի ծամելու արդյունավետության դեպքում»։ Ա․ Վ․-ի բժշկական փատաթղթերում այդ ախտորոշման մասին խոսք չկա։ Փաստորեն նրա ունեցած հիվանդությունը ընդհանրապես հաշվի չի առնվել այն դեպքում, որ այդ առողջական խնդիրները չեն վերացել և ինչպես վերևում ենք նշել, դրանք բնածին են եղել։
Հետագայում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի՝ պարզաբանում ստանալու պահանջին ՀՀ զինվորական կոմիսար Հ․ Մուրադյանը 2018թ․ սեպտեմբերի 28-ին պարզաբանել է, թե երկրորդ անգամ ականջից թարախային արտադրություն չի եղել, իսկ առաջին դեպքում՝ եղել է և նրա պնդմամբ՝ այդ դեպքում փորձաքննվում են 70գ կետով։ Իսկ առաջարկվող վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում զինծառայությանը պիտանի է ճանաչվում։
Ա․ Վ․-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է իր վերաբերյալ ԿԲՀ 2018թ․ հուլիսի որոշումը, որի արդյունքում բժշկական և դատաբժշկական փորձաքննություններ անցնելուց հետո 2019թ․ ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել և 3 տարով տարկետում ստացել։