Առողջապահության նախարարությունը ծրագրում է ներդնել համընդհանուր առողջապահական ապահովագրական պետական համակարգ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։
«Պլան կա ունենալու համընդհանուր առողջապահական ապահովագրություն, որի ուրվագիծը մենք արդեն ունենք, որի վրա կկառուցենք մնացած ամեն ինչը, կհավաքենք կմախքը։ Դրա ընթացքում բազմաթիվ քաղաքական որոշումներ պիտի կայացվեն․ քաղաքական, տնտեսական, սոցիալական, թե ով ինչքան պիտի վճարի և ում համար․ աշխատողները՝ չաշխատողնե՞րի, հարուստները՝ աղքատնե՞րի, երիտասարդները՝ ծերե՞րի, թե ամեն մեկը միայն իր համար պիտի վճարի։ Այսինքն՝ բազմաթիվ հարցեր կան, որ մենք քայլ առ քայլ պիտի գնանք առաջ։
Մեր ցանկությունն է դա անել պետական ապահովագրական հիմնադրամի կամ ընկերության միջոցով և ոչ մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով։ Ինչո՞ւ։ Որովհետև մասնավոր ապահովագրական ընկերությունները ունեն լրիվ ուրիշ շահեր, որոնք շատ հաճախ, դեպքերի մեծ մասում, չեն համընկնում այն սոցիալական պատասխանատվության հետ, որ ունի պետությունը իր քաղաքացիների նկատմամբ։
Մասնավոր ընկերությունները շահագրգռված են միայն իրենց շահույթ ունենալու մեջ, նրանք բժշկական կազմակերպություններ չեն, նրանք ֆինանսական կազմակերպություններ են։ Այսինքն՝ ապահովագրությունը գրեթե նույն բանկն է, որ շահագրգռված է գումար աշխատելու մեջ, բայց աշխատում է, ասենք, այս ոլորտի վրա կոնկրետ դեպքում։ Իսկ ինչո՞ւ չեն ուզում մասնավոր ապահովագրականներն ապահովել տարեց մարդկանց։ Քանի որ նրանց առողջապահական ծախսերն այնքան մեծ են, որ իրենց ձեռք չի տալիս։ Օրինակ՝ եթե 50 հազար դրամ է ապահովագրական փաթեթը, իրենց ձեռք է տալիս 50 հազար դրամով ունենալ 30 տարեկան անձ ապահովագրած, քան 65: Այն, ինչ որ հիմա կա Հայաստանում, դա մասնավոր հարաբերությունների դաշտում է, և պետությունը ոչ մի կերպ չի կարող խառնվել։ Այսինքն՝ եթե օրինակ՝ մի մեծ կորպորացիա իր աշխատողների համար գնում է ապահովագրական փաթեթ կամ ստիպում է, որ աշխատողները գնեն, դա իրենց ներքին հարցն է, պետության կողմից պարտադրանք չկա։ Եվ ապահովագրական ընկերությունները նրան առաջարկ են անում, ի դեպ, այդ առաջարկը շատ ուղիղ կապ ունի, թե ինչ տարիքասեռային խումբ է նա ապահովագրում։ Եթե պարզվի, որ օրինակ՝ x ընկերության մոտ 60 և ավելի տարիքով մարդիկ ավելի շատ են, քան y֊ի մոտ, y-ի համար ապահովագրությունն ավելի էժան է լինելու, քան x-ի։ Եվ հենց նաև դրա համար ենք մենք դեմ այդ մասնավոր ապահովագրական ընկերությունների համակարգի ներդրմանը, որովհետև պետականի դեպքում բոլոր ռիսկերը կշռվում են, իրար չեզոքացնում են՝ մեծ թվերի օրենքի համաձայն:
Այսինքն՝ մենք ունենում ենք ամբողջական կոհորտ մարդկանց՝ թե՛ երիտասարդ և առողջ, թե՛ ավելի տարեց և ավելի շատ առողջական խնդիրներով, թե՛ երեխաների, այսինքն՝ բոլորը։ Եվ միջին գին ունենալով՝ դու մեկի վրա շատ ես ծախսում, մեկի վրա քիչ ես ծախսում, խնդիր չունես շահույթ ունենալու, միայն խնդիր ունես վերջում զրոյի վրա կանգնելու։ Միայն։ Իսկ մասնավոր ապահովագրականները լրիվ հակառակ շահերն ունեն։ Դրա համար, այո՛, պետական ապահովագրականներով։ Իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում, դա պետք է անձինք իրենց մակարդակով, որովհետև դրանք պարզապես պայմանագրային հարաբերություններ են, լուծեն, մինչև մենք կհասնենք իմ ասածին։ Իսկ մենք դրան կհասնենք, հավանաբար, երկու տարուց։ Երկու տարուց կսկսենք, եթե ամեն ինչ բարենպաստ գնա։ Հույս ունենք, որ ամեն ինչ բարենպաստ կգնա, ամեն ինչ անելու ենք, հետո արդեն ծավալվելով, ինքը հարատև պրոցես է լինելու՝ նոր մարդկանց խմբեր ընդգրկելով, գներ վերանայելով, այսինքն՝ համակարգը, կարծում ենք, որ պիտի սկսել աշխատել 21 թվականից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։