Ֆիզուլիի միջազգային աէրոպորտում վայրէջք են կատարել առաջին ինքնաթիռները։ Ինչպես որ Ադրբեջանի իշխանությունը հայտարարել էր, սեպտեմբերին աէրոպորտը բացվեց։ 2022ին նախատեսվում է Զանգելանի և Լաչինի միջազգային աէրոպորտների բացումը։ Պետք է հիշել, թե ինչ եղավ, երբ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում կառուցեց փոքրիկ սպորտային աէրոպորտը և խոստացավ առաջին թռիչքն ինքը կատարել։ Ավաղ, անավարտ թռիչք… Մինսկի խմբի համանախագահող երկրները շատ արագ հասկացրին Սարգսյանին իջնել երազանքների ինքնաթիռի թևերից և վերադառնալ բանակցությունների սեղան։ Օդանավակայանի առաջին ուղևորը դարձավ ոչ թե Սարգսյանը, այլ ռուս խաղաղապահ զինվորները։ Հայկական քաղաքական միտքը բավարարվեց կաններում, փարիզներում չգործարկված օդանավակայանի մասին սրտաճմլիկ տեսարանների ցուցադրությամբ, որից մի քանի սփյուռքահայ կարողացան կարիերայի առաջընթաց արձանագրել սիվիներում։ Մինչդեռ այսօր Ադրբեջանը մի քանի ամսում կառուցեց նոր օդանավակայան, և ոչ ոք նրան չի դատապարտում դրա համար, քանի որ նա իր տարածքում զարգացնում է տրանսպորտը։
Պատերազմի նախաշեմին բուրժուա֊լուսավորական մի նախագծի շրջանակներում ելույթ էր ունենում Ղարաբաղի հարցով տեղական ագիտպրոպագանդայի երևելի կատարածուներից մեկը։ Նա վկայակոչում էր ինչ֊ինչ սոցիոլոգիական հարցումներ` կատարված հհկ-ական կանտորայի կողմից, որ Հայաստանի բնակչությունը չի ուզում հանձնել Ղարաբաղը։ Բոլոր նախադրյալները կան այն պահելու, պետք է սպասել այնքան մինչև Ադրբեջանը կվերանա երկրագնդի երեսից, և Ղարաբաղի հարցը կփակվի։ Սա 2019 թվականն էր։ Ես հարց տվեցի կարկառունին` ինչո՞ւ այդ դեպքում ղարաբաղյան ստատուս քվոյի պաշտպանության թևը, պատերազմի կուսակիցներ Քոչարյանն ու Սարգսյանը 20 տարվա մեջ չեն ընտրվել Հայաստանի հասարակության կողմից, այլ բռնազավթել են իշխանությունը։ Նա չկարողացավ պատասխանել։ Օգնության հասավ մի ուրիշ նշանավոր անթրոփոլոլոլոգ, որ բուրժուա֊ազգայնական առաջադեմ թևից էր և բղավեց` «Բայց դա ի՞նչ կապ ունի»։ Բոլորը ուրախ շունչ քաշեցին, խոսակցությունը փակվեց։
2021 թվականի ընտրություններում ղարաբաղյան կլանը ոչ միայն պարտվեց Հայաստանում, այլև իշխանությունը մնաց պարտված Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Այս հանգամանքը շոկի էր ենթարկել ոչ միայն քրեական կլանի ներկայացուցիչներին, այլև տարիներ շարունակ նրանց սպասարկած մտավորական բանդաներին։ Ինչ֊որ իմաստով հենց իրենք դարձան իրենց պրոպագանդայի զոհը, իրենց արտադրած կեղծիքի զոհը. գուցե իսկապես էլ դժվար էր պատկերացնել, որ տասնամյակների լվացքը, որ կախել են մարդկանց ականջներից աղքատության, թշվառության, վախի ու ատելության հսկայական դոզաներով, մինչև վերջ չէր դարձել նրանց գիտակցությունը։ 2021 թվականի ընտրությունները լավ ապտակ էին այս առումով։ Ընտրությունը մեծ չէր, եթե չասենք, որ այն չկար։ Պատերազմի հանցագործին չեն ընտրում։ Մեր ընտրությունը պատերազմի հանցագործների մեջ էր` հաղթածների և պարտվածների։ Ուրիշ ընտրություն չկար։ Այս դեպքում պարտվածին ընտրելը բարոյական որոշում է։
Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային հարցը գոյություն ունի բուրժուական կապիտալի համար և միա՛յն։ Սա դասագրքային ճշմարտություն է ամբողջ աշխարհում ազգային պետության և ազգայնականության հիմքը բուրժուական կապիտալիզմն է։ Հայաստանի հասարակության մեծ մասը, որ չունի կապիտալ և տառապում է աղքատությունից, չի կիսում ազգային հարցի բուրժուական ընկալումները, որ արտացոլված են դասագրքերում, հայլուրներում, Կաննի փառատոններում։ Լեռնային Ղարաբաղի հարցի մասին հայկական քաղաքական էլիտաների ամպագոռգոռ հայտարարությունները, մտավորականության ելույթներն ու գրքերը, փաբերում գինիլից երգերը նեղ սոցիալ֊քաղաքական խմբերի, որոնք ունեն փող, մասին են և նրանց կենսապահովմանն են ուղղված։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցուցադրաբար իրենց որդիներին պատերազմ էին ուղարկել և երկուսին էլ ողջ֊առողջ հետ ստացան, չորս հազար մեռած երեխաների, անհետ կորածների, գերի ու վիրավոր դարձածների ծնողները, ընկերները, բարեկամները մերժեցին «Աղդամում երկրաշարժ անողներին»։ Ո՞ւմ անունից են ուրեմն շարունակվում ռևանշիստական հայտարարությունները, ո՞ւմ անունից և ո՞ւմ համար են Հայաստանի պաշտոնական ամբիոններից հնչող տեքստերը, որ վերջ չեն դնում պատերազմի քաղաքականությանը։
Հայկական պաշտոնական շրջանակները, խայտառակ պատերազմի մեջ ներքաշելով երկիրը, հիմա խոսում են խաղաղության մասին։ Մի տարի առաջ խոստանալով հայ երեխաների մորթը օրորոցներում, Վիեննայի պատերի տակ թուրքական արշավանքներ` կոչ էին անում զենք կապել, կռվի գնալ։ Հիմա խոսում են տարածաշրջանում խաղաղության մասին։ Նրանց լեզուն խաղաղության մասին չէ։ Նույն լեզվով նրանց հաջորդած իշխանությունները տարիներ շարունակ խոսում էին, թե իրենք պատրաստ են փոխզիջումների, Ադրբեջանը չի ուզում։ Իսկ ինչո՞ւ չփոխզիջեցիք մի թիզ թեկուզ օրինակի համար։ Հիմա նույնն է` եթե Հայաստանը պատրաստ է խաղաղության, Ադրբեջանը` ոչ, թող մի քայլ անի։ Ղարաբաղի հայերը վերադառնում են հետ, Ստեփանակերտը չգրավվեց, Ալիևը նրանց հայտարարում է Ադրբեջանի քաղաքացիներ։ Թող Փաշինյանը քաղաքացիություն տա Հայաստանից գնացած ադրբեջանցիներին։ Որպես խաղաղասեր` գործնական քայլեր անի, ներողություն խնդրի պատերազմի հետևանքների համար և այլն, և այլն։ Խաղաղության իրական ցանկությունը այսպես պետք է դրսևորել, ոչ թե Մոսկվա վազելով, մեծ ախպոր փեշերին լացելով ու բողոքելով։
