Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն ու կանայք Երևանի վարչական շրջանների սոցիալական աշխատողների հետ միասին հավասարապես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ:
Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» կազմակերպության հետ նշված խմբերի համար կազմակերպվել էր հատուկ սեմինար: Ծրագրում ընդգրկված շուրջ 60 մասնակիցներից դասընթացները հաջողությամբ ավարտել են 13-ը։
Հավաստագրեր հանձնելուց քաղաքապետ Հայկ Մարությանը ասել է․ «Շնորհակալ եմ, որ կարողացել եք ուժ գտնել ձեր մեջ և որոշել եք օգնել նույն ցավն ապրած ընտանիքներին: Մենք բոլորս մեծ պարտք ունենք ձեր առջև և այդ պարտքը ոչ թե հայրենասիրական վեհ խոսքեր ասելով՝ այլ այդպես ապրելով ու գործելով պետք է մեր ողջ կյանքի ընթացքում մարենք: Դա, իհարկե, ամենաքիչն է, ինչ կարող ենք անել ձեզ համար: Վստահ եղեք, որ ձեր օգնությունը շատ մեծ է լինելու այդ դժոխքի միջով անցած ընտանիքներին»:
Փորձնական այս ծրագիրն իրականացվել է երեք փուլով: Նախ՝ համայնքի նախաձեռնությանը միացած զոհված զինծառայողների հարազատները մասնակցել են Ռեքավերի քոլեջի հոգեբանական աջակցության հավասար խորհրդատուի տեսագործնական վերապատրաստման դասընթացներին։
Ծրագրի 2-րդ փուլում թիրախային խմբի հետ միասին արդեն մեկնարկել են դասընթացներ՝ վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների համար:
Արդեն 3-րդ փուլում փաստացի գործունեությամբ պատերազմից տուժած ընտանիքներին հոգեբանական աջակցություն կտրամադրեն:
«Մտածեցինք և հասկացանք, որ միգուցե այն մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն հենց իրենք կարող են մեզ օգնել այդ գործում: Եվ այդ մտահաղացումը եղավ, որ հավասարապես խորհրդատուներ լինեն: Իրենք շատ ուժեղ են, մենք հասել ենք այն վիճակին, որ ոչ ոքի չէին ցանկանում լսել, փակվել էին, բայց հիմա իրենք են ուզում լսել, ուզում են օգնել, իրենք են գաղափարներ տալիս մեզ ու, ամենակարևորը, վստահեցին համայնքին: Մենք այդ վստահությունը չպետք է կորցնենք», – քաղաքապետարանի հաղորդագրության փոխանցմամբ ասել է Լուսինե Հովհաննիսյանը՝ երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետը։