հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Տարկետման խնդրից մինչև զուգարանի թղթեր․ ուսանողների շարժումը տրանսֆորմացվեց

Տարկետման խնդրից մինչև զուգարանի թղթեր․ ուսանողների շարժումը տրանսֆորմացվեց

Մոտ երկու տասնյակ ուսանողներ այսօր հավաքվել են ԵՊՀ գրադարանի դիմաց՝ մասնակցելու «զուգարանի թղթերի բարեգործական հավաքին»։ Ուսանողներն այս քայլով ցանկանում էին բարձրաձայնել ԵՊՀ֊ում առկա մի շարք խնդիրների, մասնավորապես, հիգիենայի տարրական պայմանների բացակայության մասին։ Նրանք իրենց նախաձեռնությունն անվանել էին «ԵՊՀ Restart» և հավաքի մասին Ֆեյսբուքում բացել էին «միջոցառում»՝ օգտատերերին հորդորելով հավաքին իրենց հետ զուգարանի թղթեր բերել։

«Տարկետում լինելուԱ՝ Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության առաջնորդներից Դավիթ Պետրոսյանն Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ «ԵՊՀ Restart» նախաձեռնությունն իրենց ուսանողական շարժման մի մասն է։

«Խումբը մնացել է («Տարկետում լինելուԱ՝ Հանուն գիտության զարգացման»), ուղղակի խմբի մի մասը որոշեցինք կենտրոնացնել համալսարանի խնդիրների վրա, քանի որ [պայքարի] ընթացքում, ինչպես նշում էինք, առնչվեցինք երկու հարցերի՝ հենց համալսարանում առկա խնդիրներն ու բանակում առկա խնդիրները, բայց ավելի շատ որոշեցինք կենտրոնանալ հենց համալսարանական խնդիրների վրա ու ձևավորել ենք «ԵՊՀ Restart» նախաձեռնությունը։ Դրա մեջ կան նաև Պոլիտեխնիկից, Կոնսերվարորիայից և այլ համալսարաններից անդամներ, բայց հիմնական կորիզը ԵՊՀ֊ից է։ Բոլորս գիտենք, որ շատ խնդիրներ կան, բոլորը հիմնականում դժգոհ են՝ սկսած ամենաէլեմենտար զուգարանի խնդրից՝ վերջացրած կրթության որակով»,֊ ասել է Պետրոսյանը։

Հարցին, թե այս նոր՝ «ԵՊՀ Restart» նախաձեռնությունը հետին պլանում չի՞ թողնում տարկետման իրավունքի վերականգնման համար շարժումը, Պետրոսյանը բացասական պատասխան է տվել․ «Նախ ամենքս պետք է պատասխանատվություն զգանք մեր կառույցում եղած խնդրիները լուծելու համար, և եթե այդ խնդիրները կարողանանք ավելի լավ լուծել, հետո ավելի մեծ խնդիրներն ավելի հեշտ կկարողանանք լուծել։ Տարկետման շարժումը մի քանի հարցեր լուծեց, նախ տարկետման հարցը դարձրեց օրակարգային՝ հիմա շատերը խոսում են այն մարդկանց մասին, ովքեր բանակում չեն ծառայել, բայց այժմ բարձր պաշտոններ ունեն։ Բանակի խնդիրների մասին է խոսվում, ընդհանրապես կրթության, գիտության դերի մասին խոսվեց»։

Նրա խոսքով՝ չնայած իրենք իրենց առջև դրված խնդիրն ամբողջովին չեն լուծել, բայց չեն համարում, որ իրենց նպատակին չեն հասել։ Ըստ Պետրոսյանի՝ Կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն ԿԳՆ նախարարի կողմից ձևավորվելու է հանձնաժողով, որը պետք է եզրակացություն տա, թե ով կարժանանա տարկետում ստանալու իրավունքին, դեռ վերջնական չէ․ «Հիմա սպասում ենք այդ նախագիծը, որն ընդունվել է, դառնա որոշում։ Նախագիծը ցանցում կար, բայց ամբողջական չէր, կարևոր մանրամասնություններ կա և միայն դրանք ճշգրտելուց, ամբողջացնելուց հետո հնարավոր է այդ նախագծի մասին ինչ֊որ կարծիք հայտնել»։

Մինչ ուսանողները մոտենում էին և զուգարանի թուղթ «նվիրաբերում» ԵՊՀ֊ին, մի քանի լրագրողներ փորձեցին մտնել համալսարան՝ զուգարանների վիճակը տեսանկարահանելու համար, սակայն, ԵՊՀ անվտանգության աշխատակիցն արգելեց նրանց մուտքը՝ պատճառաբանելով համապատասխան բաժնից թույլտվություն չունենալով։

Epress.am֊ի թղթակիցն, այնուամենայնիվ, մտավ ԵՊՀ։ Ներսում պարզվեց, որ երկու տիպի զուգարաններ կան՝ մեկը ուսանողների, մյուսը՝ դասախոսական անձնակազմի համար։ Դասախոսների զուգարան մտնելու համար բանալի էր անհրաժեշտ ունենալ։ Այցի պահին որոշ ֆակուլտետների զուգարաններում զուգարանի թղթեր կային, որոշներում՝ ոչ։ Զուգարաններում հիմնականում տհաճ հոտ էր և այն ցրելու համար պատուհաններ էին բացված։