Հայաստանի դիվանագիտական ղեկավարը պահանջում է Մինսկի խմբի առաջարկների շրջանակում լուծել Ղարաբաղի հարցը։ Ո՞ր շրջանակում, շրջանակ, որն արդեն գոյություն չունի։ Մինսկյան գնացքը վաղուց հեռացել է։ Համանախագահողները հիմա ընդամենը փորձում են նախատեսվող ճանապարհային նոր քարտեզների վրա ունենալ իրենց վերահսկողության փայաբաժինները։ Այն ֆորմատը, որ առաջարկվում էր 30 տարի, այլևս գոյություն չունի մի պարզ բանի պատճառով` Հայաստանը կորցրել է Ադրբեջանի տարածքների նկատմամբ վերահսկողությունը և այն կամովին հանձնելու հնարավորությունը։ Ավելին տվել է դրա համար հազարավոր զոհեր։ Հիմա ի՞նչ կա քամելու, պոկելու, ո՞վ կա սպանելու, էլ ո՞վ մնաց, որ գլուխը պիտի ուտվի։
Իհարկե, Հայաստանի դիվանագետները շատ լավ են հասկանում, որ սկզբունքները, որ հիմա պահանջում են, ոչ ոք չի առաջարկելու։ Սա արվում է ժամանակ խլելու համար։ Ն. Փաշինյանը չի ուզում իր վրա վերցնել պատասխանատու որոշումները, այլ ուզում է իշխանությունը որպես չեմոդան։ Նա հասկանում է, որ խաղաղության պայմանագիրը վաղ թե ուշ պետք է ստորագրվի, բայց ուզում է դա թողնել հաջորդ սերունդներին, ինչպես իրենից առաջ Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնման պայմանագիրն էին թողնում ուրիշներին` իրենց պահելով իշխանությունը։ Սա անմտություն է ու խորացնելու է Հայաստանի իզոլյացիան։ Կա վտանգ, որ տարածաշրջանային բոլոր ուժերի հետ համագործակցության չգնալու դեպքում կկառուցվեն Հայաստանը շրջանցող ճանապարհներ, օդանավակայաններ, և այդժամ կարելի է մի վերջին տրագիկ կինո ցուցադրել Կաննում ու վերջ։
P. S. Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունը նույն քաղաքականությունը չգործադրեց, ինչ առաջին պատերազմից հետո Հայաստանի քաղաքական էլիտաներն արեցին։ Ստեփանակերտը չգրավվեց, թեկուզ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց Ղարաբաղի հայ բնակչության մի մասը վերադարձել է հետ։ Ալիևը նրանց հայտարարում է Ադրբեջանի մոլորված քաղաքացիներ։ Նա հիմար չէ, բայց ագահ է ու կապիտալիստ։ Նա և իր մերձավոր շրջապատը յուրացրել են Ադրբեջանում կապիտալի բոլոր միջոցները։ Ադրբեջանական հասարակությունը գերի է այս ընտանիքի քաղաքականությանը։ Բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, շատերը երկիրը լքել են, ապրում են արտասահմանում։ Իհարկե, նման հասարակության մեջ ինտեգրվելու հեռանկարը լավագույնը չէ։ Բայց չափազանցված են նաև հայկական դեմոկրատիայի մասին միֆերը։ Հայաստանի իշխանությունները նույնպես ունեզրկել են հայաստանցի քաղաքացիներին, արտագաղթեցրել։ Ցավոք, ժամանակակից ազգային֊պետություններում կապիտալի քաղաքականությունները ինտեգրման հնարավորություններից զրկում, փոքրամասնություններ են ստեղծում առանց բացառության ամեն տեղ։
Հայ և ադրբեջանցի հասարակությունները, իշխանություններին ալտերնատիվ քաղաքական ուժերը պետք է դուրս գան ազգային փուչիկից, կարողանան հարցադրել վերևից տարվող քաղաքականությունները և ոչ թե ջուր լցնեն դրանց ջրաղացին։ Անհրաժեշտ է օգնել հասարակություններին հաղթահարել թշնամանքի ու ատելության մթնոլորտը, գնալ հաշտության ու խաղաղ գոյակցության, չթողնել այդ նախաձեռնությունը իշխանություններին։
Գայանե Այվազյան
աղբյուրը՝ ֆեյսբուք