Վերակենդանացման բաժանմունքների 319 մահճակալներից զբաղված են 289-ը, կառավարության այսօրվա նիստին հայտնել է առոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով քովիդի իրավիճակը Հայաստանում։
«Ցավոք սրտի, երեկ գրանցվել է 19 մահ: Նորից պետք է շեշտեմ՝ դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում: Պիտի ասեմ, օրինակ, երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա: Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում զբաղեցնում ենք շատ ավելի շատ մահճակալներ, և մեր մահճակալային ֆոնդը շատ արագ է սպառվում»,- նշեց նախարարը և հավելեց՝ երկրի հիվանդանոցներում այս պահին ծավալված է ընդհանուր 2044 մահճակալ, որից զբաղված են 1860-ը:
«Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսն այն քաղաքացիներն են, որոնք պատվաստված չեն կամ չեն ստացել ամբողջական պատվաստումը»,- նշեց նախարարը:
Ավանեսյանը հավելեց, որ համավարակը հաղթահարելու հարցում գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է, և թույլ տալը առողջապահության համակարգին հասցնել հիվանդների պատշաճ բուժօգնության տրամադրումը:
«Առջևում աշուն է։ Մենք գիտենք, որ աշնանն ընդհանուր առմամբ նկատվում է սրտանոթային հիվանդությունների հիվանդացության աճ, շատ խրոնիկ հիվանդություններ այս ընթացքում սրվում են։ Բայց եթե մեր ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մի մեծ մասը շարունակում է սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, պատկերացրեք՝ այլ հիվանդություններով մարդկանց համար դժվար է դառնում բուժօգնություն տրամադրելը»: