Նախօրեին հանդիպել են Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Մուսավին ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է Turan.az-ը։
Երկու պաշտոնյաները հանդիպել էին նաև դրանից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 13-ին, որի բովանդակության մասին, ըստ նույն աղբյուրի, «գրեթե ոչինչ չի ասվել, սակայն պարզ է, որ խոսքը իրանցի բեռնատարների մասին է, ովքեր, չնայած Բաքվի բողոքներին, վառելիք են տեղափոխում Ղարաբաղ»։
Turan.az-ի պնդմամբ՝ «կասկած չկա», որ այս հանդիպման թեման ևս Ղարաբաղ գնացող իրանական բեռնատարներն են։
Հենց իրանցի դիվանագետն իր թվիթերյան միկրոբլոգում հանդիպման մասին գրել է․
«Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպելու հնարավորություն ստացա։ Մեր ջերմ քննարկումների ընթացքում մենք անդրադարձանք ներկա իրավիճակին, մեր լավ հարաբերությունների ապագային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին»։
Հիշեցնենք՝ դեռևս սեպտեմբերի 12-ին լուրեր տարածվեցին, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ուժայինները ստուգում են իրանական բեռնատարների փաստաթղթերը։ Ըստ հայկական մամուլի՝ ադրբեջանցիները իրանցի վարորդներից 130 դոլար գումար էին պահանջում՝ Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանական մամուլը գրում էր, որ իրանական բեռնատարերը անարգել մտնում են Լեռնային Ղարաբաղ՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը ուղիղ կապելով նախօրեին Բաքվի կողմից տարածված հայտարարության հետ։ Օտարերկրյա բեռնատարների՝ ԼՂ տարած մտնելու կապակցությամբ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին բողոք էր հղել Ռուսաստանի ՊՆ-ին, իսկ ավելի վաղ՝ նաև Իրանին։
Արդեն երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանով անցնող հատվածում ձերբակալվեցին իրանցի երկու վարորդներ, ովքեր, ըստ Para TV-ի աղբյուրների, ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։