– Նախքան բանակ գնալը մեր՝ ԼԳԲՏ+ համայնքի իմ ընկերներից ու ծանոթներից լսել էի ծառայությունից ազատվելու մի շարք պատմություններ, նրանց նկատմամբ բռնության, ստորացումների ու նվաստացումների դեպքեր։ Շատ քիչ մարդիկ կային, որ ասում էին՝ ռազմաբժշկական փորձաքննությունն առանց որևէ բռնության կամ արժանապատվության իրավունքի խախտման դեպքերի ա անցել, ու հանգիստ կարողացել են ազատվել բանակից։
– Խոսքը զորամասային բռնության մասին չի չէ՞։
– Խոսքը ռազմաբժշկական փորձաքննության ընթացքի մասին ա, որից հետո պարզ է դառնում պիտանի ես ծառայության, թե ոչ։
– Բժիշկների ու սպաների կողմի՞ց։
– Այո՛, բայց ոչ միայն։ Նախքան բանակ գնալը զինվորական կոմիսարիատում ամեն դեպքում ինչ-որ ատելության կոչեր կամ վիրավորական արտահայտություններ, արհամարհանք միշտ լինում են։
Միշտ պատկերացրել եմ, որ երբ ես նախնական զինվորական փորձաքննությունն անցնեմ, ի՞նչ ա լինելու ինձ հետ։ Մտածել եմ, որ իմ կյանքի փորձություններից մեկն ա լինելու։ Կարամ գնամ ծեծի ենթարկվեմ կամ վիրավորական ինչ-որ արտահայտություններ լսեմ՝ ուղղված ինձ, ծնողներիս կամ հարազատներիս, ու էդ ամենահաճախ պատահող բաներն են։
Երբ փորձաքննության կանչեցին, որքան ծանոթ ունեի տեղյակ պահեցի դրա մասին, որ ամեն դեպքում, եթե ինչ-որ խնդիրներ լինեն, օգնության հասնեն։ Միշտ ինչ-որ պաշտպանություն անհրաժեշտ ա։
«Փինք»-ին տեղյակ պահեցի և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին»։
Իմ գործը շատ երկար տևեց։ Քանի որ ես մարզի գրացում ունեմ, որոշեցի զինվորական կոմիսարիատը տեղափոխել Երևան։ Տևեց մոտ 3-4 ամիս։ Երևանում չէին ուզում գործերս ընդունել, որովհետև հին օրենքով, որը հանվել ա կարծեմ 15 թվականին, երբ զորակոչը մեկնարկում էր, զինվորների տեղաշարժի իրավունքը սահմանափակվում էր։
Ես Հաղթանակի փողոցի վրայի զինկոմիսարիատում եմ իմ փորձաքննությունն անցել։ Համար 2 զինկոմն ա։ Երբ գնացի վայենկամատ, գործերս չընդունեցին։ Դիմեցի իմ իրավաբանի օգնությանը։ Առանց նրա չէի կարողանալու հանգիստ անցնել փորձաքննությունը ու ազատվել բանակից։ Իրավաբանը կապվեց զինկոմի կոմիսարի հետ, ու կարելի է ասել, թարմացրեց նրա ինֆորմացիան զինվորական օրենսգրքի մասին։ Նույն օրը ինձ կանչեց կոմիսարը ու ամեն ինչ ըստ օրենքի ընթացավ։
– Փաստաթղթերի՞ շարժի մասին ա խոսքը։ Գրանցումից դուրս գալո՞ւ։
– Այո՛, գործերս հնարավոր չէր տեղափոխել ըստ նախկին օրենսդրության։ Սկզբում ամեն ինչ նորմալ էր։ Ու մինչ իրավաբանի օգնությանը դիմելը, կոմիսարը շատ բարեհամբույր էր, որովհետև ոչ մի բան չգիտեր դեռ իմ մասին։ Հենց այդ կոմիսարը բացատրեց, որ ես չեմ կարող տեղափոխել գործերս, որովհետև նման օրենք գոյություն ունի։ Բայց իրավաբանի զանգից հետո, երկրորդ անգամ գնալիս, կամիսարը առավել բարեհամբույր, ավելի հաճելի ընդունեց, շատ տարօրինակ էր էդ ամենը։ Վերջում իր հեռախոսահամարը տվեց, որ ես ցանկացած հարցի դեպքում իրան զանգեմ իրավաբանի փոխարեն։
Երբ փորձաքննության կանչեցին, հագնվեցի այնպես, ինչպես ինձ դուր ա գալիս․ կրում էի քիպ սև շալվար (ճղած ջինս), մազերս կապած չէին, այլ փռած, իսկ աչքերս ընդգծել էի աչքի մատիտով։
