Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները չեն վստահում Կրթության և գիտության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովին, որը սահմանելու է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդներից ո՞ւմ տա տարկետում։ Այս մասին այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում կայացած քննարկման ժամանակ ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
«Այստեղ կա լուրջ խնդիր։ Հասարակության մոտ պետական քաղաքական ինստիտուտների նկատմամբ կա վստահության ոչ բարձր մակարդակ ու այն մտավախությունը, որ, եթե նույնիսկ ձևավորվի շատ լավ օրենք, միևնույնն է վերջում որոշում է կայացնելու հանձնաժողովը»,֊ ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ՊՆ֊ի և ԿԳՆ֊ի հետ կլոր սեղան քննարկումների շրջանակում նրանք առաջարկել էին, որ հանձնաժողովը կազմված չլինի միայն ԿԳՆ կամ ՊՆ աշխատողներից, այլև ներկայացված լինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Իրավական ակտերի նախագծերի E-draft կայքում հրապարակված Կառավարության որոշման նախագծում նշված է, որ ԿԳՆ նախարարի կողմից ձևավորվելու է հանձնաժողով, որը պետք է եզրակացություն տա, թե ով կարժանանա տարկետում ստանալու իրավունքին, իսկ Կառավարությունն այդ եզրակացության հիման վրա արդեն որոշում կկայացնի: Հանձնաժողովում լինելու է առնվազն 11 հոգի՝ Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ:
Պետրոսյանի գնահատմամբ՝ շատ գիտնականներ, դասախոսներ դեմ են եղել, որ ուսանողներին «չափանիշներով չափեն», իսկ ուսանողները վստահ են, որ այժմյան տարկետման ինստիտուտն իրեն չի արդարացնում։
«Մենք նշում էինք՝ եկեք այդ խնդիրները լուծենք, ոչ թե այդ համակարգը վերացնենք։ Եթե տարկետման տեղերը չեն համախատասխանում պետության պահանջներին, այդ պահանջները վերաձևակերպեք։ Պետք է վերանայել այն համալսարանները, որոնք տարկետում են տալիս և այն մասնագիտությունները, որոնց համար տարկետում է տրվում, պետք է վերանայեն [տեղերի] քանակը։ Այս առաջարկն այն ժամանակ մերժվեց, բայց այժմ արվում է»,֊ ընդգծում է Պետրոսյանը։