Կառավարությունը խոստանում է հնարավորությունների սահմաններում ձգտել խաղաղության, բանակցել, ապաշրջափակվել, հետախուզել, նաև՝ ճանապարհներ կառուցել, բարձրացնել ՀՆԱ-ն, թոշակները, աշխատավարձները և ծնելիությունը։ Սահմանադրության պահանջով՝ կառավարությունն իր ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի իր գործունեության 5-ամյա ծրագիրը։ Գործադիրի այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները։
Անվտանգություն և արտաքին քաղաքականություն
― Բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը:
― Առաջիկայում Հայաստանի սահմանապահ զորքերը ավելի շատ տեղամասեր կընդունեն զինուժերից: Սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն։
― Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն։
― Հայաստանը պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ «աշխատելով բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ»:
― Մեր ծրագրում որպես անվտանգության ապահովման կարևորագույն գործոն ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը»։
― Տարածաշրջանային խաղաղության և կայունության համար էական է թշնամության մթնոլորտի կառավարումն ու հաղթահարումը։
― Մենք ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման գործում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման իմաստով:
Տնտեսություն
Մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝
― ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը հասցնել 7%֊ի, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում 9%-ի։
― Ֆորմալ հատվածի՝ ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25%-ի
― Ապահովել գործազրկության 10%-ից ցածր մակարդակ։
Բացի այդ կառավարություն հանձն է առնում՝
― նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին,
― նվազագույնը աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ
― վերացնել ծայրահեղ աղքատություն
Բարձր աշխատավարձային սեգմենտի աշխատատեղերը խթանելու նպատակով կառավարությունը նախատեսում է՝
― Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը ունենալ շուրջ 35 000 զբաղվածներ
― Ոլորտ շրջանառությունը հասցնել 500 միլիարդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-ից 7%-ը (2020 թվականի տվյալներով՝ այս ցուցանիշը 4% է)
― Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում կստեղծվի ԲՏ ոլորտի շուրջ 16 000 աշխատատեղ
― Առաջիկա 5 տարիների ընթացքում կառավարությունը պատրաստվում է Հայաստանում կառուցել և/կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց։
― Նպատակ ունենք նաև նույն ժամանակահատվածում երկրի բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Այս առումով կարևոր է նաև մասնագետների վերապատրաստումը։
― Կառավարությունը պատրաստվում է նաև բոլոր ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխայի համար մինչև վեց տարեկանը հատկացնել ամսական 50 հազար դրամ։
―Առողջապահության համակարգի առումով՝ մենք պիտի քաղաքական կամք դրսևորենք և Հայաստանում ներդնենք առողջապահական ապահովագրության ծրագիրը։ Ծրագրի բովանդակության հարցում մենք արդեն կողմնորոշվել ենք։
Ենթակառուցվածքների զարգացում
― Կառավարությունը «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ընկերության հետ եկել է համաձայնության, ըստ որի՝ մինչև 2024 թվականը Հայաստանում երկաթուղիների ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ և կունենանք «բոլորովին այլ որակի երկաթուղի»։
― Օդային տրանսպորտի ոլորտում՝ Հայաստանում հիմնադրվում է 2 տեղական ավիաընկերություն՝ նաև օտարերկրյա ներդրմամբ։ Սա ոչ թե վատացում, այլ լավացնում է [ընկերությունների] գնահատականը։
― Կառավարությունը պատրաստում է պահպանել ճանապարհաշինության՝ տարեկան 500 կմ նշաձողը։
― Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում առաջիկայում կսկսվի Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց հատվածի շինարարությունը։ Այժմ ընթանում է Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությունը, ուշադրության կենտրոնում է լինելու Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը։
― Այս ծրագրերը հնարավորություն ունենք իրականացնել Եվրամիության հետ համատեղ։ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին հատկացնել 2.6 միլիարդ եվրոյի փաթեթ, և մենք որոշակիացրել ենք այն ծրագրերը, որտեղ պիտի ակնկալենք ԵՄ գործընկերների և ԵՄ ներգրավվածությունը։
― Այստեղ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի մարզում ենթակառուցվածքների և Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման ծրագիրը։
― Հույս ունենք, որ հնարավորություն կունենանք այդ միջոցներից ուղղել նաև կրթության ոլորտի բարեփոխումներին, Երևանում տրանսպորտային կառավարման արդյունավետության և ավելի էկոլոգիական համակարգերի ներդրմանը, ինչպես նաև ջրամբարաշինության ոլորտին։
― Մենք պլանավորում ենք Հայաստանում առաջիկա 5 տարիներին նախագծել և/կամ սկսել 15 ջրամբարների շինարարությունը, որը ռազմավարական ուղղություն է, եթե հաշվի առնենք նաև կլիմայի փոփոխությունները, որ տեղի են ունենում աշխարհում և մեր տարածաշրջանում։
― Մենք այս տարի էլ անընդհատ բախվում ենք ջրային խնդիրների հետ։ Ընթացիկ ռեժիմով փորձում ենք այդ հարցերին կառավարում տալ, բայց ջրի խնդրի ռազմավարական լուծումը ջրի խնայողությունն ու օգտագործման արդյունավետությունն են։ Առաջինը՝ կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի մասով, երկրորդը՝ խմելու ջրի օգտագործման ռեժիմները և «կուլտուրան» փոխելու մասով։