Երբ բժիշկների մոտ մտա, ասեցի, որ ուզում եմ գաղտնի խոսել գլխավոր բժշկի հետ։ Բժիշկը սենյակում եղած բոլոր նախազորակոչիկներին ասաց, որ սենյակից դուրս գան, մնաց միայն անձնակազմը, քանի որ, ամեն դեպքում, դա գաղտնի ինֆորմացիա է։ Հետո ասացի, որ նույնասեռական եմ ու էլ ոչ մի բան չշարունակեցի։ Զինկոմի բժիշկներն իրականում ամեն ինչ շատ լավ գիտեն ու շատ լավ հասկանում են, տեղյակ են, թե ինչ պետք է անել։ Ու երբ ուզում ես իրենց ինչ-որ բան ասել, գաղտնի խոսել, արդեն նշանակում է, որ դու նույնասեռական ես ու բանակ չես կարա գնաս, որովհետև բանակում ապահովագրված չես քո կյանքին վտանգ սպառնացող բռնություններից, մարդու իրավունքի խախտումներից։
Զինկոմիսարիատում, ըստ իս, իմ անձնական ինֆորմացիան մնաց գաղտնի։ Բայց հոգեբուժարանում՝ ոչ։
Կոմիսարին էլ ասացի։ Կոմիսարը շատ նորմալ վերաբերվեց: Վերջում ասաց՝ Արտա՛կ ջան, կներես, ուրիշ բան չեմ կարա անեմ։ Բայց կարգը նենց ա, որ քեզ պետք ա ուղարկեմ հոգեբուժարան։
– Իսկ ո՞նց են հիմնավորում, ինչ-որ փաստաթուղթ կա՞, որի հիման վրա ուղարկում են հոգեբուժարան։
– Զինկոմում իմ գործերում տեսա, թե ինչպես են գրում «սեռի շեղում»։ Իսկ նախքան դա գրելը, կոմիսարի պահանջով, նրան պատմում ես կյանքդ։ Որովհետև, ինչ-որ տեղ, ինչ-որ բան կարող ես խաբել, ու երբ նույնասեռական կամ տրանս չես, պիտանի ես ծառայության։ Ոնց հասկացա կոմիսարի ու մյուսների խոսակցություններից, լինում են դեպքեր, երբ հետերոսեքսուալ տղաները նույնասեռական, փոխսեռական կամ տրանսգենդեր ձևանալով՝ ուզում են խուսափել պարտադիր զինծառայությունից։ Իմ հետ զրույցից կոմիսարը կասկած անգամ չեր կարող ունենալ իմ նույնասեռական լինելու մասին, որովհետև ընկերս ինձ հետ էր, ու բոլորը դա նկատում էին։ Կոմիսարը զրույցի ընթացքում հարցրեց՝ միջանցքում կանգնած էն տղե՞ն ա քո ընկերը։ Հա՛, պատասխանեցի ես։ Ու դա իրականում շատ օգնեց, որովհետև քո կյանքի մասին ամեն ինչ քեզ հարցնում են։
Իմ հետ խոսելիս կոմիսարը հարցրեց, թե մեր մոտ (ԼԳԲՏՔ+ անձանց) կան ակտիվ և պասիվ, չէ՞։ Ասում էի՝ հա՛։ Հետո հարցրեց, թե ես որն եմ։ Հարցրեց սեռական ակտի ժամանակ մեր օգտագործած սեռական դիրքերից, թե ոնց ես սեռական հարաբերություն ունենում։ Հիմնականում նման հարցեր են տալիս՝ ներխուժելով քո անկողին։
Ու նրանք շատ լավ տեղյակ են, թե նույնասեռական մարդիկ ոնց են հարաբերություններ ունենում, որովհետև ԼԳԲՏՔ+ անձնանց հետ արդեն շատ են աշխատել փորձաքննությունների ժամանակ։
– Իրանք ակնկալո՞ւմ են ինչ-որ ճիշտ պատասխան, թե իրանք զուտ, չգիտեմ, ուզում են՝ քեզ, մեղմ ասած, ինչ-որ դիսկոմֆոտի հասցնել։
– Շատ դեպքերում փորձում են ինչ-որ դիսկոմֆորտի հասցնել մարդուն, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան դու շփոթվես, ու նրանք դա հիմք վերցնեն ու քեզ ճանաչեն պիտանի ծառայության համար։
Կոմիսարի հետ մոտ քսան րոպե զրույցի ընթացքում նա ամեն ինչ հարցրեց իմ անձնական սեռական կյանքից, ընտանիքիս մասին, որտեղ եմ մեծացել և այլն։
