Ամերիկյան փոփ մեգաաստղ Բրիթնի Սպիրսի ինստագրամը երեկ հանելուկային կերպով ջնջվել է։ Դրանից օրեր առաջ նա նշանադրվել էր իր երկար տարիների զուգընկերոջ՝ Սեմ Ասղարիի հետ, ինչի մասին Իրանում ծնված ֆիթնեսի մարզիչը հայտարարել էր իր ինստագրամյան էջում։ Ամուսնանալ, սակայն, զույգը դեռևս չի կարող։ Պատճառը երգչուհու նկատմամբ իր հոր արդեն 13 տարի շարունակվող խնամակալությունն է, ինչի դեմ Բրիթնին պայքարում է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում։
Բրիթինին անցյալ ամառ դատական հայց է ներկայացրել՝ հոր «պահպանությունից» ազատվելու և նրան «խնամակալության չարաշահման» համար պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Արդեն սեպտեմբերին 39-ամյա երգչուհու հայրը՝ Ջեյմի Սպիրսը, ինքը դատարան դիմեց՝ խնդրելով պաշտոնապես դադարեցնել խնամակալությունը։
69-ամյա տղամարդը դատական իր վկայություններում նշել է՝ «հանգամանքներն այնաստիճան են փոխվել, որ խնամակալության հաստատման համար հիմքեր կարող են այլևս չլինել»։ Ավելի վաղ նա (շատերի գնահատմամբ՝ հանրային ճնշման ներքո) համաձայնել էր դադարել լինել Բրիթնիի խնամակալը՝ պայմանով, որ այդ դերն ուրիշ մարդ կստանձնի։
Բրիթնիի փաստաբան Մեթյու Ռոզենգարտը, սակայն, հայտարարել է, որ սա երգչուհու հոր փորձն է՝ ազատվելու իրավական պատասխանատվությունից։ Քանի որ Բրիթնիի կողմից արդեն իսկ սկսվել է դատական գործընթաց, ապա հոր կողմից խնամակալությամբ ունեցած իր իրավունքների չարաշահում հայտնաբերելու դեպքում նա պետք է դստերը 47 միլիոն դոլար վճարի, սակայն եթե խնամակալությունը կասեցվի մինչև գործընթացի ավարտը, նա պարտավորություններ չի ունենա։
Հարկ է նշել, որ դեռևս անցյալ տարի դատարանը ստիպել էր Ջեյմիին ժամանակավորապես հեռու մնալ իր թոռներից, երբ նրանցից ավագը՝ Շոնը պապին մեղադրեց իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Դրանից ամիսներ անց՝ այս տարվա ապրիլին, Շոնի եղբայր Ջեյդենը ինստագրամում իր աջակցությունը հայտնեց մորն ու ասաց, որ իր պապը «կարող է գնալ մեռնել»։
Ի՞նչ է պատմում Բրիթնին
Բրիթնին այս տարվա հունիսին տեղի ունեցած դատալսման ժամանակ պատմել է, որ տարիներ առաջ «խաբել է» բոլորին, ասելով, որ իրեն լավ է զգում, սակայն հիմա, երբ ունի նոր, իր կողմից ընտրված փաստաբան, կարող է ասել ճշմարտությունը։
Երգչուհին նշել է, որ իր մենեջմենթի թիմը ստիպել է ելույթ ունենալ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իրեն դատի կտան։ Քանի որ մինչև վերջերս նա իրավունք չուներ ընտրելու սեփական փաստաբանին, ստիպված է եղել համաձայնել։
Ըստ երգչուհու՝ երբ նա հրաժարվել է Լաս Վեգասում ելույթ ունենալուց, Բրիթնիի թիմը խաբել է իր հոգեթերապևտին՝ ասելով, թե երգչուհին «չի համագործակցում» և դեղերը չի ընդունում, ինչից հետո Բրիթնիին ստիպել են իր սովորական դեղորայքը փոխարինել Լիթիումով, որն ըստ փոփաստղի, կարող է ծանր հետևանքներ ունենալ հինգ ամսից ավել ընդունելու դեպքում, ընդհուպ մինչև հոգեկան խանգարում։ Դեղորայքի ընդունմանը ամեն օր հետևել է 6 բուժքույր, ովքեր նրան չեն թույլատրել անգամ տնից դուրս գալ ու նստել իր մեքենան։
Բրիթնին պատմել է, որ իրեն պարբերաբար հոգեբաններ են այցելել և ժամերով թեստ անցկացրել նրա հետ։ Հոգեբանական թեստերից մեկը «ձախողելուց» հետո Բրիթնիի հայրն ու բժիշկները ստիպել են նրան տեղափոխվել մի առանձնատուն, որտեղ նա շաբաթական յոթ օր աշխատել է, անընդհատ «թեստավորվել» է հոգեբանների կողմից, պարբերաբար ստիպված է եղել արյուն հանձնել, իսկ իր հետ աշխատող թիմը նաև ապրել է իր հետ նույն այդ տանը։
Երգչուհին անգամ չի կարողացել իր սենյակում մենակ զգեստափոխվել։ Նրանից վերցրել են բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագիրը, վերցրել են հեռախոսը, կապի միջոցները, քրեդիտ քարտ, կանխկիկ գումարը։ Թույլ չեն տվել հանդիպել իր երկու դեռահաս տղաներին և զուգընկերոջը։
Զգացմունքային վկայության ընթացքում, որն իդեպ Բրիթնին տալիս էր հեռավար կարգով, երգչուհին պատմել է, որ իր փոխարեն որոշում են՝ ում հետ նա պետք է հանդիպի, ինչ գույնի պիտի լինի իր խոհանոցի կահույքը, որտեղ և երբ պետք է ելույթ ունենա, և արդյոք երեխա պետք է ունենա թե ոչ։
Երգչուհին նշել է, որ հենց վկայություն տալու պահին իր մարմնում ներարգանդային պարույր կա, որն իրեն թույլ չեն տալիս հանել, որպեսզի նա հանկարծ չհղիանա։ Բրիթնին իր խոսքով ուզում է ամուսնանալ իր զուգընկերոջ հետ և ևս մի երեխա ունենալ, սակայն խնամակալության պայմանները և այդ պայմաններից շահող մարդիկ նրան դա արգելում են։
«Ես ցանկանում էի պարույրը հանել, որ կարողանայի փորձել նորից երեխա ունենալ։, բայց այս այսպես կոչված թիմն ինձ թույլ չի տալիս գնալ բժշկի մոտ, որ այն հանեմ, որովհետև նրանք չեն ուզում, որ ես նորից երեխաներ ունենամ», -պատմում էր փոփ աստղը։
Բացի այդ, իր խնամակալները Բրիթնիին դիտավորյալ այնպիսի տեղեր են տանում, որտեղ նա շատ խոցելի է պապարացցիների համար։ Իր խոսքով՝ հենց դատալսման նախորդ օրը պապարացցիները կարողացել են լուսանկարել նրան լաց լինելիս։
Երգչուհու խոսքով՝ իր հայրը ոչ միայն խնդիր չի ունեցել այս ամենի հետ, այլև հաստատել է բոլոր այս որոշումները, ֆինանսական շահույթ ստանալով իր ելույթներից ու շրջագայություններից։ Հայրը ստիպել է նրան գնալ բոլոր այդ շրջագայություններին, որոնց Բրիթնին չէր ուզում մասնակցել, ամեն օր ժամերով հոգեբանական թեստեր անել, և իր մենեջմենթի թիմի հետ միասին, ստիպել է Բրիթնիին լռել։
Բացի այդ՝ 69- ամյա տղամարդը սպառնացել է, որ եթե Բրիթնին չկատարի իր հրահանգները (ելույթների, հոգեբանական թեստերի և այլնի մասին), ապա նա «կպատժի» դստերը;
Բրիթնին դատալսման արդյունքում հայտարարել է, որ ցանկանում է դատի տալ իր ընտանիքին, մասնավորապես՝ հորը։
Ավելի վաղ երգչուհին հայտարարել էր, որ որևէ տեղ ելույթ չի ունենալու, քանի դեռ իր հայրը պատասխանատու է իր մենեջմենթի և ֆինանսների համար։ Բրիթնին վերջին տարիներին հաճախ է նշել, որ թեև աշխատանքի մեծ մասն անում է ինքը, իր կարիերայից շատ ուրիշ մարդիկ են շահույթ ստանում։
«Ես չպիտի խնամակալության տակ լինեմ, եթե կարող եմ աշխատել ու փողով ապահովել ուրիշներին»,- ասել է երգչուհին՝ պնդելով որ խնամակալությունը պետք է ամբողջությամբ դադարեցվի։
«Ես արժանի եմ կյանք ունենալու»,- նշել է երգչուհին։
Ի՞նչ է ասում Բրիթնիի ընտանիքը
