«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամը դժվարանում է կառավարության հրապարակած նոր նախագծին դրական կամ բացասական պատասխան տալ․ «Գործընթացը չի ավարտվել, դեռ հանրային քննարկումներ կլինեն»։
Հունվարի 17-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է Կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:
Նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառների զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները:
Այդ ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվելու են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:
Այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը բաղկացած է լինելու 11 անդամներից՝ ներառելով ներկայացուցիչներ՝ Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարություններից, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետների։
Ակադեմիական տարկետման վերացման օրենքի դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Ազատության» ուղիղ եթերում խոսել է իրենց մտահոգությունների մասին։
Նա նշել է, որ կլոր սեղան քննարկումների ժամանակ ուսանողների առաջարկները նախ մերժվել են, իսկ հիմա՝ որոշ չափով տեղ գտել նախօրեին հրապարակված նախագծում։
Մասնավորապես, նշել է Պետրոսյանը, հանձնաժողովի ստեղծման գաղափարն իրենցն է։
«Մենք հանձնաժողովը պատկերացնում էինք փոփոխական կազմով։ Անդամները պետք է լինեն կոմպետենտ, հանրությանը հասանելի մարդիկ։ Որոշում կայացնելիս հարցազրույցներ լինեն ուսանողների հետ, և ներկա լինի այդ ուսանողի հետ նույն մասնագիտությունն ունեցող անձ։ Մեր այսօրվա հիմնական մտահոգությունները պայմանավորված են հանձնաժողովի նկատմամբ վստահության չափի հետ։ Ինչպե՞ս կաշխատի, ովքե՞ր ներգրավված կլինեն», – ասել է Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ 100 բալանոց տարբերակը նույնպես առաջարկել է նախաձեռնության անդամներից մեկը։
Նա ընդգծել է, որ այն ժամանակ որոշ մարդիկ իրենց քննադատում էին կլոր սեղանին մասնակցելու համար, բայց այժմ ինչ-որ արդյունք նկատելի է․ «Պրոցես է սկսել, դա արդեն լավ է»։
«Պետք է չշտապենք, ո՛չ ոգևորվենք, ո՛չ տխրենք, այլ հետևենք պրոցեսին։ Շատ մանրամասներ կան, որ պետք է ուսումնասիրել։ Չեմ ուզում սկեպտիկ վերաբերվել, չեմ էլ ուզում ասել, որ շատ մեծ զիջում է եղել ու մենք մեր նպատակին հասել ենք։ Սա դեռ պրոցեսի սկիզբն է, վերջում կարելի է գնահատական տալ», – ասել է Պետրոսյանը։
Նա, այնուամենայնիվ, նշել է, որ չափանիշների հետ կապված խնդիր կա։ Նախագծում նշված է, որ հաշվի են առնվելու գիտական հոդվածների, մենագրությունների առկայությունը, միջազգային գիտաժողովներին, օլիմպիադաներին մասնակցությունը, նախագահի մրցանակ ունենալը։
«Մեր կարծիքով՝ սրանք բավարար չափանիշներ չեն, քանի որ, օրինակ, որոշ մասնագիտտությունների դեպքում հոդված գրելու և տպագրելու համար մոտ 3 տարի ժամանակ է պետք։ Կամ կան մասնագիտություններ, որոնցից օլիմպիադա չկա», – ասել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի տարեվերջին Ազգային ժողովն ընդունել է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը, ըստ որի՝ վերանում է ակադեմիական տարկետումը և բանակ չեն զորակոչի միայն այն ուսանողներին, ովքեր կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո ծառայել բանակում։ Դա բողոքի ցույցերի և հացադուլների պատճառ էր դարձել։