Սովորաբար նույնասեռական մարդիկ, որոնց «սեռի շեղման» և այլ տարբեր հիմքերով ուղարկվում են հոգեբուժարան, հոգեբուժարանում չեն մնում, քանի որ հոգեկան առողջության կենտրոնը չի ապահովագրում նույնասեռական անձանց կյանքի ու խոշտանգումներից ու բռնությունների զերծ մնալու իրավունքները։ Դրա համար դիմում են գրում, որը շատ կարճ է․ ընդամենը պետք է գրել, որ ցանկանում ես գիշերել տանը։ Ավելացնում ես անուն, ազգանուն և ստորագրություն։
ՊՆ-ն ունի հոդվածների ցանկ, թե որոնք են հոգեկան հիվանդությունների մեջ մտնում։ Օրինակ, շատերին ազատում են շիզոֆրենիայով կամ խորը հոգեբանական խնդիրներով։ Ինձ, ոնց հասկանում էի, ուզում էին ազատել ուղեղի դիմային հատվածի հետ կապված հոգեկան հիվանդության հիմքով։ Իմ համար ծիծաղելուն էն էր, որ մեզանից մոտ երկու հարյուր տարի առաջ էին նման ուսումնասիրություններ անում եվրոպացի գիտնականները՝ նույնասեռականությունը կապելով ուղեղի կառուցվածքի հետ։ Իսկ Հայաստանում դեռ այդպես են մտածում։
Հոգեբուժարանից զանգեցին ինձ, հետո պապային, որ ես հոգեբուժարան պետք ա ներկայանամ։ Չգիտեմ՝ պապային ինչ էին ասել-չէին ասել, բայց պապան վերաբերմունքը փոխել էր իմ նկատմամբ։
– Էդ օրվանից հետո՞։
– Հա՛։ «Քեռի» մականունով Գրիգորը, որ զբաղվում է զինկոմից երեխաներին հոգեբուժարան տանել-բերելով, նա էր զանգել և՛ ինձ, և՛ պապային։ Հետո ես նորից կապվեցի Գրիգորի հետ ու պահանջեցի, որ ոչ մի ինֆորմացիա իմ մասին դուրս չհանի։ Չնայած նրա արդարացմանը՝ իբր ոչ մեկի բացի ինձանից չի զանգել։ Դրանից հետո զանգեցի կոմիսարին, նորից պահանջեցի, որ որևէ ինֆորմացիա չտան ծնողներիս։ Կոմիսարը ասաց, որ իմ գործի հետ կապված ինքը զգուշացրել է մյուս բոլոր աշխատողներին։
Հոգեբուժարան ընկերոջս հետ գնացի։ Էնտեղ ինձ վերաբերվում էին որպես լիակատար հոգեկան խնդիրներ ունեցող ինչ-որ մեկի։ Ինձ համար ծիծաղալու էր այն, որ ընկերոջս հետ էին կոմունիկացիայի մեջ մտնում ինձ հետ կապ ունեցող ցանկացած հարցի շուրջ։ Ընկերոջս համարը վերցրին, որ եթե պետք լինի, ինձ տանի-բերի։ Ինձ հետ բացարձակ չէին խոսում։ Մենակ բժիշկներն էին խոսում, որոնք ուղղակիորեն պետք է առնչվեին։
Հոգեբուժարանում չմնացի, քանի որ դիմում էի գրել։ Ասացի՝ ինչու չեմ մնում. նույնասեռական եմ, ինձ համար ապահով չէր հոգեբուժարանում գտնվելը, թեկուզ այդ պահին ես ընկերոջս հետ էի։
Հաջորդ օրը գնացի, բժիշկս որոշված էր։ Հինգ րոպե խոսեցի ոչ թե բժշկիս հետ, այլ գլխավոր բուժքրոջ կամ այլ ինչ-որ մեկն էր։ Այստեղ կարևոր է այն, որ նույնասեռական, փոխսեռական կամ փոխգենդեր մարդկանց հետ աշխատելու պրոցեսն էլ համակարգված չի։ Ինչու, որովհետև քեզ վերաբերվում են որպես հիվանդ, դու չես կարող ինչ-որ բան հասկանալ, թե ով է քեզ հետ խոսել, ինչ պետք է խոսի կամ ինչու է խոսում, դա պարզապես ծիծաղելի է, որ նույնասեռական մարդկանց նման վերաբերմունք են ցույց տալիս։
Բժշկի հետ մոտ հինգ րոպե խոսեցի։ Մի քանի բաներ հարցրեցին, շատ հստակ․ ակտ ե՞ս, թե պաս, որտե՞ղ ես ապրում, ընկերոջդ հե՞տ ես ապրում, թե չէ, ե՞րբ ես առաջին անգամ սեռական ակտ ունեցել, ո՞ւմ հետ ես ունեցել, դպրոցո՞ւմ, թե քոլեջում, թե թաղի երեխեքի հետ։ Նրանք նման հոմոֆոբ պատկերացումներ ունեն նույնասեռական մարդկանց մասին։ Ինձ հետ խոսող բժիշկը զարմացավ, որ ես աշխատում եմ, քոլեջին և դպրոցին զուգահեռ զբաղվել եմ ոչ ֆորմալ կրթությամբ։ Զարմացան, որ ես ակտիվիստ եմ, ունեմ շախմատի 3-րդ կարգ, առաջին բուժօգնության եմ գնացել 2 տարի։ Նրանց համար ես ֆանտաստիկայի ժանրից էի, որովհետև «հոգեկան խնդիրներ ունեցող ինչ-որ մեկը ունակ է զբաղվել շախմատով»։
Հարցնում են նաև՝ սեռս ուզո՞ւմ եմ փոխել, թե չէ։ Ինչի՞ եմ ուզում փոխել։ Տրանսգենդեր եմ, տրանսսեքսուալ, թե նույնասեռական։ Վերջում բուժքույրը ժպտալով, շատ բարեհամբույր խոսեց, ասաց՝ գնա տուն։
Պետք էր անցնել նաև չորրորդ՝ գլխավոր փորձաքննությունը։ Այս փորձաքննության պետի մասին զարմացնող վատ խոսակցություններ էի լսել, կարդացել հոդվածներ և այլն։ Արդեն իսկ վախեցնող էր ինձ համար առերեսվել նրա հետ։ Նրան տեսնելը և՛ հետաքրքիր էր, և՛ վախեցնող։
Հետո զինկոմիսարիատից զինկոմը զանգեց տեղեկացրեց, որ պետք է գնամ գլխավոր փորձաքննության։ Հույս ունեի, որ առանց միջադեպերի է անցնելու։ Գնացի։ Զինկոմիսարիատում կային մոտ երկու հարյուր նախազորակոչիկներ։ Յուրաքանչյուրը մտնում էր փորձաքննության ու մեկ րոպե հետո դուրս գալիս։ Չգիտեմ՝ ոնց էր փորձաքննության ղեկավարն այդքան արագ ուսումնասիրում նախազորակոչիկների գործերը ու հասկանում նրանց պիտանի կամ ոչ պիտանի լինելը ծառայության համար։ Նախքան բարձրանալը փորձաքննության, ինձ ուղղորդեցին հոգեբույժի կամ հոգեբանի ու մեկ այլ աշխատակցի մոտ, որոնք միասին էին։ Ասացին, որ գլխավոր փորձաքննության պետը Վարդենիսից ա, ու զարմանալով հարցրեցին՝ ե՞ս էլ եմ Վարդենիսից, թե ինչ-որ սխալմունք կա գործերումս։ Ասացի, որ ծնունդով Վարդենիսից եմ։ Նրանց զարմանքը պայմանավորված էր փորձաքննության պետի՝ Մուրադյանի կողմից արված հայտարարությամբ, որ Վարդենիսից սենց մարդ չի կարա լինի ու չի էլ գալու։ Ես էլ ի պատասխան ասացի, որ ԼԳԲՏՔ+ մարդիկ նրա շրջապատում են, պարզապես նա չի ցանկանում նկատել դա։ Մուրադյանը իր կարծիքը Վարդենիսի մասին պետք է փոխի, որովհետև ես ճանաչում եմ շատերին Վարդենիսից։ Հաջորդեց այն խոսքերը, որ ուրեմն պետք ա բարձրանաս վերև ու կռվես, որովհետև Մուրադյանը վայրենի տիպ ա։
Բարձրացա վերև։ Առաջին հարցը, որ տվեց Մուրադյանը, հետևյալն էր․ դու Վարդենիսի՞ց ես, ասացի՝ հա։ Հետո շարունակեց․ բա ո՞ր գյուղից ես, ասեցի՝ որ գյուղից եմ, հորս անուն ազգանունն էր ուզում իմանալ, չնայած գործերի մեջ կար, ես էլ չասացի, ասացի՝ գործերի մեջ կա, կարաք նայեք։ Հետո բարձրաձայն պնդեց, որ մոտիկանամ իրեն։ Մոտիկացի, քայլ առ քայլ մոտենում էի…
Ու նախքան իր մոտ մտնելն ասացին՝ գլխարկս, շարֆիկս, վերարկուս հանեմ ու անընդհատ ուշադրություն էին դարձնում գրպաններիս կամ ձեռքիս, որ ինչ-որ բան չլինի ինձ մոտ, որովհետև, իմ վերջին տպավորությունը այն եղավ, որ նրանք վախենում էին, որ ես կարող եմ ձայնագրել կամ տեսանկարահանել։
Երբ իր մոտ կանգնած էի արդեն, շարունակում էր պահանջել, որ մոտենամ էլ ավելի։ Երբ տեսավ, որ ավելին չեմ մոտենում, կամ մի քայլ եմ առաջ գնում, շտապեց ձեռնարկել իր քայլերը։ Որովհետև ինքն անընդհատ հելում էր սեղանից, որ ինչ-որ բան պետք ա անի, ու ես արդեն զգացի, որ ինքը պետք կա՛մ խփի, կա՛մ չգիտեմ։
– Սպառնում էր։
– Ամեն ինչը ուղեկցվում էր վիրավորանքներով։ Հա՛մ ինձ, հա՛մ ծնողներիս, հա՛մ իմ ազգին, թե ո՞նց կարա Վարդենիսից սենց ինչ որ մեկը լինի։ Բա ո՞ր ազգից ես։ Յոթ պորտս քիչ էր մնում ինքը ճշտեր։ Էդ ահավոր ծիծաղալու էր։ Հասցնում էր սեռական բնույթի ցանկացած հայհոյանք։ Ընթացքում ինչ-որ մեկն ասաց՝ գոմիկին բերել, կանգնցրել եք ստեղ, է՞ս չի ձեր Վարդենիսը։
Սենյակում մոտ 20 հոգի նստած էին։ Ինչ-որ կլոր սեղաններ են, ու դու մեջտեղով գնում ես։ Մենակ մի հատ պոդյում ա պակասում էդտեղ, որ պոմիդորները գցեն վրեդ։ Ես տենց էի պատկերացնում նախքան գեներալնի մտնելը։ Ինքը ֆռռաց, ասեց՝ սա վարդենիսցի չի, վարդենիսցի ինչ-որ մեկը չի կարա սենց լինի։ Էսի ուժե արաբկիրցի ա (Արաբկիրում եմ հաշվառվել), ու չի կարա Վարդենիսից ինչ-որ մեկը սենց լինի։ Վեր կացավ, թեքվեց իր գործընկերոջ ուղղությամբ, որ ինչ-որ բան անի կամ ասի։ Պարզ զգացվում ա, որ իրանից բոլորը վախենում էին էնտեղ, որովհետև գործընկերը դրանից հետո ասաց. վա՜յ կներես, Մուրադյան ջա՛ն, վա՜յ կներես, դե հիմա կատակ ա, անում ենք էլի, գործ ա, մի քիչ պե՞տք ա ուրախանանք, թե չէ։ Ու ես իրանց երջանկության առիթն էի. առանց բացառության՝ բոլորը ծիծաղում էին, քչփչում էին իրանց մեջ, մի խոսքով, բոլորը ծիծաղում էին։ Ես հասցրեցի պռոստը նայեմ կողքերս։ Ու գեներալնիի պետն էդ ամեն ինչը շատ բարձր էր ասում. գոմիկը, գալուբոյը, էս ղզիկը։ Հետո սպառնաց՝ բա հերդ գիտի՞, որ գոմիկ ես։ Ես էլ ասեցի՝ նույնասեռական եմ, բայց ինչ պարտադիր ա, որ պապան իմանա դրա մասին։ Բա ո՞նց կարա չիմանա…։ Ու էդ պահին գործերս վերցրեց, դե թղթապանակ ա չէ՞ մի ամբողջ, ու ինչքան ուժ ունի խփեց դեմքիս։
Էդ պահին մոտս շոկային վիճակ էր, որովհետև չէի պատկերացնում, որ ինքը կանի ամեն դեպքում, սպասում էի, բայց չէի պատկերացնում։ Ասեցի՝ Դուք իրավունք չունեք ինձ խփել, ինքը սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ իմ իրավունքներին ու ինձ. բա գնա, ես քո իրավունքը…ու լիքը սիրուն բառեր։ Բա քո մերը որ քեզ ա ունեցել, բա քո հերը ո՞նց ա մորդ առել, որ քեզ ունենա։
Այնպիսի տրամաբանությամբ էր խոսում, որ յուրաքանչյուրը կարող է որոշել, թե ինչ տեսակ երեխա կարող է ունենալ։ Չէր մտածում, որ ոչ-ոք ապահովագրված չէ նույնասեռական, բիսեքսուալ, տրանսգենդեր կամ տրանսեքսուալ երեխա ունենալուց։
Էդ պահին ձեռքերս գրպանս դրեցի, որովհետև չգիտեի՝ ինչ անել։ Ասաց, հանի՛ ձեռքերդ գրպաններիցդ, հանեցի, հեռախոսը գրպանումս էր, ու հեռախոսը ձեռքի հետ դուրս եկավ, ու միանգամից ասացին, որ հեռախոսը ձեռիցս գցեմ, որովհետև ինչ-որ վախ ունեին։ Հեռախոսս միացրեցին, ստուգեցին։ Ամեն դեպքում, երբ ձայնագրում ես, էկրանին ցույց ա տալիս։ Երբ իրանք ասում էին՝ հեռախոսը ձեռիցդ գցիր, ես նայում էի կողքերս, հասկանամ՝ ինչ կա, որ հեռախոսս դնեմ դրա վրա, հո՞ չեմ գցելու գետնին, հետո աշխատողներից մեկը հեռախոսս վերցրեց ու տարավ մյուս սենյակը դրեց։ Էդ ամեն ինչը շատ ակնթարթային եղավ, որովհետև հեռախոսս վերցնել-տանելն ու գեներալնիի պետի վեր կենալը, որ ինձ խփի… ինքը ոտքը բարձրացրեց, որ ինձ պետք ա խփի, որովհետև վախեցավ, թե ձայնագրում եմ։ Էնտեղ ինչ-որ մեկը պահեց գեներալնիի պետին, մեկը հեռախոսը տարավ, ու ինչ-որ մեկն էլ թևիցս քաշեց, ասեց՝ տղա ջա՛ն, արագ դուրս արի ստեղից։ Գնացի, որ գտնեմ հեռախոսս։ Ու երբ հեռախոսը գնացի, գտա, տեսա էն պահը, որ մյուս աշխատողը, որ վերցրել էր հեռախոսս, դրեց սեղանին ու սկսեց ձեռները մաքրել։ Տենց ծիծաղս եկավ, ծիծաղալով դուրս եկա։
Ես վեշերս հավաքեցի, դուրս եկա ու մինչև առաջին հարկը լսում էի իմ հետևից էդ վիրավորանքները. էդ գոմիկը, նույնասեռականը։ Կոպիտ ասած՝ ամբողջ վայենկոմատով իմ մասին բոլորին ասեց։ Երբ դուրս էի գալի, 2-րդ հարկից մինչև 1-ինը արդեն ինձ ճանապարհ չէին տալիս էրեխեքը։ Դիմացս էին փակում։ Սկսեցին խոսալ ինչ-որ։ Որովհետև գեներալնիի պետը նենց ուժեղ էր գոռում, որ բոլորը իմացան։
– Էդ զորակոչիկնե՞րը։
– Հա, հա, նախազորակոչիկները։
Ես դուրս եկա զինկոմիսարիատից։ Արդեն թիրախավորվել էի որպես «գոմիկ»։ Բոլոր աշխատակիցները նայում էին, նայում ու քչփչում։ Ինչ-որ անկյունից լսում էի ինչ-որ վիրավորանք։ Ընկերս մեքենայում ինձ էր սպասում, գնացի մեքենա, զանգեցի իմ իրավաբանին, պատմեցի եղելությունը, զանգեցի կոմիսարին, ասացի, թե ինչ իրավիճակն է իրենց մոտ։
Ասեցի՝ ի՞նչ վիճակ ա տիրում առհասարակ ձեր մոտ, որ ես կարամ գամ գեներալնիի ու դեռ որոշված չի՝ ես գնալու եմ բանակ, թե չէ, էն դեպքում, որ ես կարող ա բանակ գնամ, արդեն իսկ էս վերաբերմունքն ա։ Կոմիսարը՝ պրն․ Մելյանը, շատ քաղաքավարի ինձ պատասխանեց, ասեց, բայց ամեն դեպքում ըմբռնումով մոտենանք Մուրադյանին, որովհետև ամբողջ կյանքը պատերազմ ա տեսել, մինչև հիմա սահմանի բերան ա, մի խոսքով՝ տենց ինչ-որ բաներ ասեց։ Ասեց, որ գնամ տուն, ինքն ինձ կզանգի։
Զորակոչից սկսած դու արդեն իսկ բռնությունների ես ենթարկվում, կոնկրետ իմ օրինակով։ Ու ես ուղղակի պատկերացնում էի, որ կան մարդիկ, որոնք իրենց նույնասեռականության կամ տրանսգենդեր լինելու մասին հայտնում են, որ բանակ չգնան, որովհետև էնտեղ իրենց ապահով չեն զգում, բայց շատերին նաև ուղարկում են բանակ, գաղտնիքը չի պահպանվում ծառայության երկու տարիների ընթացքում։
Այս ամենում ամենասարսափելին էն ա, որ մոտ մեկ ժամ տևող գլխավոր փորձաքննության ընթացքում կարող են խախտվել քո մի շարք իրավունքները՝ արժանապատվության, բռնություններից ու խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, կյանքի ու առողջության իրավքունը։
Մենակ լսել մի շարք վիրավորական բնույթի բառեր ու ենթարկվել ֆիզիակական բռնության, էդ ուղղակի աբսուրդ ա։ Ու սպառնալիքներ լսել, որ ծնողներիս տեղյակ կպահեն իմ նույնասեռական լինելու մասին։ Իրանք համարում են, որ դա հիվանդություն ա, դու չպետք ա Հայաստանում ապրես, որովհետև հայը չի կարա տենց լինի։ Էնտեղ քրիստոնեությունը մեջ բերեցին մի քանի անգամ, որ ո՞նց կարա քրիստոնյա նույնասեռական լինի։ Էն դեպքում, երբ ես գիտեմ շատ քրիստոնյա նույնասեռականներ, նաև գիտեմ երկու-երեք նույնասեռական հոգևորականի։
Հայաստանում գոյություն ունի մի կրթական համակարգ, որը մարդկանց չի իրազեկում առհասարակ կյանքի մասին։ Այստեղ դեռ սովետական վարքուբարքերն են։ Հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության ամենաակտիվ մասսայի մի որոշիչ մասը ԼԳԲՏՔ+ անձիք են, ու շատ փոփոխություններ, որ եղել են ի նպաստ նաև հետերոսեքսուալ համայնքի՝ եղել են ԼԳԲՏՔ+ անձանց ու համախոհների միջոցով։
– Պատրաստվո՞ւմ ես ինչ-որ ընթացք տալ, երբ փաստաթղթերդ գան, փաստաբանդ ի՞նչ ա խորհուրդ տալիս։ Երբ քեզ ասացին, որ հանդուրժող եղի, քանի որ կռված մարդ ա, կամ չգիտեմ՝ ինչ, պատրաստվո՞ւմ ես հանդուրժող լինել։
– Երբ ասեցին՝ հանդուրժող եղի, ես շեշտեցի, որ հանդուրժող եմ, բայց դա չի փոխի Մուրադյանի վերաբերմունքը։ Հետաքրքրական է այն, որ նրանք են հորդորում լինել հանդուրժող, բայց նույն վերաբերմունքը երբեք չես կարող ակնկալել։
Ուզում եմ բողոք ներկայացնել Պաշտպանության նախարարություն ու նաև ոստիկանություն, բայց ապացույցներ չունեմ։ Բայց փաստաբանիս հետ խոսակցությունից հասկացա, որ անմեղության կանխավարկածն այս դեպքում չի գործում, որովհետև, բնականաբար, ես ոչ մի ապացույցներ այնտեղ պետք ա չունենայի։
– Էս բառերը, էս խոսքն ապացույց ա։ Դու ասում ես, որ քեզ բռնության են ենթարկել, ծեծել են, հայհոյել են, ու դա հիմք ա։ Ինչի չէ՞։
Ուղղակի էս դեպքում ինչ-որ կապտուկներ չկային դատաբժշկական փորձաքննության համար, ու կարծում եմ՝ նման գլխացավանքը ձեռնտու չէր լինի նաև Մուրադյանի համար, դրա համար թղթապանակով հարվածեց։ Բայց դիմելու եմ ոստիկանություն և բողոք եմ ներկայացնելու ՊՆ, որովհետև այսպես շարունակվել չի կարող։ Մարդիկ չեն կարա ուղղակի տարիներով բռնության ենթարկեն տարբեր սերունդների ու տարբեր մարդկանց։ Չի կարա ինչ-որ մեկի ու շատ այլոց պատճառով ընդամենը երկու տարվա ընթացքում Հայաստանը լքեն 5891 ԼԳԲՏ մարդ։
– Էդ ի՞նչ թվեր են։
– 2011-2013 թվականներին Հայաստանից ընդմիշտ արտագաղթել ա 5891 մարդ, ու իրանց արտագաղթը պայմանավորված ա նաև բանակի հետ, ուղղակիորեն կապված ա, որովհետև Կառավարության կողմից պաշտպանված չլինելն արդեն ամեն ինչ ա, որ դու չուզենաս ապրել արդեն այն երկրում, որտեղ քո կյանքը ապահովված չի, էլ չեմ ասում հասարակությունը։
Դու կոտրվում ես, դու դառնում ես անպատիվ ինչ-որ մեկը։ Ոնց ուզեն, կարան քո հետ վարվեն։ Էդ ուղղակի աբսուրդ ա։
– Իսկ էդ հիմքը, որով ազատում են, հետագայում ինչ-որ խոչընդոտներ կարա՞ ստեղծի, թե չէ՞․ սահնափակի օրինակ աշխատանքի կամ վարորդական իրավունքի հարցերը։ Էդ հոդվածը խնդի՞ր չի։
– Երբ ազատում են, նույնասեռականության կամ տրանսգենդերության մասին ոչ մի բան չեն գրում։ Գրում են լրիվ այլ հոդված, որը օրինական է։ Բայց հոդվածի տակ գտնվող ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունը դու չունես։
Ես միշտ ասում եմ, եթե ինչ-որ միջազգային կառույց փորձի մոնիթորինգ անցկացնել ու տեսնի՝ ինչ հիմքով են ազատում նույնասեռական մարդկանց, եթե տեսնի, որ ազատում են նույնասեռական մարդկանց մենակ նրա համար, որ ապահովագրված չեն իրենց կյանքի համար ու որի պատասխանատուն պետությունն է, նրանց համար սարսափելի կլինի։ Նրանք նման սխալներ չեն կարող թույլ տալ։ Դրա համար իրանք գրում են լրիվ ուրիշ հոդված։ Իրանք ունեն մի քանի հոդվածներ՝ 7-ի ա-ն, բ-ն, գ-ն, 8-ի ա-ն, բ-ն, գ-ն, էդ իրանք էն որոշում՝ դու որն ես։
Մի քանի հոդված կոնկրետ վերաբերում են տրանսսեքսուալությանը, նույնասեռականությանը, որոնց դիմաց օրինակ գրած է՝ շիզոֆրենիա, բայց բոլորը գիտեն, որ դա նույնասեռականության հոդվածն է։
– Իսկ եթե մարդ իսկականից շիզոֆրենիա ունի։
Էդ դեպքում չգիտեմ՝ ինչ են գրում։ Էնտեղ մի քանի աստիճաններ կա։
– Ստացվում է, որ Հայաստանում եսիմ քանի հազար ավել «շիզոֆրենիկ» կա։
– Ահա։ Փաստորեն դուրս ա գալիս, որ Հայաստանի բնակչության մի մեծ մասը հոգեկան առողջության խնդիրներ ունի։
Հետագայում խնդիրներ են առաջանում այդ հոդվածներով բանակից ազատվելու դեպքում․ չես կարող վարորդական իրավունք ստանալ, չես կարող որևէ պաշտոն զբաղեցնել։ Կան մարդիկ, որոնք վերցնում են աշխատանքի։ Ունենք նախադեպ, երբ բողոքարկվել է, ու բողոքարկողը ձեռք է բերել վարորդական իրավունք։
– Պաշտոնական ձևակերպումը կեղծիք ա։
– Նախադեպ կա, որ էդ ամենը ուղղակի ձևական բնույթ է կրում՝ կոծկելու համար իրանց խտրական ու բռնարար վերաբերմունքը ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ։
– Իրանք կարան շահարկեն. եթե խնդիրը չծառայելն ա, բանակից ազատում են չէ՞: Կարո՞ղ են սպառնալ, որ էլ չեն ազատի:
Հա՛, կոնկրետ իմ դեպքում այնպես եղավ, որ շատ անուղղակիորեն ինձ կոմիսարն ասաց․ հա դե, կարար չազատեր քեզ Մուրադյանը, շնորհակալ եղի՛ր, որ ազատել ա։ Ու նախքան գլխավոր փորձաքննության բարձրանալը, վայենկամատի աշխատակիցը, որը հոգեբույժի հետ նստած էր, ասաց՝ դու քեզ հիվանդ համարո՞ւմ ես, թե չէ, ասում էի՝ չէ, ասում էին՝ հա՛, ուրեմն դու հիվանդ չես, բայց մենք հաշվի ենք առնում քո ապահովությունը, դրա համար քեզ բանակ չենք ուղարկում։
Ինձ համար հատկապես ծիծաղելի էր, որ հոգեբույժը (կամ հոգեբանը) նույնասեռականությունը համեմատում էր հեմոգլոբինի հետ․ ոնց ա հեմոգլոբինի քանակ բարձր կամ ցածր լինում, տենց էլ հորմոնների քանակն ա շատ ու քիչ լինում։ Այդպես էլ չհասկացա համեմատության իմաստը։
– Իրանց ասածն էն էր, որ էժան ես պրծել։ Ենթադրենք բանակից ազատվելը 20 հազար եվրո ա, դու տենց էժան ես պրծել, 20 հազար եվրոյանոց ապտակ ես ստացել, լավ ես պրծել էլի։
– Հա՛, դուրս էր գալիս, տենց էր էլի։ Ու իրանք անընդհատ շեշտում էին, որ կարային չազատեին։ Ինձ ասացին, եթե դու ուզում ես, կարող ես գնալ բանակ։ Մեզ համար ավելի լավ, քանի որ էսքան գործ չէինք անի։ Ու էս ամբողջ ընթացքում ինձ հետ կային մարդիկ, մի 5-6 հոգի, ես ուր գնացել եմ, ինձ հետ եկել են։ Ու ամենայն հավանականությամբ իրանք էլ էին նույնասեռական կամ իրոք լուրջ հոգեբանական խնդիրներ ունեին։ Բայց չեմ կարծում, քանի որ ինչ-որ ձևով առնչվեցի նրանց հետ, խոսացի։ Միայն մեկը իրոք հոգեկան խնդիրներ ուներ, ինքը, ըստ երևույթին, էլի ազատվեց։ Իսկ մնացածը երևի նույնասեռական էին կամ տրանս մարդիկ էին, չգիտեմ։
– Ո՞ր հոգեբուժարանն էր։
– Նոր-Նորք։