Home / Եկեղեցի / Եկեղեցին ոչ թե Աստծո տունն է, այլ՝ անառականոց․ արտահոսք Վրաստանում

Եկեղեցին ոչ թե Աստծո տունն է, այլ՝ անառականոց․ արտահոսք Վրաստանում

Վրաստանի ամենաազդեցիկ կառույցի՝ ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդները համագործակցել են ռուսական հատուկ ծառայությունների հետ, զբաղվել բիզնեսով, հարստացել և շնացել․ սա են փաստում համացանցում հրապարակված շուրջ 15 գիգաբայթ գաղտնի փաստաթղթերը՝ Վրաստանի պատմության մեջ (ամենայն հավանականությամբ՝ հատուկ ծառայությունների հավաքած տեղեկությունների) թերևս ամենախոշոր արտահոսքը։ 

Արտահոսած նյութերի իսկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Քաղաքական իշխանությունն այս օրերին նախընտրում է խոսել ոչ այնքան հանրայնացված փաստաթղթերի բովանդակության, որքան եկեղեցու համբավը բարձր պահելու և արտահոսքի հեղինակներին պատժելու անհրաժեշտության մասին։ Իրավապաշտպաններն ահազանգում են հատուկ ծառայությունների ապօրինությունների մասին։ Հոգևոր առաջնորդները լռություն են պահպանում․․․

«Եկեղեցին ոչ թե Աստծո տունն է, այլ՝ անառականոց»

«Եկեղեցին այսօր ոչ թե Աստծո տունն է, այլ՝ անառականոց։ Ձեզ չի հուզում, որ ռուսական խավարը կառավարում է Պատրիարքությունը, դուք հանդուրժում եք դա՝ հանուն իշխանության և ձեր բարեկեցության։ Այստեղ դուք կտեսնեք այդ աղետի ծավալները, որին ես հետևել եմ տարիներով, և տա Աստված՝ դուք կարթնանաք և կկազմաքանդեք այդ արատավոր համակարգը», – ասված է արտահոսած շուրջ 3 հազար փաստաթղթերին կցված գրության մեջ։

Գրության հեղինակը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ արտահոսքի ետևում կանգնած է պետանվտանգության ծառայության (նախկին) աշխատակիցներից մեկը։ 

Գաղտազերծված թղթերը փաստում են, որ հատուկ ծառայությունները տարիներ շարունակ հետևել են Վրաստանի բարձրաստիճան եկեղեցականների անձնական կյանքին, քաղաքական կապերին, բիզնեսներին, քրեական հեղինակությունների հետ նրանց փոխհարաբերություններին, տվյալներ են հավաքագրել նաև հոգևորականների (հաճախ՝ քրեական) անցյալի մասին։ Ենթադրաբար՝ հսկողության տակ են գտնվել նաև նրանց հետ կապեր ունեցող գործարարներն ու քաղաքական գործիչները։

«Շնացում»

Հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել են սպասավորների և մայրապետների, նույնասեռական հոգևորականների սեռական հարաբերություններին վերաբերող փաստեր, տեղեկություններ են ստացվել նաև հոգևոր հայրերի պեդոֆիլիկ հակումների մասին

Մանկապղծության դեպքերին վերաբերող փաստաթղթերը որոշ դեպքերում պարունակում են նաև սեռական շահագործման ենթարկված երեխաների տվյալները՝ անուն, ազգանուն և այլն․․․ 

Թղթապանակներից մեկը վերնագրված է ուղղափառ տերմինաբանությանը հայտնի բառով՝ «Շնացում» (պարունակում է ավելի քան 80 եկեղեցականների սեռական կյանքին վերաբերող ակնարկներ), մյուսը կրում է քրեական օրենսգրքի հոդվածներից մեկի անունը՝ «Մանկապղծություն»։

Ռուսական կողմնորոշում

«Ռուսական կողնորոշում» վերնագրով թղթապանակը ծավալներով և հստակությամբ, իհարկե, զիջում է սեռական կյանքի մանրակրկիտ մոնիթորինգի արդյունքները ամփոփող փաստաթղթերին․ այստեղ հավաքված են 15 բարձրաստիճան եկեղեցականների գործերը։ Նրանց մի մասին հատուկ ծառայությունները համարում են գործակալ, մյուս մասին՝ կասկածում են Ռուսաստանի հետ կապեր ունենալու մեջ։ Ապացույցներ թեև չկան, այս ակնարկները, կարծես, լավ ձայնակցում են վրացական մամուլում պարբերաբար հայտնվող նյութերին և վրաց եկեղեցու հրապարակային քաղաքականությանը․․․


կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը

Ցանկը գլխավորում է կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը՝ վրաստանի ամենաազդեցիկ գործիչքներից մեկը։ Հաղորդվում է, որ պատրիարքը դեռևս խորհրդային տարիներին համագործակցել է ռուսական КГБ-ի հետ (մականունը՝ «Իվրեյսկի»)։ Սա, թերևս, նորություն չէ: Առավել հետաքրքրական է փաստթղթի կազմման ամսաթիվը՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին (ներկա իշխանության՝ «Վրացական երազանքի» օրոք)։


ձախից պատրիարքն է, աջիկց՝ Շորենա Տետրուաշվիլին

Երկրորդը՝ «Ցիանիդի գործով» հայտնի Շորենա Տետրուաշվիլին է, պատրիարքի խորհրդատու-քարտուղարը։ 

Ըստ արտահոսքի, հենց Տետրուաշվիլին է վերահսկում Պատրիարքիայի ընթացիկ բոլոր պրոցեսները։ «Նա խուսափում է կապի միջոցների անձնական օգտագործումից, չունի բջջային և ստացիոնար հեռախոս», – շեշտում են փաստաթղթի հեղինակները։

Տետրուաշվիլին մամուլում ևս հաճախ չի երևում։ Նրան վերաբերող ամենահնչեղ հրապարակային գործը կապված էր ավագ քահանաներից մեկի հետ, որը, ըստ շրջանառվող վարկածի, 2017 թվականին մահափորձ էր ձեռնարկել պատրիարքի քարտուղարի նկատմամբ, հետագայում՝ ձերբակալվել և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։

Ռուսաստանի հետ քարտուղարի ուղիղ կապերի մասին վկայություններ փաստթղթում չկան, բայց նշվում է, որ նրա հետ փոխկապակցված հոգևորականությունն ակտիվորեն համագործակցում է Ռուս ուղղափառ եկեղեցու և ռուսական քաղաքական շրջանակների հետ։


եպիսկոպոս Վախթանգը՝ մեջտեղում

Արտահոսքում հիշատակվում է նաև եպիսկոպոս Վախթանգ Լիպարտելիանիի անունը, ով, ըստ արտահոսքի, հակաարևմտյան քարոզչություն իրականացնելու նպատակով 2014 թվականին եկեղեցականներից կազմված գաղտնի խումբ է ստեղծել։ Գաղտնալսման հեղինակների համոզմամբ՝ Լիպարտելիանին համագործակցում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) հետ:

Աչքի են ընկնում երկու մետրոպոլիտների՝ Գրիգոլ (Բերբիչաշվիլիի) և Անտոն (Բուլուխիայի) դոսյեները։

Երկուսն էլ, ըստ փաստաթղթերի, քրեական անցյալ ունեն, պատիժ են կրել Ռուսաստանի բերդերում։ 


մետրոպոլիտ Գրիգոլը

Գրիգոլ Բերբիչաշվիլին «4 անգամ դատապարտվել է՝ մեքենայությունների և փաստաթղթերի կեղծման համար»։ Եկեղեցական շրջանակներում հայտնի է որպես լիբերալ հայացքների տեր հոգևորական։ Փաստաթղթի հեղինակները ենթադրում են, որ «կարող է գաղտնի կապեր ունենալ ռուսական հատուկ ծառայությունների հետ», բայցև նշում են՝ կարող է մասնակցել «Ազգային շարժման» ռևանշիստական պլաններին։  


Անոտոն Բուլուխիա

Ինչ վերաբերում է Անտոն (Բուլուխիային), եթե հավատալ փաստաթղթերին՝ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը կասկածում է նրան «Ազատության ինտիտուտի» հետ կապեր ունենալու մեջ։ Շեշտվում է նաև նրա շարունակական կապը սեփական քրեական անցյալի հետ։

«Օպերատիվ տվյալների համաձայն՝ նա սերտ կապեր է ունեցել Ռուսաստանում գործող քրեական հեղինակությունների հետ՝ Տարիել Օնիանի, Տարիել Պոտսխվերիա, Մերաբ Գոգիա։ Նրանց ֆինանսավորմամբ զբաղվել է շինարարարակն բիզնեսով Թբիլիսիի էլիտար թաղաամասներում, ունի ռեստորաններ և խանութներ»։ 


արքեպիսկոպոս Սպիրիդոնը

Ըստ արտահոսքի՝ արդեն տևական ժամանակ պետանվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է նաև արքեպիսկոպոս Սպիրիդոն Աբուլաձեն, որը աշխարհիկ հանրությանը հայտնի է հատկապես Նինոցմինդայի մանկական ինտերնատի հետ կապված սկանդալի շնորհիվ։

Նրա հովանավորության տակ գտնվող մանկատանը, ըստ լրատվամիջոցների, երեխաները ենթարկվում են տարատեսակ դաստիարակչական և պատժիչ բռնությունների։ Օմբուդսմենի, իրավապաշտպանների, լրագրողների և անգամ սոցաշխատողների մուտքը ինտերնատ խստիվ արգելված է՝ անձամբ Սպիրիդոնի հրահանգով։ Բացառություն է արվում միայն ռուսաստանցի լրագրողների համար։ Բռնությունների մասին հաղորդումներն առ այսօր մնում են անհետևանք։

Սեպտեմբերի 13-ին արտահոսած փաստթղթերից հետևում է, որ Սպիրիդոն Աբուլաձեն նախկինում ևս անցել է նման գործերով, իսկ 1984-ից 1987 թվականները անցկացրել է կալանքի տակ։

«Իր բացատրության համաձայն՝ հակապետական գործունեության համար, իսկ, ըստ եկեղեցում շրջանառվող տեղեկությունների, անչափահասի հետ սեռական ակտի համար», – ասված է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ արքեպիսկոպոսը փորձում է զերծ մնալ քաղաքական ակտիվությունից, բայցև բացեիբաց սատարում է Ռուսաստանին։ Նրա պրոռուսականությունը փաստաթղթում կապվում է Աջարյանում «թուրքա-իսլամական էքսպանսիայի» հետ։

Փաստաթղթերում ներկայացված են նաև Սուրբ սինոդի մյուս անդամների և նրանց հետ սերտ կապեր ունեցող եկեղեցականների գործերը։


Սուրբ սինոդը

Կցված է նաև КГБ-ի հետ նախկինում համագործակցած հոգևորականների ցանկը։ Ինֆորմացիայի մի մասը թվագրված չէ, մյուս մասը կազմվել է 2014 թվականին։

Ո՞վ է մեղավոր

Դատելով պաշտոնական Թբիլիսիի հայտարարություններից՝ մեղավոր է ընդդիմությունը, որն, իր հերթին, մեղադրում է իշխանությանը։

Իրավապաշտպաններն ահազանգում են՝ հատուկ ծառայությունները, փաստացի, ապօրինի կերպով զանգվածաբար անձնական տեղեկություններ են հավաքում, հետևում են հայուրավոր մարդկանց մասնավոր կյանքին, ծանր հանցագործությունների մասին վկայող տվյալները արխիվացվում են որպես կոմպրոմատ՝ առանց իրավական ընթացք ստանալու։ Վերջին շրջանում արտահոսած տվյալներից արդեն իսկ բացահայտ է, որ ուժայինները հետևում են ոչ միայն հանցագործ հոգևորականներին, այլև հարյուրավոր այլ մադրկանց։ Արդյունավետ վերահսկողության լծակներ չկան։

Վրաստանի դատախազությունը արտահոսքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել «մասնավոր հաղորդակցության գաղտնիությունը խախտելու» հոդվածով։ Պետանվտանգության ծառայությունը խոստացել է աջակցել քննությանը։

Քննությունը դեռ չսկսված՝ իշխող կուսակցությունն արդեն իսկ կողմնորոշվել է մեղավորմերի հարցում։ Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, օրինակ, հայտարարել է, որ արտահոսքի պատվիրատուներն ու կազմակերպիչները հայտնի են, նրանց հարցերը կլուծվեն ընտրություններից հետո։

«Մենք բազմիցս նշել են, որ Սաակաշվիլիի չարակամ բանդայի և «ազգային շարժման» նպատակը մեր ամենագլխավոր ինստիտուների՝ եկեղեցու և պատրիարքի վարկաբեկումն է։ Սա դավադրություն է պետության դեմ․ մենք տեսնում ենք՝ ինչպիսի կեղտոտ և նպատակաուղղված սադրանք է իրականացվում մեկ այլ պետական ինստիտուտի՝ անվատգության ծառայության նկատմամբ», – հայտարարել է վարչապետը։

Ընդդիմությունը, որի հիմնական պահանջն ստեղծված իրավիճակում Պետանվտագության ծառայության պետի հրաժարականն ու արդար հետաքննությունն է, մեղադրում է իշխանությանը քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչներին հետևելու, «դոսյեներ կազմելու», պետանվտանգության ծառայությանն անսահմանափակ լծակներ տալու մեջ։

«Ինչպեսև 1937 թվականին, նրանք մատնություններ են հավաքում՝ հետևելով բոլշևիկների լավագույն ավանդույթներին», – հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչներից մեկը՝ Լևան Խաբեիշվիլին։

Վրաց ուղղափառ եկեղեցին սկանդալը չի մեկնաբանում։ Պատրիարքարանի հանրային կապերի հարցերով ծառայության ղեկավար Անդրիա Ջամգալիձեն համառոտ է անդրադարձել խնդրին, ի թիվս այլի՝ նշելով․ «Շատ վատ կլինի, եթե պարզվի, որ տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»: