Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանով անցնող հատվածում այսօր ձերբակալվել են իրանական բեռնատարների երկու վարորդներ, Turan.az-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ նույն աղբյուրի՝ վարորդները «անօրինական մտել են Ադրբեջանի տարածք»։
«Հայաստանից մեքենաների անօրինական մուտքը Ադրբեջան տեղորոշել են ՆԳՆ-ի, սահմանապահ և մաքսային ծառայությունների աշխատակիցները։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ», – ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։
Ըստ Para TV-ի տեղեկությունների՝ վարորդները ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։
Հիշեցնենք՝ դեռևս սեպտեմբերի 12-ին լուրեր տարածվեցին, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ուժայինները ստուգում են իրանական բեռնատարների փաստաթղթերը։ Ըստ հայկական մամուլի՝ ադրբեջանցիները իրանցի վարորդներից 130 դոլար գումար էին պահանջում՝ Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանական մամուլը գրում էր, որ իրանական բեռնատարերը անարգել մտնում են Լեռնային Ղարաբաղ՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը ուղիղ կապելով նախօրեին Բաքվի կողմից տարածված հայտարարության հետ։ Օտարերկրյա բեռնատարների՝ ԼՂ տարած մտնելու կապակցությամբ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին բողոք էր հղել Ռուսաստանի ՊՆ-ին, իսկ ավելի վաղ՝ նաև Իրանին։