Դեռևս օգոստոսին՝ Բրիթնիի սկանդալային հայտարարություններից հետո Ջեյմի Սպիրսը հայտարարեց, որ պատրաստ է լքել դստեր խնամակալի դերը, «երբ ժամանակը ճիշտ կլինի»։ 69-ամյա տղամարդու փաստաբանները, սակայն, նշել են, որ երգչուհու հայտարարությունները վիճարկելի են և դատարան դիմել՝ դրանք հետաքննելու հայցով։ Փաստաբանները բողոքել են նաև, որ Ջեյմի Սպիրսի նկատմամբ «անարդար» հանրային արշավ է սկսվել։ Ջեյմի Սպիրսի փաստաբանները նշել են նաև, որ նա «ցավում է իր դստերը այսքան ցավի մեջ տեսնելով» և որ «լավագույնն է ցանկանում դստեր համար»։
Մինչև Բրիթնիի հայտարարությունները Ջեյմին պնդում էր, թե երգչուհու համար ազատություն պահանջող երկրպագուները «դավադրության տեսաբաններ են» և «բան չգիտեն» ու մահվան սպառնալիքներ են հղում իր ընտանիքին ու Բրիթնիի հետ աշխատող մարդկանց։ Սպիրսը պնդում էր, որ չի կարող շահագործել դստերը, քանի որ դատարանի առաջ պատասխան է տալիս ծախսած ամեն կոպեկի համար։
Բրիթնիի եղբայր Բրայանը ևս ավելի վաղ հայտարարել էր, թե խնամակալությունը «լավ է անդրադարձել իր ընտանիքի վրա»։
Իսկ երգչուհու քույրը՝ Ջեյմի Լին Սփիրսը, ում Բրիթնիի երկրպագուները մեղադրում էին քրոջը բավականաչափ չաջակցելու մեջ, նշել է, որ ուրախ է որ Բրիթնին բարձրացրել է իր ձայնը։
«Գուցե ես չեմ աջակցել [Բրիթնիին] այնպես ինչպես հանրությունը կցանկանար՝ հեշթեգ շարժմամբ, սակայն վստահեցնում եմ՝ ես նրան աջակցել եմ հեշթեգից շատ առաջ և կաջակցեմ շատ հետո։
Ջեյմի Լինը նկատի ունի սոցցանցերում լայն տարածված #FreeBritney (ազատ Բրիթնի) հեշթեգը, որը սկիզբ է առել 2019-ին, երբ հայտնի դարձավ, որ Բրիթնիին (ըստ ամենայնի՝ իր կամքին հակառակ) տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն։
Սոցիալական ցանցերում սկիզբ առած շարժումը վերածվեց նաև բողոքի ակցիաների շարքի, այդ թվում՝ Բրիթնիի վկայություն տալու օրը, դտաարնի դիմաց։
Դատական պրոցեսի արձագանքները
Բրիթնիի պայքարին արդեն աջակցություն են հայտնել մի շարք փոփ աստղեր, այդ թվում՝ Շերը, Մայլի Սայրուսը, Բրիթնիի նախկին զուգընկեր Ջասթին Թիմբերլեյքը, Քրիստինա Ագիլերան և այլն։
«Այն, ինչ տեղ է ունենում նրա հետ ճիշտ չէ։ Ոչ մի կնոջ չպետք է արգելվի որոշումներ կայացնել սեփական մարմնի վերաբերյալ․․․Ես և Ջեսը (երգչի կինը) մեր սերն ու բացարձակ աջակցությունն ենք ուղարկում Բրիթնիին այս ժամանակներում։ Հուսով ենք, որ դատարաններն ու նրա ընտանիքը կշտկեն սա և թույլ կտան նրան ապրել՝ ինչպես ինքն է ուզում ապրել», – ասել է Ջասթին Թիմբերլեյքը։
ԱՄՆ կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ հրավիրել են երգչուհուն՝ վկայություն տալու իր փորձի մասին, և հայտարարել, որ Բրիթնիի դեպքը կարող է օգտակար լինել հետագայում, համապատասխան օրենսդրություն մշակելիս։
Բրիթնիի խնամակալությունը սկսվել է 2008-ին՝ իր հոր պահանջով, երբ երգչուհին հոգեկան շատ ծանր վիճակում էր իր երկու տղաների հորից՝ Քեվին Ֆեդերլայնից բաժանվելուց հետո, և որոշակի կախածություն էր ձեռք բերել ալկոհոլից։ Նրան այդ տարիներին պապարացցիները հաճախ էին լուսանկարում անհարմար իրավիճակներում։ Առավել հայտնի է հատկապես այն դեպքը, երբ նրան լուսանկարել էին գուխը սափրելիս։ Մեկ այլ դեպքում Բրիթնին վնասել էր պապարացցիներից մեկի ավտոմեքենան։