Հյուրասենյակում են Միքայելի քրերը, ծնողները, այրին ու մանկահասակ երեխաները։ Ավագ որդին՝ 5-ամյա Վահրամը, հեռախոսով է զբաղված։ Դրանից օգտվելով՝ այնպես, որ երեխան չլսի, տատիկն ու պապիկը ցածրաձայն խոսում են ընտանիքի կանգ առած կյանքի մասին։
Պատմում են՝ ինչպես էր որդին թաքուն պահել պատերազմ գնալու որոշումը, հիշում նրա հետ ունեցած վերջին հեռախոսազրույցները (կապն ընդհատվեց Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 29-ին) ու խոսում թոռան՝ հոր մասին հարցերից խուսափելու ամենօրյա անհրաժեշտությունից։
Կես տարի ընտանիքը չգիտեր՝ գերի՞ է ընկել Միքայելը, թե՞ զոհվել է։ Պետական կառույցները լռում էին, խոստովանում, որ տեղեկություն չունեն։
Մահվան մասին իմացել են մարտին:
Զոհված Միքայել Միքայելյանի 29-ամյակը լրացավ հունիսի 29-ին։ Նրա մեկ տարով փոքր կինը ամուսնու մահից հետո որոշեց երկու անչափահաս երեխաների հետ տեղափոխվել հայրական տուն․ այստեղ ամեն ինչ Միքայելին է հիշեցնում, «էլ հնարավոր չի»։ Այժմ ապրում է ծնողների ու եղբոր հետ, հաճախակի այցելում զոհված ամուսնու ծնողներին, սակայն կցանկանար սեփական անկյունն ունենալ։ Դա հեշտ բան չէ․ երեխաների խնամքով զբաղվելն առայժմ աշխատանքի հետ համատեղելն անհնար է, իսկ հիփոթեքային վարկի համար պետք է գրանցված աշխատող լինել։ «Ամուսինս շատ բան էր անում երեխաների համար, ամեն ինչ իր վրա էր, հիմա էլ՝ իմ։ Ո՞նց ա լինելու, չգիտեմ»։
Օրեցոր ավելի է բարդանում նաև փոքր Վահրամի՝ հայրիկի մասին հարցուփորձից խուսափելը․ լսելով պատերազմից վերադարձածների մասին կամ ռազմական համազգեստով որևէ մեկին տեսնելիս, խնդրում է զանգահարել հորը և ասել, որ տուն գա։ «Ես ինձ չեմ կարողանում համոզել, որ տղաս չկա, էս էրեխուն ո՞նց համոզեմ», – ասում է Միքայելի մայրը։ Եթե առաջ խաղալիք ավտոներ էր սիրում, հիմա գերադասում է միայն ռազմական թեմաներով խաղալիքներ․ «Ասում է՝ պիտի գնամ բանակ, պապայիս փրկեմ»։
Հայրը՝ Վահրամ Միքայելյանը, զրույցի ամբողջ ընթացքում, հնարավորինս ցածր ձայնով, կիսվում է թոռան հոգեկան վիճակին վնասելու վախով․ ինչպե՞ս երեխային փրկել սթրեսից, որը նա, ըստ ամենայնի, արդեն տանում է։ «Ամբողջ կյանքը ման ա գալու»։
Քաղաքական ներկայիս վիճակին, մասնավորապես, ղարաբաղյան խնդրին այժմ չեն հետևում․ հետևելուց էլ՝ կենտրոնանալ չի լինում, հետաքրքիր չէ։ Կարծում են, որ կռվի դաշտում տիրող իրավիճակի մասին եզրահանգումներ կարելի էր շուտ անել, որպեսզի 44 օր չձգվի այն, ինչի հանգուցալուծումը հնարավոր էր շատ ավելի շուտ կանխագուշակել․
– Քանի հոգու կյանք կփրկվեր․․․
– Որ պիտի տայիք [հողերը]՝ գլխից տայիք․․․
– Բոլորս էլ հայրենասեր ենք, բայց այսպես չի կարելի․․․