Սահմանադրական և իրավական բարեփոխումներ
― Մենք ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել ենք որպես «բաց քննարկման հնարավորություն»
― Շատ է խոսվում այն մասին՝ արդյոք պետք է փոխենք երկրում կառավարման համակարգ, թե կառավարման համակարգի որոշակի բարեփոխումների ճանապարհով գնանք: Մենք ծրագրում որևէ կանխավարկած չենք դրել: Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական-հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ:
― Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ: Բայց իշխող ուժի դիրքորոշումը միակ գործոնը չպիտի լինի, որը ազդի այս որոշման վրա։
― Երբ ըստ էության, երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգ, այդ իրավիճակը կարգավորելու, կարգաբերելու համար ավելի քան մեկ ամիս պահանջվեց, իսկ այդ ընթացքում, թե ինչ տեղի ունեցավ և ինչ տեղի չունեցավ և որը հետագայում ինչպես ազդեց մեր երկրի անվտանգային համակարգի միջավայրի վրա, ցավոք, մենք տեսանք արդեն մայիս ամսվա ընթացքում: Այդ իրավիճակը ռազմական դրության պայմաններում արագ կարգաբերելու հնարավորությունների բացակայությունն այն ակնհայտ պրոբլեմն է, որ կա մեր Սահմանադրական կարգավորումներում:
― Բայց, արդյոք, սա նշանակո՞ւմ է, որ մենք, ընդհանուր առմամբ, պիտի գնանք կառավարման համակարգի փոփոխության, թե չի նշանակում դա, այդ հարցի պատասխանը մեզ պետք է գտնել ավելի մանրամասն քննարկումների միջոցով և քննարկումների տիրույթում: Եվ պետք է ասել, որ այստեղ մենք պետք է պատրաստ լինենք, որ հանրային կոնսեսուս չի ձևավորվելու և լինելու են ամենատարբեր կարծիքներ: Եվ մենք պետք է կարողանանք գնալ ամենառացիոնալ լուծումների:
― Մենք խնդիր ունենք նաև, շատ կարևոր հանձնառություն ունենք Հայաստանում ինստիտուցիոնալ անառարկելի արդարություն և արդարադատություն հաստատելու առումով:
― Ընդ որում՝ շատ հարցեր լուծելու համար բավականին արդյունավետ գործիք կարող է լինել Սահմանադրական փոփոխությունները, բայց չեմ կարծում, թե մենք պիտի սպասենք որևէ օր, որևէ ժամ դատաիրավական համակարգի բարեփոխումներին, և հետևաբար, դա մեր անելիքն է այսօր՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ և՛ երկարաժամկետ:
― Մեր կարևոր նպատակադրումն հետևյալն է, որ ի վերջո Հայաստանում ձևավորվի դատական վճիռների և որոշումների նկատմամբ հանրային վստահություն, որովհետև, ցավոք, մենք այդտեղ խնդիր ունենք:
― Կառավարության ծրագրում մենք շատ կարևոր հատված ունենք, որը վերնագրված է՝ «Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում»: Մենք դեռևս 2020 թվականի մեկնարկին ազդարարեցինք ռազմավարական կառավարման անցնելու անհրաժեշտությունը:
Դրա էությունն այն է, որ մեր բոլոր որոշումները պետք է բխեն մեր ռազմավարական փաստաթղթերից և ծառայեն այդ փաստաթղթերում արձանագրված նպատադրումներին: Հետևաբար, մեր խնդիրն է՝ յուրաքանչյուր որոշում, որ կայացվում է այս դահլիճում, կայացված որոշումներն ունենան տեսանելի և բացատրելի կապ մեր ընդունած ռազմավարությունների, պարտավորությունների, խոստումների և միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատադրումների հետ:
Ղարաբաղ
― Մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և կառավարումը:
― Գիտեք, որ մենք վերջին ամիսներին, համաձայն նոյեմբերի 18-ին մեր հրապարակած ճանապարհային քարտեզի՝ այնտեղ կար երկու կետ, որն ուղղակիորեն առնչվում էր Լեռնային Ղարաբաղին: Առաջինը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելը և Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը վերականգնելը՝ այն իմաստով, ինչ իմաստով հնարավոր և իրագործելի է ներկա պայմաններում:
― Երկրորդ հարցում մենք բավականին ակտիվ գործունեություն ենք ծավալել: Այս ընթացքում Արցախում շուրջ 70 միլարդ դրամի ծրագրեր են արդեն իսկ իրականացվել, և շարունակվում են այդ ծրագրերի իրականացումը: Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք առաջ շարժվել:
― Հաշվի առնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները, որոնք նրանք արտահայտել են նոյեմբերի 9-ին հաջորդած մի քանի հայտարարությունների մեջ, հստակ արձանագրվում է, որ մենք շարժվում ենք դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում: Հայաստանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ մենք ողջունում ենք այդ մտադրությունն ու առաջարկությունն ու պատրաստ ենք բարձր և բարձրագույն մակարդակով ներգրավվել բանակցային գործընթացում:
― Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգով աշխատող եռակողմ աշխատանքային խումբն արդեն իսկ վերականգնել է իր գործունեությունը՝ համաձայն հունվարի 11-ի Մոսկվայում ընդունված հայտարարության: Մենք շարունակելու ենք աշխատանքներն այդ ուղղությամբ:
― Կրկին ուզում եմ ընդգծել նախկինում մեր արտահայտած դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ: Այստեղ էլ մենք մեր պատրաստակամությունը մի քանի անգամ արտահայտել ենք և հույս ունենք, որ այս բոլոր ուղղություններով կկարողանանք առաջ շարժվել:
― Հայաստանի Հանրապետությունը բոլոր ջանքերը գործադրում է և կշարունակի գործադրել, որպեսզի նախատեսված լուծումներն այն ինչ, որ մենք նախկինում արտահայտել ենք, այդ ուղղություններով արդյունավետ կարողանանք առաջ շարժվել: